ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԽՍՏՈՒԹԻՒՆԸ
1․ Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատութիւն եւ մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթէ նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով:
2․ Եթէ նրանց մէջ չկայ Տիրոջ երկիւղը, դու նրանց կեանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր եւ մի՛ ապաւինիր նրանց շատութեանը:
3․ Լաւ է մէկը, քան հազարը, եւ լաւ է մեռնել անզաւակ,
4․ քան ունենալ ամբարիշտ որդիներ:
5․ Արդարեւ, միայն մէկ իմաստուն է կառուցում քաղաքը, բայց այն կործանւում է անօրէնների ցեղից:
6․ Բազում այսպիսի բաներ տեսայ իմ աչքերով, եւ սրանից էլ առաւել զօրաւոր բաներ լսեց իմ ականջը:
7․ Մեղաւորների հաւաքոյթներին կրակ կը բորբոքուի, եւ Տիրոջ բարկութիւնը կը թափուի անհնազանդ ազգի վրայ:
8․ Տէրը քաւութիւն չտուեց հին հսկաներին, ովքեր, իրենց զօրութեան վրայ վստահ, ապստամբեցին:
9․ Չխնայեց նաեւ Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզուեց նրանց ամբաստանութեան պատճառով:
10․ Չգթաց իրենց մեղքերի համար կորստեան դատապարտուած ազգին:
11․ Այսպէս վարուեց նաեւ վեց հարիւր հազար հետեւակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտութեամբ:
Թէկուզ եւ նրանցից մէկն իսկ խստապարանոց լինէր, զարմանալի կը լինէր, եթէ չդատապարտուէր.
12․ քանզի թէ՛ ողորմութիւնը, թէ՛ բարկութիւնը նրանն է:
13․ Նա հզօր է ինչպէս իր ներման, այնպէս էլ իր բարկութիւնը թափելու մէջ. որքան մեծ է նրա ողորմութիւնը, այնքան էլ մեծ է նրա յանդիմանութիւնը:
14․ Մարդը դատւում է ըստ իր գործերի. մեղաւորն իր յափշտակութեան համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կը գտնի իր համբերութեան համար:
15․ Ամէն ողորմածութեան համար Տէրը տեղ կ՚անի. իւրաքանչիւր ոք հատուցում կը գտնի ըստ իր գործերի:
16․ Մի՛ ասա, թէ՝ «Կը թաքնուեմ Տիրոջից», եւ՝ «Ո՞վ կը յիշի ինձ»:
17․ «Բազում ժողովրդի մէջ չեմ նկատուի, որովհետեւ իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մէջ»:
18․ Ահաւասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելութիւնից,
19․ նոյնպէս լեռներն ու երկրի հիմքերը ցնցւում նրա հայեացքից:
20․ Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին:
21․ Ո՞վ կը մտածի նրա ճանապարհների եւ այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել:
22․ Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարութեան գործերը ո՞վ կը յայտնի, կամ ո՞վ համբերութեամբ կը սպասի, որովհետեւ կ՚ասի, թէ՝ «Ուխտը հեռու է»:
23․ Ով պակասամիտ է, այսպէս կը խորհի, եւ անզգամ ու մոլորուած մարդը յիմարութիւններ կը մտածի:
ՏԻՐՈՋ ՍԱՀՄԱՆԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ
24․ Որդեա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտութիւնը եւ իմ խօսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով:
25․ Ես քեզ ցոյց կը տամ կշռադատուած գիտութիւնը եւ ճշմարտութեամբ կը յայտնեմ իմացութիւնը:
26․ Տիրոջ գործերը սկզբից եւեթ ճշմարտութեամբ էին, եւ նա արարչագործութիւնից իսկ զատեց նրանց մասերը:
27․ Յաւիտեան կարգաւորեց իր գործերը եւ կարգեր սահմանեց նրանց տեսակների մէջ:
28․ Դրանք ո՛չ քաղց ունեն եւ ոչ էլ յոգնութիւն, չեն դադարում իրենց գործերից, եւ դրանցից իւրաքանչիւրը նեղութիւն չի տալիս իր մերձաւորին:
29․ Դրանք յաւիտեան չեն հակառակուի Տիրոջ խօսքերին:
30․ Այնուհետեւ Տէրը նայեց երկրին եւ այն լցրեց նրա բարիքներով:
31․ Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, եւ բոլորը դարձեալ վերադառնալու են երկիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: