Ա. Լոպուխին
10-16. Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ: Քետացի Եփրոնը, ի լուր Քետի որդիների և բոլոր նրանց, ովքեր մտնում էին քաղաքի դարպասով, պատասխանելով Աբրահամին, ասաց. [10] «Ո՛չ, տե՛ր, ինձ լսի՛ր: Ես քեզ եմ տալիս ագարակն էլ, այնտեղի քարայրն էլ: Քեզ եմ տալիս իմ ժողովրդի որդիների ներկայությամբ: Թաղի՛ր քո հանգուցյալին»: Աբրահամը խոնարհվեց այդ երկրի ժողովրդի առաջ: Եվ ի լուր ժողովրդի՝ խոսեց Եփրոնի հետ ու ասաց. «Բայց լսի՛ր ինձ, ես քեզ պիտի տամ ագարակի փոխարժեքը: Վերցրո՛ւ այն ինձնից, որ ես այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»: Եփրոնն Աբրահամին պատասխանեց՝ ասելով. «Տե՛ր իմ, ինձ լսի՛ր, հողը [ընդամենը] չորս հարյուր սիկղ արծաթ արժե: Դա ի՞նչ է ինձ ու քեզ համար: Դու թաղի՛ր քո հանգուցյալին»: Աբրահամը լսեց Եփրոնին, կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես վերջինս բարձրաձայնել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթը՝ համաձայն վաճառականների շրջանում ընդունված գնի: (Սինոդական թարգ․)
Այս համարներում նկարագրված սուրբգրային ողջ պատկերը լի է գեղարվեստական ճշմարտությամբ: Հիմա էլ Արևելքում անապատի որդիները ապրանքափոխանակումը կամ վաճառքի տարատեսակ գործարքներն ազատ իրականացնում են առանց որևէ թղթերի և պայմանների՝ պարզապես վկաների ներկայությամբ տրված ազնիվ խոսքի հիման վրա: Ահա թե ինչու Աբրահամի և քետացիների միջև կայացած համաձայնությունը՝ Մաքփելայի քարայրի գնման հետ կապված, որևէ մեկի կողմից չխախտվեց, նույնիսկ եգիպտական երկհարյուրամյա գերության ընթացքում Պաղեստինից հրեաների տևական բացակայության պարագայում:
«Չորս հարյուր սիկղ արծաթը՝ համաձայն վաճառականների մոտ ընդունված գնի»… Հնագետների մեծամասնության կարծիքով հրեաները սկսել են դրամ հատել բաբելոնյան գերությունից հետո միայն, սակայն, անկասկած, առևտուրն իրականացվել է մեծ ծավալներով և ոչ միայն ապրանքափոխանակման, այլև առք ու վաճառքի տեսքով: Այդ ժամանակ որպես դրամի միավոր էին ծառայում հայտնի կշիռ ունեցող ոսկյա կամ արծաթյա թիթեղիկները կամ օղակները, որոնցով էլ կատարվում էր վճարումը: Անկասկած, նմանատիպ դրամներ էին նաև այն չորս հարյուր սիկղը, որոնցով Աբրահամը կատարեց իր առևտուրը: Եթե ենթադրենք, որ սիկղի փոխարժեքը մշտապես կայուն է եղել, ապա սա նշանակում է, որ Աբրահամը վճարել է մոտ երեք հարյուր ռուբլի (որը համարժեք է 6 կգ արծաթի – ծանոթ.՝ խմբ.):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում: Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով,
(Արարատ թարգ․) Եվ Եփրոնը նստած էր Քետի որդիների մեջ: Եվ քետացի Եփրոնը, ի լուր Քետի որդիների և այն բոլոր մարդկանց, որ մտնում էին քաղաքի դռներով, պատասխանեց Աբրահամին ու ասաց.
(Գրաբար) Եւ Եփրոն նստէր ի մէջ որդւոցն Քետայ։ Պատասխանի՛ ետ Եփրոն Քետացի Աբրաամու՝ և ասէ. Լո՛ւ ի լու որդւոցն Քետայ, և ամենեցուն որ մտանէին ընդ դուռն քաղաքի նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: