Ա. Լոպուխին
12-14. Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, աղաչում եմ, հաջողությո՛ւն տուր ինձ և ողորմա՛ իմ տեր Աբրահամին: [12] Ահա ես ջրի աղբյուրի մոտ եմ, և այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու, թող լինի մի կույս, որին ասեմ՝ «Թեքի՛ր սափորդ, որ խմեմ», իսկ նա ինձ պատասխանի՝ «Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև որ հագենան»: Թող նա էլ լինի քո ծառա Իսահակի համար նախասահմանածդ, և դրանով էլ կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ»: (Սինոդական թարգ․)
Եղիազարի կողմից Աստծուն ուղղված կանչը համակված է խորին հնազանդության և հավատքի զգացումով. դրանով ակնհայտորեն նա փորձում էր նմանվել իր տիրոջը: Հատկանշական է հենց նրա Աստծուն դիմելու ձևը, որտեղ Եղիազարը միաժամանակ Նրան և՛ Էլոհիմ, և՛ Յահվե է կոչում՝ դրանով միաժամանակ ապացուցելով այս անունների նույնությունը, իսկ մյուս կողմից՝ վկայում է, որ, ապրելով Աբրահամի տանը, ճիշտ աստվածճանաչողություն էր ստացել: Ըստ ռացիոնալիստների` Եղիազարի այս աղոթքն ավելի ուշ ժամանակաշրջանի երևույթ է: Սրան բավականին զորեղ կերպով հակադրվում է եբրայերեն բնագրում առանց իգական սեռին հատուկ ածանցի օգտագործված «գանաառ» (կույս) բառը, որ վկայում է այս աղոթքի խոր հնության մասին:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նա ասաց. «Իմ տէր Աբրահամի Տէր Աստուած, այսօր ինձ յաջողութիւն պարգեւի՛ր եւ ողորմի՛ր իմ տէր Աբրահամին:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի Աստված, թող այսօր հաջողվի իմ հանդիպումը, և ողորմություն արա իմ տիրոջը՝ Աբրահամին:
(Գրաբար) Տէր Աստուած տեառն իմոյ Աբրաամու՝ յաջողեա՛ առաջի իմ այսօր. և արա՛ ողորմութիւն ընդ տեառն իմում Աբրաամու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: