Ծննդոց գրքի մեկնությունց 28:6

Ա. Լոպուխին

6-9․ Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին և ուղարկեց Միջագետք՝  այնտեղից կին առնելու, և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի դուստրերից կին չառնես», [6] և որ Հակոբն անսաց իր հոր ու մոր խոսքերին և գնաց Միջագետք, Եսավը հասկացավ, որ Քանանի դուստրերը հաճելի չեն իր հոր՝ Իսահակին: Այդ ժամանակ գնաց Իսմայելի մոտ և հավելելով իր կանանց թիվը՝  կին առավ նաև Աբրահամի որդի Իսմայելի դուստր Մայելեթին՝ Նաբեոթի քրոջը: (Սինոդական թարգ․)
   
   Եսավի այս արարքը բխում էր ծնողների առջև իր մեղքը մեղմելու ցանկությունից. «ուստի գնաց Իսմայելի մոտ», ավելի ճիշտ՝ Իսմայելի տուն, քանի որ Իսմայելն այն ժամանակ արդեն մահացած էր (այդ դեպքից ամենաքիչը 14 տարի առաջ, Ծննդ. 25։17): Այդ պատճառով, հավանաբար, նրա դուստրն անվանվում է Իսմայելի անդրանիկ որդու՝ Նաբեոթի քույր (Ծննդ. 25։13): Ծննդ. 36։3–ում այս կինը կոչվում է Բասեմաթ, այլ ոչ թե Մայելեթ, ինչպես այստեղ։ Այս տարանվանությունը (նկատելի երևույթ է նաև Իսմայելի ուրիշ կանանց մոտ, հմմտ.՝  Ծննդ. 26։34 և 36։3) եբրայեցի մեկնաբանները բացատրում են կա՛մ իրապես այս կնոջ երկանվանությամբ, կա՛մ ինչ–որ նշանավոր դեպքի հետ կապված անվանափոխությամբ. երկու տարբերակն էլ ընդունված էր հին հրեաների մոտ։ Եսավի արարքի մասին խոսում է ռաբբի Եղիազարը. «Եթե նա իր նախկին կանանց թողներ, ապա ես կասեի, որ նա ճիշտ վարվեց, բայց քանի որ ասվում է՝ նա, «ի հավելումն իր ունեցած կանանց, կին առավ նաև ... Մայելեթին...», ապա սրանով նա ցույց է տալիս, որ վերքին հաջորդեց վերքը, ցավին՝ ցավը, փշին՝ փուշը» (Beresch. r., S. 326):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Երբ Եսաւը տեսաւ, թէ Իսահակն օրհնեց Յակոբին, եւ սա գնաց Ասորիների Միջագետք, որ այնտեղից կին առնի, ինչպէս հայրը Յակոբին օրհնելիս պատուիրել էր ու ասել, թէ՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես»,
(Արարատ թարգ․) Եվ երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին և նրան ուղարկեց Փադան-արամ (Միջագետք)՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց, որ Քանանի դուստրերից իր համար կին չառնի,
(Գրաբար) Եւ իբրեւ ետես Եսաւ եթէ աւրհնեաց Իսահակ զՅակոբ, եւ գնաց ի Միջագետս Ասորւոց առնուլ իւր անտի կին. եւ յաւրհնելն զնա պատուիրեաց եւ ասէ. Մի առնուցուս կին ի դստերաց աստի Քանանացւոց.