Ծննդոց գրքի մեկնություն 43:29

Ա․ Լոպուխին

29-30. Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և, ու տեսավ իր մոր որդուն՝ Բենիամինին, հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ասել էիք ինձ»։ Եվ ասաց. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։ [29] Հովսեփը շտապ հեռացավ, որովհետև իր եղբոր հանդեպ սերը եռաց, և նա պատրաստ էր լաց լինելու։ Եվ մտավ ներքին սենյակն ու այնտեղ լաց եղավ: (Սինոդական թարգ․)

   
   Հայացք նետելով Բենիամինի վրա՝ Հովսեփը խորին անհանգստությամբ հարցնում է եղբայրներին, թե արդյոք նա է նրանց կրտսեր եղբայրը և, պատասխանին չսպասելով, մաղթում է, որ Աստծո օրհնությունը սիրելի եղբոր վրա լինի։ Նա Բենիամինին քնքշորեն «իմ որդի» է կոչում ոչ միայն ավագության  իրավունքով (Հովսեփը Բենիամինից մեծ էր 15 տարով), այլև որպես իշխանավոր անձ։ Հովսեփը ուժեղ զգացմունքների և հիշողությունների ազդեցությամբ շտապում է թողնել եղբայրներին և միայն միայնության մեջ է կարողանում վերագտնել ինքնատիրապետումը։

   Հովսեփի՝ իր կրտսեր եղբայր Բենիամինին հանդիպելու տեսարանում հատկապես գրավիչ արտահայտվում է նրա բնավորության վեհանձնությունը, հարազատության զգացման քնքշությունը, ընդհանրապես Հովսեփի մարդկային ճշմարիտ արժանապատվությունը, որը չէր խեղաթյուրվել Եգիպտոսում նրա զբաղեցրած բարձր դիրքով։ Իր բարոյական կերպարով, ինչպես նաև Եգիպտոսում անխախտ մնացած կրոնական հավատով, նա իր երեք հարազատ նախնիների նման ճշմարիտ աստվածաշնչյան նահապետ է։ Հոգեկան անհանգստությունը, որ Հովսեփին ստիպում է այժմ թողնել եղբայրներին,  ոչ միայն բնական զգացմունքի դրսևորում է, այլ նաև բարոյական բավարարվածություն և, Բենիամինի նկատմամբ եղբայրների բարեհաճ վերաբերմունքով պայմանավորված, հանգստություն (այս բարեհաճությունը նա, ի միջի այլոց, մեկ անգամ էլ դեռ պետք է զգա). սիրելի անձին սպառնացող ծանր վտանգի անցնելու հետևանքով առաջացող թեթևության զգացողությունը ամենահզորներից է։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Յովսէփը բարձրացրեց իր աչքերը եւ, տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին, հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ասել էիք, թէ կը բերէք ինձ մօտ»: Եւ ասաց. «Աստուած թող ողորմի քեզ, որդեա՛կ»:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը բարձրացրեց իր աչքերը ու տեսավ իր մոր որդուն՝ իր եղբայր Բենիամինին և ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ինձ ասել էիք»: Ապա դառնալով Բենիամինին՝ ասաց. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»:
(Գրաբար) Ամբարձ զաչս իւր` եւ ետես զԲենիամին զեղբայր իւր զհամամայր` եւ ասէ. Ա՞յդ է եղբայրն ձեր կրտսեր` զորմէ ասացէք ածել առ իս: Եւ ասէ. Աստուած ողորմեսցի քեզ որդեակ: