Ա․ Լոպուխին
31-32. Նա լվաց երեսը, դուրս եկավ և, զսպելով իրեն, ասաց. «Հա՛ց բերեք»: [31] Նրան և նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև նրա հետ ճաշող եգիպտացիներից յուրաքանչյուրին ճաշ մատուցեցին առանձին−առանձին, քանի որ նրանք պիղծ էին եգիպտացիների համար: (Սինոդական թարգ․)
Արցունքների հետքերը մաքրելու նպատակով երեսը լվալուց հետո Հովսեփը դուրս է գալիս և եղբայրներին հրավիրում է սեղանի մոտ։ Երեք առանձին սեղաններ են դրված եղել․ մեկը՝ Հովսեփի, ով որպես կարևոր անձ, ինչպես նաև քրմական դասակարգի անդամ, ըստ հին եգիպտական սովորույթների, չպետք է ուտեր մյուս բարձրաստիճան եգիպտացիների, առավել ևս օտարերկրացիների հետ: Վերջիններիս հետ ուտելը արգելվում էր նույնիսկ յուրաքանչյուր հասարակ եգիպտացու (ըստ Հերոդոսի՝ 2, 41, ոչ մի եգիպտացի ճաշելիս չէր օգտագործի այն դանակը, որ օգտագործել է հույնը)։ Մյուս սեղանը Հովսեփի եգիպտացի ծառայակիցների համար էր, որոնք, ըստ վերևում ասվածի, օտարերկրացիների, մասնավորապես սիրիացիների և հրեաների հետ սեղանը կիսելու հնարավորություն չունեին։ Երրորդ սեղանը Հովսեփի տասնմեկ եղբայրների համար էր։ Սուրբգրային հեղինակների մոտ եգիպտացիների եբրայեցիների հետ հաց չկիսելու պատճառը հետևյալն է. «Քանի որ դա պղծություն է («տոեվա») եգիպտացու համար» (սլավոնական թարգմանության մեջ առկա «պիղծ է…. յուրաքանչյուր ոչխարի հովիվ» արտահայտությունը միգուցե սկզբնական տեքստին արված հավելում է, որը վերցվել է Ծննդոց. 46:34 համարից)։ «Պղծություն»` «տոեվա», արտահայտությունը սուրբգրային լեզվամտածողության մեջ կրոնածիսական, աստվածապաշտական հասկացություն է և նշանակում է այն ամենը, ինչը չի կարող թույլատրվել Եհովային մատուցվող ճշմարիտ պաշտամունքի ընթացքում, և այն, ինչ արգելված է Նրան հավատացողներին (Երկ․ Օրենք 12։31, 13։15, 17։4, Եզեկիել. 5։11, 43։8): Տվյալ հատվածում ասվում է, որ եգիպտացիները նույնպես կրոնական նկատառումներից ելնելով էին խորշում եբրայեցիներից։ Ըստ Օնկելոսի՝ դրա պատճառը այն էր, որ եբրայեցիները զոհաբերում էին այն կենդանիներին, որոնց եգիպտացիները աստվածացնում էին (օրինակ՝ Հեզիդային պաշտում էին կովի տեսքով, Օսիրիսին` Ապիս−ցուլի պատկերով)։ Ըստ այլոց՝ եգիպտացիները գրեթե միս չէին օգտագործում։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Յետոյ նա լուաց երեսը, դուրս եկաւ եւ, զսպելով իրեն, ասաց. «Ճա՛շ մատուցէք»:
(Արարատ թարգ․) Ապա լվաց իր երեսն ու զսպելով իրեն՝ դուրս եկավ: Եվ ասաց. «Հա՛ց բերեք»:
(Գրաբար) եւ լուացեալ զերեսս իւր` ել. պնդեաց զանձն, եւ ասէ` Արկէք հաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: