Ծննդոց գրքի մեկնություն 43:34

Ա․ Լոպուխին

Նրանք նրանից ստացան իրենց ճաշի բաժինը, սակայն Բենիամինի բաժինը՝ մյուսների բաժնից հինգ անգամ ավելի:։ Նրանք նրա հետ խմեցին ու գինովցան։ [34] (Սինոդական թարգ․)

   

   Արևելքում տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքի ժամանակ տան ավագի կերակուր մատուցելը նրա կողմից հյուրի հանդեպ ցուցաբերված հարգանքի արտահայտություն է եղել (և այժմ էլ է), իսկ բաժնի հավելումը հատկանշել է հայտնի հյուրի նկատմամբ տիրոջ ունեցած մեծ հարգանքը (Ա Թագ. 9։23, 24, հմմտ.՝ Հոմերոս «Իլիական» 7, 321): Հովսեփը իր սեղանից բոլոր եղբայրներին կերակուր է առաքում (այստեղից իմանում ենք, որ նահապետական շրջանի հրեաները չէին խուսափում օտարերկրացիների հետ սնունդ ճաշակելուց, քանզի Օրենքի տակ գտնվելու շրջանում նրանք արդեն խուսափում էին դրանից), իսկ Բենիամինին հինգ անգամ ավելի մեծ բաժին է ուղարկում: Ըստ Միդրաշի` մեկ բաժին նա ստանում է հավասար բոլորին, երկրորդը` Հովսեփից, երրորդը` Ասանթեից, չորրորդը` Մանասեից, հինգերորդը` Եփրեմից։ Հովսեփի սեղանի շուրջ գինու ազատ օգտագործումը հարբեցողություն չէր։ Ամենայն հավանականությամբ իմաստուն Հովսեփը, հավատարիմ մնալով «in vino veritas» ասացվածքին, կարող էր եղբայրներին ուսումնասիրել նաև այն հարցում, թե ինչպես է իր կողմից Բենիամինին տրված գերապատվությունը ազդում նրանց վրա։ Այս նպատակով էլ նա եղբայրներին ենթարկում է վերջին ծանր փորձությանը։
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Նրանք Յովսէփից ստացան իրենց ճաշի բաժինը, եւ Բենիամինի բաժինը բոլորի բաժնի հնգապատիկը դարձաւ: Նրանք նրա հետ խմեցին ու գինովցան:
(Արարատ թարգ․) Եվ նա իր առջևից բաժիններ ուղարկեց նրանց համար, սակայն Բենիամինի բաժինը՝ մյուսների բաժնից հինգ անգամ ավելի: Եվ արբեցին ու նրա հետ միասին գինովցան:
(Գրաբար) Եւ առին իւրեանց մասունս ի նմանէ. եւ մեծացաւ մասն Բենիամինի քան զմասունս ամենեցուն հինգպատիկ քան զնոցայն: Արբին` եւ արբեցան ընդ նմա: