Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այն ժամանակ գաղտնիքը Դանիելին հայտնվեց գիշերային տեսիլքում: Դանիելը օրհնեց երկնքի Աստծուն և ասաց.
   
   Արդյո՞ք միայն Դանիելի փառավորվելու համար երազը հայտնվեց: Ես այդպես չեմ կարծում: Եթե նույնիսկ միայն դրա համար լիներ, ապա այդ ժամանակ ևս դա Աստծո զորության դրսևորման հիանալի և զարմանալի գործ կլիներ: Սակայն դա միայն այդ բանի համար չէր: Իսկ ինչի՞ համար էր: Այն բանի համար էր, որ թագավորը ուշքի գար՝ իմանալով, որ իր ընտանիքը մշտապես չի իշխելու, ի վերջո, եթե նույնիսկ դա ասվելուց հետո նա չթողեց հպարտությունը, ապա առավել ևս  չէր թողնի, եթե դա ասված չլիներ, և նաև, որ նա ընդուներ Աստծուն որպես բոլորի Տեր: Քանի որ նրանք երազներին մեծ նշանակություն էին տալիս, ուստի այդ պատճառով էլ այս ամենը տեղի ունեցավ: Հետևաբար, Աստված նրանց համար նաև ապագան է բացահայտում. քանի որ նրանք աստվածներին հատկապես ապագան գուշակելու համար էին հարգում: Նրանց ամբողջ մոգությունն ուղղված էր սրան:

   Դեռ պարզ չէ, երազը հայտնվել է նրան, թե ոչ, սակայն տեսիլքում մարգարեն պատրաստվում է:
   
Ինչո՞ւ երազը հայտնվեց Դանիելին: Սրբերի շրջանում գերազանցության աստիճան կա. այդ պատճառով էլ նա նախընտրելի եղավ: Ինչպե՞ս նա տեսավ: «Տեսիլքում,– ասում է Սուրբ Գիրքը,– ոչ թե մարդկային իմաստության օգնությամբ: Լավ են գաղտնիք կոչում այն, ինչը բոլորին անհայտ էր: «Եվ օրհնեց երկնքի Աստծուն», այսինքն` Ամենակարողին, Ով հզոր էր նաև այնտեղ՝ օտարների երկրում: Այնտեղ զոհ, տաճար և զոհասեղան չկար, բայց կար բարի կամք, ուստի այս ամեն ինչը կատարվեց:
   

Ա. Լոպուխին

«Եվ այդ ժամանակ գիշերային տեսիլքի մեջ Դանիելին բացահայտվեց գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն»։ (Սինոդական թարգ․) [19]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):17
--------------------------------
[19] (Էջմիածին թարգ․) Այն ժամանակ գաղտնիքը Դանիէլին յայտնուեց գիշերային տեսիլքում: Դանիէլը օրհնեց երկնքի Աստծուն եւ ասաց.
(Արարատ թարգ․ 2։19) Այն ժամանակ գիշերվա տեսիլքի մեջ Դանիելին հայտնվեց այն գաղտնիքը, և Դանիելն օրհնեց երկնքի Աստծուն։
(Գրաբար) Յայնժամ Դանիելի’ի տեսլեան գիշերոյ յայտնեցաւ խորհուրդն. և օրհնեաց զԱստուած երկնից Դանիէլ,
   
   Պատմամշակութային մեկնություն

   «Երկնքի Աստված»–ը: Այս աստվածային տիտղոսը տարածված է եղել  մ.թ.ա. 6–րդ դարում: Պարսկական աղբյուրներում սովորաբար այսպես է անվանվում Ահուրամազդան՝ զրադաշտականության գերագույն աստվածությունը (այս մասին ընթերցի՛ր նաև Եզր. 1:2 և Նեեմի. 1:4 համարների մեկնաբանությունները): Իսրայելացիները նույնպես իրենց Աստված Յահվեի առնչությամբ այս տիտղոսի օգտագործումն ընդունելի համարեցին: