Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
17-28․ Այդ չորս մեծամեծ գազանները նշանակում են, որ չորս թագաւորութիւններ պիտի բարձրանան երկրի վրայ: Ապա բարձրեալ Աստծու սրբերը պիտի ելնեն եւ առնեն թագաւորութիւնը եւ պահեն այն յաւիտեանս յաւիտենից: Քննում էի ճշմարտութիւնը չորրորդ գազանի մասին, որովհետեւ նա առաւել այլակերպ էր, քան բոլոր գազաններն ու յոյժ ահազդու. նրա ժանիքները երկաթեայ էին, եւ նրա մագիլները պղնձեայ, նա ուտում էր ու մանրում եւ մնացորդները կոտրատում ոտքերի տակ: Նաեւ քննում էի ճշմարտութիւնը նրա գլխի տասը եղջիւրների մասին եւ այն միւսի մասին, որ ելնում եւ թափում էր երեք եղջիւրները, որ աչքեր ունէր եւ բերան, որ մեծ-մեծ բաներ էր խօսում, եւ նրա տեսքը առաւել մեծ էր, քան միւսներինը: Տեսնում էի, որ այդ եղջիւրը պատերազմում էր սրբերի դէմ եւ յաղթում էր նրանց, մինչեւ որ եկաւ Ծերունին եւ իրաւունք տուեց Բարձրեալի սրբերին. ժամանակը հասաւ, եւ սրբերը տիրեցին թագաւորութեանը: Նա ասաց. «Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագաւորութիւն պիտի լինի երկրում, որ այն աւելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագաւորութիւնները, կուլ պիտի տայ ամբողջ երկիրը, պիտի կոխոտի եւ հարուածի այն: Իսկ նրա տասը եղջիւրները նշանակում են, որ տասը թագաւորներ պիտի բարձրանան, եւ նրանցից յետոյ պիտի բարձրանայ մէկ ուրիշը, որ աւելի չար պիտի լինի, քան բոլոր նախորդները, պիտի հպատակեցնի երեք թագաւորներին, բարձրեալի դէմ խօսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի Բարձրեալի սրբերին, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրէնքները, եւ դա պիտի յաջողուի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կէսը: Ատեան պիտի հաւաքուի, պիտի փոխեն նրա իշխանութիւնը, պիտի ոչնչացնեն այն եւ իսպառ կորստի մատնեն: Եւ երկնքի տակ գտնուող թագաւորութիւնն ու թագաւորների մեծութիւնը տրուեց Բարձրեալի սրբերին. Նրա արքայութիւնը յաւիտենական արքայութիւն է, եւ բոլոր իշխանութիւնները պիտի ծառայեն եւ հնազանդուեն նրան: Մինչեւ այստեղ է խօսքի վախճանը: Ինձ՝ Դանիէլիս, շատ էին խռովեցնում իմ մտքերը, փոխուեց իմ երեսի գոյնը, եւ ես այս բանը պահում էի իմ սրտի մէջ»:
Մա՛րդ, ինչո՞ւ դու չասացիր այդ բանը: Քանի որ դա ընդհանրապես չէր վերաբերվում հրեաներին. ընդհակառակը, Աստված դա ծածկված խոսքերով հաղորդեց, բայց պահպանեց մարգարեի սրտում: Այսպիսով՝ վերջում նա ասում է. «Այս բառերը ծածկված և կնքված են մինչև վերջին ժամանակները (Դան. 12։9), ուստի նա ցանկանում է, որ դրանք անորոշ մնան: Քրիստոս Ինքն էլ է նույնն անում, երբ առակներով է խոսում: Տե՛ս, թե ինչպես է մարգարեն ամեն կերպ վեհացնում այս թագավորությունը, որպեսզի մարդկային ոչ մի բան չհասկանաս: Մարդիկ, եթե նույնիսկ տիրեն ամբողջ երկրին, չեն կարող մշտապես և անվերջ ժամանակով իշխել: Թող ոչ ոք չասի ինձ, որ այստեղ մարգարեն կարճ ժամանակի մասին է խոսում: Ի՞նչ են նշանակում «այդ թագավորությունը ուրիշ ազգի չի մնալու» (Դան. 2։44) բառերը: Նայի՛ր անցյալին՝ Դարեհի և մակեդոնացիների շրջանին: Ո՞ւմ համար է դա եղել: Հրեաների համար: Ուստի նաև Ալեքսանդրը, ինչպես ասում են, խոնարհվեց տաճարի առջև, երբ տեսավ Դանիելի գիրքը, և հեթանոսները զարմացան նրա կանխատեսման զորության վրա: Ոչ ոք այս մասին չի խոսել, բացառությամբ այս մի մարգարեի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: