Երեմիայի մարգարեության մեկնություն 2:6

Ա․ Լոպուխին

«Եվ չասացին. «Ո՞ւր է Տերը, Որը մեզ հանեց Եգիպտոսի երկրից, առաջնորդեց մեզ անապատում, ամայի և անմարդաբնակ երկրում, չոր երկրում, մահվան ստվերի երկրում, որով ոչ ոք չէր անցնում և որտեղ մարդ չէր բնակվում»»։ (Սինոդական թարգ․)[6]
   
   Բնակվելով Ավետյաց երկրում՝ Իսրայելացիները չէին փնտրում Տիրոջը, Նրա հանդեպ ո՛չ սեր, ո՛չ էլ շնորհակալություն չէին ցուցաբերում, և մոռացել էին, որ միայն Նրա շնորհիվ են ապահով անցել Արաբական սարսափելի անապատով, որը Եգիպտոսը բաժանում էր Պաղեստինից։

   «Դատարկ և անմարդաբնակ երկիր» արտահայտությունը ավելի ճիշտ է եբրայերենից թարգմանել «տափաստաններով և փոսերով լի երկիր» տարբերակով։ Արաբական անապատում հազվադեպ են ծառերով և աղբյուրներով օազիսներ հանդիպում։ Ընդհանուր առմամբ այն  չոր և շոգ տափաստան է։ Ընդ որում՝ դրանում բազմաթիվ խրամներ և փոսեր կան, որոնք ծայրահեղ դժվար են դարձնում նրա միջով ճանապարհորդելը։

   «Մահվան ստվերի երկիր»։ Անապատը, իհարկե, փոխաբերական իմաստով է այսպես անվանվել։ Մարգարեն դրանով ցույց է տալիս, որ անապատում հայտնված ճանապարհորդը, այնպիսի սարսափի մեջ է ընկնում, ինչպիսին սովորաբար մարդ զգում է մոտեցող մահան առջև։

   «Ոչ ոք չի գնացել»–ը հիպերբոլիկ արտահայտություն է, որը ցույց է տալիս այդ անապատով ճանապարհորդելու դժվարությունը։
--------------------------------
[6] (Էջմիածին թարգ․) Չասացին էլ՝ «Ո՞ւր է Տէրը, որ մեզ հանեց Եգիպտացիների երկրից եւ առաջնորդեց մեզ անապատում, անծայր ու անուղի, անջուր ու անպտուղ երկրում, մահուան ստուերների մէջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, եւ ուր չէր բնակուել մարդու որդին:
(Արարատ թարգ․) Եվ չասացին. «Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ առաջնորդեց անապատում, ամայության և փոսերի երկրում՝ չորության և մահվան ստվերի երկրում, այնպիսի մի երկրում, որով ոչ ոք չէր անցնում, և որտեղ մարդ չէր բնակվում»։
(Գրաբար) եւ ոչ ասացին՝ ուր է Տէր որ եհան զմեզ յերկրէն Եգիպտացւոց, եւ առաջնորդեաց մեզ յանապատին, յանբաւ՝ եւ յանկոխ՝ եւ յանջուր՝ եւ յանպտուղ երկրին եւ ի ստուերս մահու. յերկիր՝ ընդ որ ոչ անց մարդ, եւ ոչ բնակեաց ի նմա որդի մարդոյ։