Ամոսի մարգարեության մեկնություն 6։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Անցեʹք Քաղանեից այն կողմ և տեսե՛ք, այնտեղից անցեʹք Մեծ Եմաթը և իջեք փղշտացիների Գեթ քաղաքը. արդյո՞ք դրանք ավելի լավը չեն, քան այս թագավորությունները, արդյո՞ք նրանց սահմաններն ավելի մեծ չեն, քան ձերը»: (Սինոդական թարգ․)[2]
   
    «Քաղանե»−ն քաղաք է, որը հիշատակվում է դեռևս Ծննդ. 10:10, Ես. 10:9 և Եզեկ. 27:23 համարներում (Կաննե): Ենթադրվում է, որ այն գտնվել  է կա՛մ Բաբելոնում (Ծննդ. 10:10), կա՛մ էլ Հյուսիսային Սիրիայում (Վինկլեր): Վերջին տարբերակի պարագայում Ամոս մարգարեի մոտ և Եսայու 10:9 համարում հիշատակվող Քաղանե քաղաքը նույնացվում է Սարգոն թագավորի կողմից նվաճված Կաղղան կամ Քաղղան քաղաքի հետ (Նովակ): Յոթանասնիցը եբրայերեն «kalneh» բառը, հավանաբար, սխալմամբ ընթերցել է որպես «kulchem» («kol»` «ամբողջ» արմատից) և թարգմանել է որպես «διαβητε πάντες»` «գնացե՛ք բոլորդ»։ Սլավոներեն տեքստում պահպանվել է և՛ հունարեն թարգմանությունը, և՛ բնագրի ընթերցումը, որի արդյունքում էլ  «բոլորդ գնացե՛ք Քաղանե» տարբերակն է ստացվել: «Մեծ Եմաֆը» (Յոթանասնիցում՝ «'Εματραββά») Օրոնտես գետի ափին գտնվող քաղաք է, որը, երանելի Հիերոնիմոսի վկայության համաձայն, կրել է Անտիոք, իսկ հետո նաև Ամմաս անվանումները: «Գեթը» փղշտական հայտնի քաղաք է, որի մասին Աստվածաշնչում շատ հաճախ է հիշատակվում (Ա Թագ. 6:17, Բ Մնաց. 26:6); «ἀλλόφυλοι» (այլազգիներ) արտահայտության միջոցով Յոթանասնիցը փոխանցում է եբրայերեն «pelischthim» (փղշտացիներ) բառի իմաստը: Ինչ վերաբերում է հարցադրման իմաստին, որով 2−րդ համարում մարգարեն դիմում է իր ունկնդիրներին, ապա այն ամբողջությամբ հստակ չէ  և մեկնիչների կողմից տարբեր կերպ է ընկալվում: Ըստ Քեյլի և այլոց` 2−րդ համարում մարգարեն հիմնավորում  է 1−ին համարում իր կողմից Իսրայելի վերաբերյալ օգտագործված «ժողովուրդների անդրանիկ» (առաջին) արտահայտությունը  և ցույց է տալիս, որ Իսրայելն իսկապես ավելի լավն է, քան իր հարևան թագավորությունները, ու նրա սահմաններն ավելի մեծ են, քան վերջիններիս սահմանները: Սակայն մարգարեի ունկնդիրները հազիվ թե ժողովուրդների մեջ Իսրայելի առաջինը լինելը   հիմնավորելու  կարիքն ունեին: Բացի այդ, եթե մարգարեն 2−րդ համարում նկատի ունենար [վերոնշյալ մեկնիչների կողմից] իրեն վերագրվող նպատակը, ապա նա այստեղ կհիշատակեր Եգիպտոսն ու Ասորեստանը, այլ ոչ թե Գեթը: Ուրիշ մեկնիչների կարծիքով (Յունգերով)՝ մարգարեն ցանկանում է ցույց տալ, որ ժողովրդին հայտնի հեթանոսական թագավորությունները (Հերոբովամ 2−րդ և Ոզիա թագավորների օրոք) «ավելի պակաս բարօրություն, ուժ և նշանակություն ունեին, քան Իսրայելն ու Հուդան, և որ նրանց սահմաններն Իսրայելի թագավորության սահմաններից ավելի փոքր էին»: Տեր Աստծու առանձնահատուկ բարեհաճությունը Իսրայելին տրվել էր օրենքները պահելու պայմանով, սակայն  Իսրայելի իշխանները չեն պահում օրենքը: Վերը շարադրվածին համապատասխանում է մեկ այլ մեկնություն ըստ որի՝ մարգարեի մտքի ընթացքը պետք է լինի հետևյալը․ Սամարիայի ու Սիոնի իշխաններն իրենց հույսը դրել էին իրենց անցյալի վրա: Սակայն, եթե անցյալը իսկապես ապագայի համար երաշխիք լիներ, ապա Քաղանեն, Եմաֆն ու Գեթը ներկա ժամանակաշրջանում պետք է Իսրայելից ավելի հզոր լինեին։ Արդյո՞ք այդպես է իրականում: Արդյո՞ք նրանք ավելի լավն են, քան այս թագավորությունները, և արդյո՞ք նրանց սահմաններն ավելի ընդարձակ են, քան ձերը: Հետևաբար Իսրայելը նույնպես չպետք է հույսը դնի իր փառավոր անցյալի վրա (Գոոնակեր): 2−րդ համարի վերոշարադրյալ մեկնություններով հազիվ թե հնարավոր լինի բավարարվել, քանի որ դրանք մարգարեի խոսքին անհասկանալի ու բռնազբոս ընթացք են հաղորդում: Համաձայն 2−րդ համարի ռուսերեն թարգմանության` մարգարեն այստեղ մատնանշում է ոչ թե հարևան հեթանոսական թագավորությունների նկատմամբ Իսրայելի թագավորության ունեցած գերազանցությունը, այլ հակառակը` Իսրայելի նկատմամբ վերջիններիս ունեցած գերազանցությունը։ Ենթադրաբար, մարգարեն ցանկանում է ասել, որ եթե կործանվել են այնպիսի թագավորություններ, ինչպիսիք են Քաղանեն, Եմաֆն ու Գեթը, ապա առավել ևս հնարավոր է, որ կործանվի Իսրայելի կամ Հուդայի թագավորությունը, և հետևաբար անխոհեմություն է Սիոնում անհոգ լինելը կամ Սամարիայի լեռան վրա հույս դնելը: 2−րդ համարի նմանատիպ մեկնության հետ համաձայն են Ամոսի մարգարեության ժամանակակից մեկնիչներից շատերը (Վելհաուզեն, Վալետոն, Նովակ, Հարներ և այլք): Այս մեկնությունը հստակ միտք է փոխանցում և համապատասխանում է մարգարեի խոսքի համատեքստին: Որոշ մեկնիչներ միայն այն բանի հետևանքով են տարակուսում, որ Եմաֆը, արձանագրությունների վկայության համաձայն, կործանվել է մ․թ․ա․ 720 թվականին Սարգոնի օրոք, իսկ Քաղանեն, եթե այն նույնացվի արձանագրություններում հիշատակվող Kulanu կամ Kullani բնակավայրի հետ, Սարգոնի կողմից գրավվել էր 710 թվականից հետո (Նովակ): Այսպիսով, ստացվում է, որ 2−րդ համարում շարադրված իրադարձությունները տեղի են ունեցել Ամոսի ապրած ժամանակներից հետո, և 2−րդ համարը պետք է հետագայի հավելում համարել, ինչին էլ հակված են ժամանակակից մեկնիչները: Սակայն հարկ չկա ենթադրելու, որ 2−րդ համարում նկատի են առնվում հենց սեպագիր արձանագրություններում հիշատակվող Եմաֆ ու Քաղանե քաղաքների՝ Սարգոնի կողմից գրավման փաստերը: Մարգարեն կարող էր նկատի ունենալ նաև սիրիական Ազայել թագավորի կողմից Գեթի և Հերոբովամ 2−րդի կողմից Եմաֆի գրավումը (Դ Թագ. 12:17, 14:25, 28): Իսկ Քաղանեի պարագայում էլ մարգարեն կարող էր նկատի ունենալ առհասարակ ամբողջ թագավորության անկումը:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բոլորդ անցէ՛ք Քաղանէից եւ տեսէ՛ք, այնտեղից անցէ՛ք մեծ Եմաթ Ռաբա եւ իջէ՛ք օտարազգիների Գէթ քաղաքը, որն աւելի զօրաւոր է, քան այդ բոլոր քաղաքները. միթէ նրանց սահմաններն աւելի մե՞ծ կը լինեն, քան ձեր սահմանները:
(Արարատ թարգ․) Անցե՛ք Քաղանե և տեսե՛ք, այնտեղից գնացե՛ք մեծ Եմաթ և իջե՛ք փղշտացիների Գեթ. մի՞թե նրանք ավելի լավն են այս թագավորություններից, կամ նրանց սահմանը ձեր սահմանից մե՞ծ է։
(Գրաբար) Անցէ՛ք ամենեքին ի Քանան՝ և տեսէ՛ք. և անցէ՛ք անտի ի մեծն Եմա՛թ Հռաբայ, և իջէ՛ք ի Գէթ այլազգեաց, զօրաւորս քան զամենայն քաղաքսն այնոսիկ, եթէ իցեն մեծ սահմանք նոցա քան զսահմանս ձեր։