Ա. Պ. Լոպուխին (†1904)
4-6. Տեր Աստված ինձ ցույց տվեց այսպիսի մի տեսիլք. ահա Տեր Աստված կրակ պատրաստեց դատաստանի համար, և այն կուլ տվեց մեծ անդունդը, կուլ տվեց նաև երկրի մի մասը: [4] Եվ ես ասացի. «Տեʹր Աստված, դադարեցրու այն: Ինչպե՞ս կարող է Հակոբը կանգուն մնալ. նա շատ փոքր է»: Եվ Տերը զղջաց դրա համար. «Դա չի լինի», - ասաց Տեր Աստված: (Սինոդական թարգ․)
Մարգարեի երկրորդ՝ կրակի, տեսիլքի նկարագրությունը: Նկարագրության ընդհանուր միտքն ու նրա առանձին մասերի իմաստն ամբողջությամբ պարզ չեն: «Ահա Տերը կրակ (baesch) պատրաստեց (kore) դատաստանի (lariv) համար». մեջբերված հատվածի եբրայերեն տեքստը տարբեր ձևերով է թարգմանվում` «դատաստանի համար կրակ է պատրաստում» (Յոթանասնից և սլավոներեն՝ «կրակով դատաստան արեց»), «հայտարարեց, որ Նա գալիս է կրակով պատժելու համար» (Էվալդ), «կրակ կանչեց պատժելու համար» (Հարպեր) և այլն: «Եվ այն կուլ է տալիս մեծ անդունդը (eth-thechom rabbah), կուլ է տալիս նաև երկրի մի մասը (еthehachelek): «thechom rabbu»−ն («անդունդ, օվկիանոս») այն քաոսն է, որից ստեղծվել է երկիրը (Ծննդ. 1։2), կամ էլ այն ստորգետնյա ջրերն են, որոնք, ըստ հին հրեաների պատկերացման, սնում էին աղբյուրներն ու գետերը: Վերջին ընկալման պարագայում` անդունդները կուլ տվող կրակի ներքո պետք է հասկանալ արևի առաջացրած տապն ու սարսափելի երաշտը, որի պատճառով էլ ցամաքում են ստորգետնյա ջրերը: «cheiek» (մաս, հողաբաժին) արտահայտությունը մեկնիչները սովորաբար ընկալում են որպես երկրի, ուղղակի Իսրայելի երկրի մի մասի վերաբերյալ ասված խոսք: Կրակի կողմից Իսրայելի երկրի մի մասը կուլ տալու հանգամանքն էլ մարգարեին ստիպում է աղետներին վերջ տալու համար բարեխոսել Տիրոջ առաջ: Վերոնշյալ խոսքերին պետք է ավելացնել, որ որոշ մեկնիչներ (երանելի Թեոդորիտ, սուրբ Եփրեմ Ասորի, Քեյլ) նաև երկրորդ տեսիլքն են փոխաբերական, պատկերավոր կերպով թշնամիների ներխուժման կամ ընդհանրապես Աստծու բարկության մասին կանխագուշակման իմաստով ընկալում. կրակը Տիրոջ բարկությունն է, մեծ անդունդը` հեթանոսական աշխարհը, երկրի մի մասը` Իսրայելի ժողովուրդը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա կրակով դատաստան արեց Տէր Աստուածը, կրակը լափեց շատ խորութիւններ եւ կերաւ երկրի մի մասը:
(Արարատ թարգ․) Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։
(Գրաբար) Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա կոչեաց դատաստան հրով Տէր Տէր. և եկեր զխորս բազումս, և եկեր զվիճակն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: