Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ամոսը պատասխանեց Ամասիային ու ասաց. «Ես ո՛չ մարգարե եմ և ո՛չ էլ մարգարեի որդի, ես հովիվ էի և մոլաթզենի էի հավաքում»: (Սինոդական թարգ․)[14]
Ի պատասխան Բեթելի քրմի` Ամոս մարգարեն մատնանշում է այն հանգամանքը, որ ինքը չի ելել քարոզելու կամավոր և նյութական շահի համար, այլ իր առաքելությանը կանչվել է անմիջապես Տիրոջ կողմից, Ում չի կարող չհնազանդվել: «Ես մարգարե (navi) չեմ և ոչ էլ՝ մարգարեի որդի (ben navi)». մարգարեների որդիները կամ էլ մարգարեական դպրոցները մարգարեների աշակերտներից կազմված հատուկ խմբեր էին, որոնք ունեին իրենց կազմակերպությունները և ղեկավարվում էին մարգարեների կողմից (Ա Թագ. 10:5, 10, 19:20, Գ Թագ. 17, Դ Թագ. 1): Ամոսի ժամանակներում, հավանաբար, մարգարեական դասին պատկանող ոչ բոլոր անդամներն էին պատշաճ բարձրության վրա, և նրանց շարքեր էին ներթափանցել անարժան մարդիկ, որոնք մարգարեական կոչումն ընդունել էին միայն հաց գտնելու համար: Բեթելի քուրմը, հավանաբար, այդպիսի մարգարեների թվին էր դասում նաև Ամոսին: Երբ Ամոս մարգարեն մերժում է «մարգարե» կամ «մարգարեի որդի» կոչումները, ապա նա դրանով ոչ թե նկատի ունի մարգարեների հետ իր առհասարակ որևէ կապ չունենալու հանգամանքը, այլ միայն ցանկանում է ասել, որ ինքը Ամասիայի պատկերացրած (այսինքն՝ սեփական շահի համար մարգարեացող) մարգարեն չէ: «Ես հովիվ (boker) էի և մոլաթզենի (voles) էի հավաքում» (սլավոներեն՝ «հովիվ էի և թութ էի քաղում»)։ «voles» բայը «απαξ λεγόμ» արտահայտությունն է, և դրա իմաստը հստակորեն հայտնի չէ։ Այն հասկանում են «հավաքել» (այսպես է նաև ռուսերեն տեքստում), «մաքրել» (Թեոդոտոն), «ունենալ» (Սյումմաքոս), «խնամել» (Գոոնակեր) կամ էլ «կտրատել» (այս տարբերակով է նաև Յոթանասնիցում՝ «κνίζων») իմաստներով։ Մոլաթզենիները կտրատում էին, որպեսզի պտուղները հասունանային (Plinius. Historia naturalis. 13, 14):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեց Ամոսը եւ ասաց Ամասիային. «Ես ո՛չ մարգարէ էի եւ ո՛չ մարգարէի որդի, այլ հովիւ էի եւ թութ էի քաղում.
(Արարատ թարգ․) Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։
(Գրաբար) Պատասխանի ետ Ամովս՝ և ասէ ցԱմասիա. Ես ո՛չ մարգարէ էի՝ և ո՛չ որդի մարգարէի, այլ հովի՛ւ էի, և թութ քաղէի.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: