Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ, եւ նրանք գնացին նրա մօտ:
Այն բանի համար է լեռը բարձրանում, որպեսզի աղոթի։ Քանի որ նա նախքան սա հրաշքներ էր գործել, ապա հրաշքներ կատարելուց հետո էլ է աղոթում։ Իհարկե, սա մեզ համար է անում՝ որպես դաս, որպեսզի մենք շնորհակալություն հայտնենք Աստծուն, լավ բան անելիս դա անմիջապես վերագրենք Աստծո զորությանը
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Հիսուս լեռը բարձրացաւ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ, և նրանք գնացին նրա մոտ: (Սինոդական թարգմ․)[13]
«Լեռան վրա»: Ծովափը, կարելի է ասել, հասարակական հավաքների մշտական վայր էր: Ընդհակառակը, Տիբերական ծովից հյուսիս ընկած լեռներում ավելի մեկուսի վայրեր կարելի էր գտնել: Տերը ամբոխից հեռանալու համար էր այնտեղ գնում: Աշակերտները Նրան հետևելու են կանչվում, սակայն ո՛չ բոլորը, այլ միայն նրանք, ում վրա այս դեպքում կանգնում է Քրիստոսի ընտրությունը: Մարկոսը Քրիստոսի կողմից կանչվածներին նույնիսկ «աշակերտներ» չի անվանում։ Շատ հնարավոր է, որ Քրիստոսի կողմից նախկինում արդեն կանչված աշակերտների մեջ բոլորովին նոր անձինք են եղել:
Եվ նրանք եկան Նրա մոտ (aphlqon), այսինքն՝ Նրան հետևելով՝ միևնույն ժամանակ թողեցին իրենց նախկին զբաղմունքները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
13-15․ Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ: Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի, ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու:
Հիսուսի հրապարակային կյանքի, այսինքն՝ Հորդանանի մկրտությունից գրեթե տարիուկես էր անցել, որովհետև մոտավոր հաշվով երկրորդ Զատիկից երկու ամիս հետո հասնում ենք Հռոմի 781, Քրիստոսի թվարկույթան 28 և Հիսուսի մկրտության 32-րդ տարվա մայիս ամսին։ Հիսուս, որոշ ժամանակ Կափառնայումից դուրս, Տիբերիա ծովակի հյուսիասակողմում գտնվող քաղաքներում և ծովեզերքում խռնված ժողովրդին քարոզելուց հետո, երբ տեսավ, թե Ավետարանի քարոզությունը բավականին ծավալվել է, և միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև այլ քաղաքներում էլ Ավետարանի քարոզչություն կատարել և ժողովրդի հոգին վառ պահել, որոշեց իրեն հատուկ օգնականներ նշանակել։ Մինչ այդ պահը, բոլոր աշակերտներն Իր հետ միասին էին շրջում, օգնում էին Իրեն, բայց Ինքը միայն Իրենով ոչինչ չի կարող անել։ Բայց երբ նրանք տարիուկես Իր մոտ մնալով և Իր հետ գործելով, բավականին հմտություն և փորձառություն էին ձեռք բերել, արդեն կարող էին քարոզված վայրերը գնալ ու նույն քարոզությունները կրկնել և Հիսուսի անունով ու ստացած իշխանությամբ նաև հիվանդներ առողջացնել և դիվահարներ բժշկել։
Հիսուսի այդ որոշման նպատակը ցույց է տալիս Մարկոսը «Զի իցէն զնովաւ եւ զի առաքեսցէ զնոսա»։ Հիսուսի շուրջը գտնվել նշանակում է պարզապես ճանաչվել որպես Նրա օգնականները և Հիսուսի գործունեությանը հիրավի մասնակից ու ընկերակից լինել, և ոչ թե միայն Նրա մոտ ապրել, արովհետև այդպիոսով, ուղարկվելու նպատակը իմաստ չէր ունենա։ Այդ ուղարկվելու նպատակն այնքան էական էր այդ ընտրության համար, որ Հիսուս ընտրվածներին հատկապես և ուղղակիորեն Առաքյալ անունը տվեց, ինպչես նկատել է տալիս Ղուկասը։
Ընտրվածների թիվը՝ տասներկուսը, անշուշտ որոշվեց Իսրայելի 12 ցեղերի համաձայն, թեպետև 12 թիվը ընդհանրապես բոլոր ազգերի և մասնավորապե բոլոր հրեաների մոտ հնավանդ նվիրականություն ուներ։ Բազմաթիվ աշակերտնեից ընտրվեցին, իհարկե, առավել աշխատասերները, անձնվերները, ավելի հներն ու վարժվածները, որոնք դարձան ընտրյալները։ Քանիցս արտասանված Պետրոսի խոսքերից (Գործ․ 1։22) եզրակացնում ենք, թե բոոլր տասներկու ընտրյալները Հիսուսի՝ Հորդանանում մկրտված ժամանակից, Իրեն հետևող և այնուհետև շարունակաբար մինչև այդ պահը Հիսուսի հետ մեկտեղ եղող անձերն էին։ Չգիտենք, թե որքան էր Հիսուսի աշակերտներ ճանաչվող մարդկանց թիվը, բայց այս անգամ Տասներկուսից ընտրված խումբը և մեկ տարի հետ ընտրված Յոթանասուներկուսի խումբը (Ղուկ․ 10։1) ու նրանցից բացի դեռևս չընտրվածների մնացած լինելը թելադրում են, որ Հիսուսի աշակերտ կոչվողների թիվը կազմում էր մոտ երկու հարյուր։
Հիսուս այդ ընտրությունն անելու համար հատուկ նախապատրաստություն էլ կատարեց՝ գործի կարևորությունը ցույց տալու համար։ Ծովեզերքի ամբոխից ու ժխորից հեռացավ և Կափառնայումի լեռը բարձրացավ, որը քաղաքից երեք ժամափաչ հեռու, երկու գագաթների բաժանված և մեջտեղն ընդարձակ տափարակ ունեցող մի լեռ է, որը քրիստոնյաները Երանիների լեռ են անվանում, իսկ տեղացիները Ջեբել Քորուն-Հաթթին են կոչում։ Անշուշտ, Հիսուս ուրիշ անգամներ էլ այդ լեռան վրա հսկումի ու աղոթքի գիշերներ էր անցկացրել, քանզի Ղուկասը․ «Ել ի լեառն կալ յաղօթս» ասելով, իբրև սովորական երևույթ է հիշատակում։ Այստեղ Հիսուս ողջ գիշեր հսկումով և աղոթքով անցկացրեց, մեզ սովորեցնելու համար, թե դեռևս մեր որոշումները չկայացրած, պետք է աղոթքով Աստծուն դիմենք և լույս խնդրենք մեր մտածումներին։
Երբ նոր օր բացվեց, աշակերտներին չորս կողմը հավաքեց, կատարվելիք ընտրության նպատական ու արժեքը բացատրեց, և աշակերտներից տասներկու հարմարագույններին առանձնացրեց՝ բացարձակ Իր ընտրությամբ՝ «Զորս ինքն կամեցաւ», և որոնց պիտի հիշենք ու ներկայացնենք հաջորդ հոդվածով։ Թեպետ և այդ Առաքյալ անունն ստացան և Հիսուսին կողմից զանազան քաղաքներ ուղարկվելու սահմանվեցին, սակայն իսկույն ճանապարհ չընկան և չմեկնեցին, այլ, ինչպես պիտի տեսենք, որոշ ժամանակ էլ Հիսուսի հետ գործեցին, հրահանգներ ընդունեցին, ավելի մոտիկից փորձառություն ձեռք բերեցին և Ավետարանի հոգով զորացան ու դրանից հետո սկսեցին տարածվել՝ առանց Հիսուսի՝ Հիսուսի գործը զորացնելու և տարածելու համար։ Առաքյալների մեկնելը տեղի ունեցավ ընտրությունից երկու-երեք ամիս հետո։
--------------------------------
[13] (Էջմիածին թարգմ․) Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ:
(Արարատ թարգմ․) Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ։ Եվ նրանք նրա մոտ գնացին։
(Գրաբար) Ելանէ՛ ի լեառն՝ եւ կոչէ՛ առ ինքն զորս ինքն կամեցաւ. եւ չոգա՛ն առ նա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: