Մաղաքիա արք. Օրմանյան
13-26. Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան: Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»: Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ: Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:14
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ:
Իր հետ լեռ չբարձրացած ինը աշակերտների մոտ գալով՝ Հիսուսը նրանց փարիսեցիների հետ մրցակցության մեջ է գտնում: Քանզի Հիսուսի բացակայության պայմաններում փարիսեցիները, Նրա աշակերտներին մոտենալով, փորձում էին նրանց իրենց կողմը գրավել:
Ա․ Լոպուխին
Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: (Սինոդական թարգմ․) [13]
Դիվահար երիտասարդի բուժման մասին պատմությունը Մարկոսի մոտ ավելի մանրամասն է, քան Մատթեոսի (տե՛ս 17։14–21): Նա առաջին հերթին հայտնում է, որ ժողովուրդը և դպիրները վիճում էին Քրիստոսի աշակերտների հետ, երբ Քրիստոս այլակերպությունից հետո գալիս է աշակերտների մոտ: Իհարկե, վեճը վերաբերում էր այն բանին, թե արդյոք Քրիստոս իրական հրաշագործ զորություն է տվել աշակերտներին: Պարզվում է, որ աշակերտներն ի վիճակի չէին բուժելու իրենց մոտ բերված երիտասարդին:
---------------------------------------
[13] (Էջմիածին թարգ․) Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ:
(Արարատ թարգ․ գլուխ 14) Եվ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն և դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։
(Գրաբար) Եւ եկեալ առ աշակերտսն, տեսին ամբո՛խ շուրջ զնոքաւք, եւ զդպիրսն՝ զի վիճէին ընդ նոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: