Գիրք` 45. Բարուք

Գլուխ 5

   
1․ Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեա՛ն հագիր Աստծու փառքն ու վայելչութիւնը,
2․ ա՛ռ քո վրայ Աստծու արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը,
3․ որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը:
4․ Աստծու կողմից քո անունը յաւիտեան կը կոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածպաշտութեան փառք:
5․ Ելի՛ր, Երուսաղէ՛մ, կանգնի՛ր բարձունքի վրայ, նայի՛ր դէպի արեւելք
ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին,
որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար:
6․ Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշուած, բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով, ինչպէս թագաւորական գահ բարձրացածների:
7․ Արդարեւ, Աստուած հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները, յաւերժական բլուրները խոնարհուեն, ձորերը լցուեն, որպէսզի երկիրը հարթուի, Իսրայէլն Աստծու փառքով ապահով քայլի,
8․ իսկ բոլոր անտառները եւ ամէն մի անուշաբոյր ծառ Աստծու հրամանով հովանի լինեն Իսրայէլին:
9․ Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ,իր փառքի լոյսով՝ իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ: