Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ.
«Աստված» անունը վերաբերում է արարչությանն ու նախախնամությանը և ո՛չ թե բնությանը. քանզի վերջինս անգիտելի է մեզ համար և ամեն մտքից ու օրինակից վեր: Բայց Նա Աստված է Աստծուց, ինչպես որ Ծնունդ՝ Հորից, Իր Հոր հետ արարիչն է իմանալի և զգալի արարածների, նախախնամողն էակների և հաստատությունը ստեղծվածների: Իսկ «Լույս՝ Լույսից»-ը նույնպես բնության նույնությունն է ցույց տալիս և ոչ թե իբրև Լույսից լուսավորված լինելը, ինչպես որ Մովսեսի դեմքը լուսավորվեց Աստծո հետ հանդիպումից, ինչպես սուրբ մարգարեների միտքը կամ աչքը՝ ինչ- որ տեսիլքից, կամ ինչպես մենք, որ լուսա- վորվեցինք զգալի կամ իմանալի իմաստությամբ, կամ ինչպես որ ճշմարիտ Լույսը լուսավորեց աշխարհ եկածներին, - այլ ըստ Հոր Աստվածության ճշմարիտ և գերապայծառ լույսի՝ Լույս է և Որդին: Նմանապես՝ Ճշմարիտ Աստված (է)՝ ճշմարիտ Աստծուց. (Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ). Քանզի որտեղ Հորը՝ Անսկզբին և սկիզբ ունեցողների Պատճառին, Աստված ենք դավանում, Նրանից եղած Որդուն էլ Պատճառից անժամանակ Ծնունդ պիտի խոստովանենք. սա՛ է [նշանակում] «ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց» [խոսքը]: Եվ որպեսզի Խոսքի սպասավորները լիովին հավաստեն այս դավանությունը և դատարկ տեղ չմնա, ուր չարախորհուրդ հերետիկոսների խօսքերը մուտք գործեն, ըստ կարգի՝ այստեղ ասում են. Ծնունդ և ո՛չ արարած. Այս խոսքով չարափառների բոլոր չար մտածումները տապալում են, մանավանդ Արիոսի՝ [Տեր Հիսուսին տված] մոլեգնոտ անվան, քանզի նա Որդուն «արարած» էր կոչում՝ մյուս [բոլոր] արարածների մեջ առաջին ու անդրանիկ, որով Հայր Աստված ստեղծեց, գոյացրեց մյուսներին: [Արիոսն] իր կարծիքի համար հիմք էր վերցրել Սողոմոնի այս խոսքը. «Տերն Իր գործերում ինձ ստացավ որպես Իր ճանապարհների սկիզբ» (Առակ. 8:22), և առաքյալի անխարդախորեն սովորեցրածը, թէ՝ «Նա է բոլոր արարածների անդրանիկը» (Կողոս. 1:15), ինչը պետք է հասկանանք իբրև Աստծո կանխագիտության մեջ եղած խորհրդի տնօրինություն և ոչ թե հասկանանք ու ասենք, թե [Աստծո]՝ բնությամբ Որդին ստեղծված է, այլև մյուս՝ ավելի կրտսեր եղբայրների մեջ՝ առաջինը: Քանզի չի կարելի մտածել, թե անզուգական գոյությամբ Միածինը հավասար է արարածներին՝ ոչ թե գոյացած, այլ ծնված լինելու պատճառով՝ Հայր Աստծո էությունից, անժամանակ և անիմանալի կերպով. որովհետև «սկզբից էր Խոսքը» (Հովհ. 1:1):
Հաջորդը՝
8․ Ճշմարիտ Աստված (է)՝ ճշմարիտ Աստծուց.
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: