ՀԱՎԵԼՎԱԾ Բ

   Որպես հավելված  ներկայացնում  ենք «Հրաժարիմքը»,  «Հաւատոյ ուղղափառ  խոստովանութիւն»-ը  և  մեղքերի  ընդհանրական խոստովանությունը՝ գրաբար բնագրով և զուգահեռ աշխարհաբար թարգմանությամբ:
   

   ՀՐԱԺԱՐԻՄՔ  

   Հրաժարիմք ի սատանայէ և յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա և յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք:
   
   ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ
   Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք:
   
   «Հրաժարիմքը» երեք անգամ ասելուց հետո շրջվում են դեպի արևելք և սկսում արտասանել մեր Եկեղեցու հավատքի խոստովանությունը: Այն արտասանում են ձեռնամած, այսինքն՝ ձեռքերի ափերը միմյանց կցած և կրծքի դիմաց պահած:
   
   Խոստովանիմք և հաւատամք ամենակատար սրտիւ զՀայրն Աստուած անեղ, անծին և անսկիզբն, այլև ծնող Որդւոյ և բղխող Հոգւոյն Սրբոյ:
   Հաւատամք զԲանն Աստուած անեղ, ծնեալ և սկսեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս, ո՛չ յետոյ և ո՛չ կրտսեր, այլ որքան Հայրն՝ հայր, ընդ Նմին և Որդին՝ որդի։
   Հաւատամք զՍուրբ Հոգին Աստուած անեղ, անժամանակ, ոչ ծնեալ, այլ բղխեալ ի Հօրէ, էակից Հօր և փառակից Որդւոյ:
   Հաւատամք զԵրրորդութիւնն Սուրբ մի բնութիւն, մի աստուածութիւն, ո՛չ երեք աստուածք, այլ մի աստուած, մի կամք, մի թագաւորութիւն, մի իշխանութիւն, արարիչ երևելեաց և աներևութից:
   Հաւատամք յԵկեղեցի սուրբ, զթողութիւն մեղաց՝ հաղորդութեամբ սրբոց:
   Հաւատամք զՄինն յԵրից Անձանց զԲանն Աստուած ծնեալ ի Հօրէ նախ քան զյաւիտեանս, ի ժամանակի իջեալ յԱստուածածին Կոյսն Մարիամ, առեալ յարենէ նորա՝ միաւորեաց ընդ Իւրում Աստուածութեանն՝ իննամսեայ ժուժկալեալ յարգանդի անարատ Կուսին: Եւ եղև Աստուածն կատարեալ մարդ կատարեալ՝ հոգւով և մտօք և մարմնով, մի անձն, մի դէմ և միաւորեալ մի բնութիւն: Աստուածն մարդացեալ առանց փոփոխման և առանց այլայլութեան: Անսերմն յղութիւն և անապական ծնունդ: Որպէս ոչ է սկիզբն Աստուածութեան Նորա, և ոչ վախճան՝ մարդկութեան Նորա. «Զի Յիսուս Քրիստոս երէկ և այսօր, նոյն և յաւիտեան» [Եբր. ԺԳ 8]:
   Հաւատամք զՏէրն մեր Յիսուս Քրիստոս շրջեալ ի վերայ երկրի: Յետ երեսուն ամաց եկեալ ի մկրտութիւն, Հայր ի վերուստ վկայեալ՝ Դա է Որդի Իմ սիրելի, և Հոգին Սուրբ աղաւնակերպ իջեալ ի վերայ Նորա: Փորձեալ ի սատանայէ և յաղթեալ նմա: Քարոզեալ մարդկան զփրկութիւն: Աշխատեալ մարմնով, վաստակեալ, քաղցեալ և ծարաւեալ: Յետոյ եկեալ կամաւ ի չարչարանս, խաչեալ և մեռեալ՝ մարմնովն, և կենդանի՝ աստուածութեամբն: Մարմինն եդեալ ի գերեզմանի՝ միաւորեալ աստուածութեամբն, և հոգւովն իջեալ ի դժոխս՝ անբաժանելի աստուածութեամբն: Քարոզեալ հոգւոցն, աւերեալ զդժոխս և ազատեալ զհոգիս: Յետ երից աւուրց յարուցեալ ի մեռելոց և երևեալ աշակերտացն:
   Հաւատամք զՏէրն մեր Յիսուս Քրիստոս նովին մարմնովն համբարձեալ յերկինս և նստեալ ընդ աջմէ Հօր: Այլ և գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր՝ ի դատել զկենդանիս և զմեռեալս, որ և յարութիւն ամենայն մարդկան:
   Հաւատամք և զհատուցումն գործոց. արդարոցն՝ կեանք յաւիտենական, և մեղաւորացն՝ տանջանք յաւիտենական։

   
   Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք, որ Հայր Աստված անստեղծ է, անծին և անսկիզբ, այլև ծնողը Որդու և բխողը Սուրբ Հոգու:
   Հավատում ենք, որ Խոսքն Աստված անստեղծ է, Հորից նախքան հավիտյանները ծնված ու սկսված, Նրանից ո՛չ ավագ և ո՛չ կրտսեր, այլ որքանով Հայրը հայր է, այնքանով Որդին՝ որդի:
   Հավատում ենք, որ Սուրբ Հոգի Աստվածն անստեղծ է, անժամանակ, չի ծնված, այլ բխում է Հորից, Հորն էակից է և Որդուն՝ փառակից:
   Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ո՛չ թե երեք աստված, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ երևացող ու աներևույթ արարածների:
   Հավատում ենք սուրբ Եկեղեցուն և մեղքերի թողությանը՝ սուրբերի հաղորդությամբ:
   Հավատում ենք, որ Երեք Անձերից Մեկը՝ Հորից նախքան հավիտյանները ծնված Խոսքն Աստված, ժամանակի մեջ իջավ Աստվածածին Կույս Մարիամի մեջ և նրա արյունից վերցնելով՝ միավորեց Իր աստվածության հետ: Ինն ամիս մնալով անարատ Կույսի արգանդում՝ կատարյալ Աստվածը եղավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, մի անձ, մի դեմք և միավորված մի բնություն: Աստված մարդացավ առանց փոփոխության ու փոխարինման: Հղիացումն անսերմ էր, և ծնունդն՝ անապական: Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը. «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» [Եբր. ԺԳ 8]:
   Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը շրջել է երկրի վրա: Երեսուն տարեկան դառնալով՝ եկել է մկրտվելու, Հայրը վկայել է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին», իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է Նրա վրա: Փորձվել է սատանայից և հաղթել նրան: Փրկություն է քարոզել մարդկանց: Մարմնով աշխատել է, հոգնել, քաղցել ու ծարավել: Ապա կամովին եկել է չարչարվելու, խաչվել է և մարմնով մեռնելով հանդերձ՝ աստվածությամբ մնացել կենդանի: Մարմինը՝ աստվածության հետ միավորված, դրվել է գերեզմանի մեջ, իսկ հոգով ու աստվածությունից անբաժան` իջել է դժոխք, հոգիներին քարոզել, դժոխքն ավերել և հոգիներն ազատագրել: Երեք օրից հետո մեռելներից հարություն է առել և աշակերտներին հայտնվել:
   Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն այդ նույն մարմնով բարձրացել է երկինք և նստել Հոր աջ կողմում: Բայց և գալու է այդ նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, ինչը նաև բոլոր մարդկանց հարությունն է:
   Հավատում ենք նաև, որ հատուցում է տրվելու [մարդկանց] գործերին. արդարներին՝ հավիտենական կյանք, իսկ մեղավորներին՝ հավիտենական տանջանք:
   
   ՄԵՂԱՅ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆՆ
    Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ: Խոստովանիմ առաջի Աստուծոյ և սրբուհւոյ Աստուածածնին և առաջի քո, հայր սուրբ, զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ և գործով, կամայ և ակամայ, գիտութեամբ և անգիտութեամբ: Մեղայ Աստուծոյ:
   Մեղայ հոգւովս և զօրութեամբ սորա, մտօքս և շարժմամբ սորա, մարմնովս և զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս՝ խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ և երկչոտութեամբ, շռայլութեամբ և ժլատութեամբ, զեղխութեամբ և անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ և թերամտութեամբ: Մեղայ Աստուծոյ:
    Մեղայ չար խորհրդով մըտացս՝ նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով՝ արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի և ի տուընջեան երազական գիջութեամբ և անրջական գարշ աղտեղութեամբ: Մեղայ Աստուծոյ:
   Մեղայ ցանկութեամբ մարմնոյս՝ հեշտութեամբ, պղերգութեամբ, յօրանջմամբ քնոյ, շարժութեամբ մարմնոյս և զազրագործութեամբ ի պէս-պէս ախտս, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ և արբեցութեամբ: Մեղայ Աստուծոյ:
   Մեղայ չարաբանութեամբ լեզուիս՝ ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ և ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ և անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղայ Աստուծոյ:
   Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով և ընդ գարշս ածելով: Մեղայ Աստուծոյ:
   Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս և ամենայն անդամօք մարմնոյս, հնգեակ զգայարանօքս և վեցեկի շարժմամբս՝ վերամբարձ ոտնահարութեամբ և վայրաքարշ մեղկութեամբ,յաջ և յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով և վերջնոցն չար նշաւակ գոլով: Մեղայ Աստուծոյ:
   Այլ և մեղայ եւթնիցս յանցանօք մահացու մեղօք՝ հպարտութեամբ և մասամբք նորին, նախանձու և մասամբք նորին, բարկութեամբ և մասամբք նորին, ծուլութեամբ և մասամբք նորին, ագահութեամբ և մասամբք նորին, որկրամոլութեամբ և մասամբք նորին, բղջախոհութեամբ և մասամբք նորին: Մեղայ Աստուծոյ:
   Այլ և մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ՝ յանձնառելեացն և հրաժարելեացն, զի ոչ զյանձնառականսն կատարեցի և ոչ ի հրաժարելեացն հեռացայ: Զօրէնս առի և յօրինացն հեղգացայ, ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ և գործովս Զնարժան գտայ, գիտելով զչարն՝ կամաւ կորացայ և ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ. վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ:
Զո՞րն ասեմ կամ զո՞րն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ, և անբժշկելի են վէրք իմ: Մեղայ Աստուծոյ:
   Հա՛յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան և բարեխօս առ Միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, որ տուեալ է քեզ, արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:

   
ՄԵՂԱՆՉԵՑԻ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ ԴԵՄ
   Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության՝ Հոր, Որդու Սուրբ Հոգու դեմ: Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
    Մեղանչեցի հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով): Մեղանչեցի հոգուս զորությամբ՝ խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով՝ նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակնությամբ, թուլությամբ, պոռնկական խորհուրդով՝ արվամոլական, իգամոլական, անասնակա, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ՝ հեշտասիրությամբ, պղերգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ՝ ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով՝ վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով՝ հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ՝ հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով՝ կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ:
   Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ. հանցանքներս անթիվ են, անօրենություններս՝ անպատմելի, ցավերս՝ աններելի, և վերքերս՝ անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:
   Հա՛յր սուրբ, դու ես իմ՝ Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակի՛ր իմ մեղքերի կապանքները, աղաչո՛ւմ եմ քեզ:
   
   ԱՐՁԱԿՈՒՄՆ   
   Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած և թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց՝ խոստովանեցելոցն և մոռացելոցն: Եւ ես կարգաւս քահանայական իշխանութեան և հրամանաւն աստուածային թէ՝ «Զոր արձակիցէք յերկրի, եղիցի արձակեալ յերկինս», նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց՝ ի խորհրդոց, ի բանից և ի գործոց, յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ Եկեղեցւոյ, զի զոր ինչ գործիցես բարիս, եղիցի քեզ ի բարեգործութիւն և ի փառս հանդերձեալ կենացն: Ամէն:
   
   ՄԵՂՔԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՄ
   Մարդասեր Աստված թող քեզ ողորմի և թողություն շնորհի քո բոլոր հանցանքներին՝ թե՛ խոստովանված
և թե՛ մոռացված: Եվ ես քահանայական իշխանության կարգով և աստվածային հրամանով, թե՝ «Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում», այդ նույն խոսքով, Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, արձակում եմ խորհուրդներով, խոսքերով և
գործերով քո կատարած բոլոր մեղքերը: Այլև քեզ դարձյալ հանձնում եմ սուրբ Եկեղեցու խորհուրդներին, որպեսզի ինչ բարիք էլ գործում ես, բարեգործություն համարվի և քեզ հանդերձյալ կյանքի փառքին արժանացնի: Ամեն: