Ամբակումի մարգարեության մեկնություն 3։1

Ա. Լոպուխին

Ամբակում մարգարեի աղոթքը երգի համար: (Սինոդական թարգ․) [1]
   
   Այստեղ «աղոթք» (եբրայերեն՝ «տէֆիլլա` тэфилла», հունարեն՝ «proseuch», լատիներեն՝ «oratio») անվանումը, ինչպես և մի քանի Սաղմոսների նախաբանների մեջ (Սաղմ. 16, 71:20, 85, 89, 101, 141), ունի աստվածպաշտության ժամանակ օգտագործվող երգի նշանակություն (այս իմաստով, հենց նոր հիշատակված Սաղմ. 71−ի 20 համարում Դավթի բոլոր սաղմոսները կոչվում են «աղոթքներ», «տեֆիլլօտ` тэфиллот»): Մարգարեի կողմից հենց աստվածպաշտության ժամանակ օգտագործելու համար գրված այդ երգը, անշուշտ, շուտով այդպիսի գործածություն ձեռք բերեց: Դա տեղի ունեցավ շնորհիվ մարգարեի հեղինակության, և նրա անունը ընդմիշտ մնաց իր երգի նախաբանի մեջ (ճիշտ այնպես, ինչպես Յոթանասնիցում Սաղմ. 137−ն է Անգե և Զաքարիա մարգարեների անուններով մակագրված, իսկ Սաղմ. 138−ը միայն Զաքարիա մարգարեի անունով) աստվածպաշտական ուրիշ երգերից այն զատելու համար: Ամբակում մարգարեի գրքի երրորդ գլխի աստվածպաշտության մեջ օգտագործման արձագանք է նաև այս գլխի ուղղափառ−քրիստոնեական աստվածպաշտության վրա ունեցած, արդեն իսկ նշված ազդեցությունը՝ հենց երգերի չորրորդ կանոնի ձևավորման և կառուցվածքի վրա իրմոսներում (կանոնի ինը երգերից յուրաքանչյուրի առաջին տունը, որում փառաբանվում են սրբազան իրադարձությունները կամ անձինք) և տրոպարներում (կարճ աղոթական երգի տեսակ, որում բացահայտվում է տոնի էությունը, փառաբանվում և օգնության է կանչվում տվյալ օրվա սուրբը) շատ հաճախ, բառացի արտահայտություններ են լսվում Ամբակումի մարգարեության երրորդ գլխի հունասլավոնական թարգմանությունից: 1−ին համարի վերջին «շիգեիոնոտ­՝ шигейонот» բառի իմաստը կարելի է որոշել միայն ենթադրությամբ, որովհետև ընդհանրապես սաղմոսների նախաբանների մեջ կիրառված աստվածապաշտական−երաժշտության տերմինները իրենց իմաստով շատ անհասկանալի են և խորհրդավոր են մնում նույնիսկ հին թարգմանիչների համար: Յոթանասնիցը քննարկվող բառը փոխանցում է որպես երգի ընդհանուր անվանում՝ «μετα ὠ̨δης», որը, երանելի Հերոնիմոսի ենթադրությամբ կարող է նշանակել, որ «Մարգարեն աղոթում է Քրիստոսի գալստյան համար և Նրա մասին մարգարեանում է ուրախությամբ, սաղմոսով և երգով, այնպես որ, մի կողմից՝ աղոթքով նա ջանասիրաբար աղաչում է Հորը, իսկ մյուս կողմից՝ երգի մեջ գովաբանում է Հորը, Ով առաքելու է Որդուն, և Միածնին, Ով պետք է գա» (Ամբակում մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898, էջ 187): Անձամբ Հերոնիմոսը քննարկվող արտահայտությունը այլ կերպ է հասկանում: Քննարկվող բառը «շագա՝ шага՝ մեղանչել» բայից ծագեցնելով՝ իր թարգմանության մեջ (Վուլգաթայում) այն փոխանցում է «pro ignorationibus» ձևով, և իր մեկնաբանության մեջ բացատրում, որ «Հիմա մարգարեն ապաշխարություն է սահմանում և սգում այն, ինչն ինքը անխոհեմաբար է ասել. նա այն բանի համար է ներում խնդրում, որ անտեղյակությամբ է դա արել, որպեսզի հետո ողորմություն ստանա» (նույն տեղում, էջ 186): Նույն Հերոնիմոսի վկայությամբ (նույն տեղում, էջ 185)՝ այս արտահայտությունը նույն կերպ են թարգմանել Ակյուղասը, Սյումաքոսը և Կվինտան (Որոգինեսի Վեցէջիանում): Այս բառի նմանատիպ ծագման վրա (ճիշտ այնպես, ինչպես Սաղմ.. 7:1 համարի «շիգգայօն՝ шиггайон» բառի) հենվում են նաև որոշ նոր մեկնաբաններ (Էվալդ, Դելիչ Հիցիգ, Քլեյներտ)։ Սակայն նրանք այս արտահայտությանը այլ իմաստ են հաղորդում (сантио erratica, կրքոտ կամ չարչարանքների երգ, դիֆերամբ) և պնդում են, որ այս անվանումը մարգարեության բովանդակության հետ կապ չունի: Այս վերջին պարագան բացարձակ անվիճելի համարելով, ինչպես նաև նոր գիտնականների կողմից քննարկվող բառի բանասիրական հետազոտությունների և Հերոնիմոսի ու մի քանի հնագույն թարգմանությունների հետ համաձայնելով հանդերձ՝ պետք է բոլորից գերադասել Յոթանասնիցի «երգ» փոխանցումը: Թերևս, հնարավոր է, որ, ինչպես ենթադրում են որոշ հետազոտողներ, Յոթանասնիցը ընթերցել է ոչ թե «շիգեիյօնօտ՝ шигейонот», այլ «նէգինօտ՝ нэгинот», քանզի այդպես է եբրայերեն տեքստի սույն գլխի 19−րդ համարում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով:
(Արարատ թարգ․) Ամբակում մարգարեի աղոթքը մեղեդիներով։
(Գրաբար) Աղաւթք Ամբակումայ մարգարէի երգով։