Ա․ Լոպուխին
Փող հնչեցրե՛ք Սիոնում, ահազանգ տվե՛ք Իմ սուրբ լեռան վրա. թող դողան երկրի բոլոր բնակիչները, որովհետև կա՛մ գալիս է Տիրոջ օրը, կա՛մ մոտ է. (Սինոդական թարգ․)[1]
1−11−րդ համարներում մարգարեն երկրին պատուհասած աղետը կապում է առաջիկա ավելի մեծ աղետի՝ Տիրոջ դատաստանի օրվա հետ: Այդպիսով՝ մարգարեի խոսքը զարգանում է այնպես, որ ներկայի և ապագայի գծերը նրանում միաձուլվում են: «Փող հնչեցրե՛ք» արտահայտությամբ մարգարեն խոսքն ուղղում է քահանաներին (տե՛ս Թվ․ 10): Հրեաների մոտ, երանելի Հերոնիմոսի վկայությամբ, «шофар−փող» կոչվում էր հատկապես այն մետաղյա խողովակը, որը եղջյուրի նմանություն ուներ և ուժեղ ձայներ էր արձակում: Այն օգտագործվել է ճակատամարտի ժամանակ ազդանշաններ տալու (Դատ. 7:8, 16−20, Եր. 4:19−21, Սոփ. 1:16), թշնամիների հանկարծակի հարձակման մասին ազդարարելու (Դատ. 3:27, 6:34, Եր. 4:5), տոնակատարությունների սկզբի վերաբերյալ հայտարարելու համար (Թվեր 10.10, Դ Թագ. 6:15 և այլն): Մարգարեն Տիրոջ օրվա մոտալուտ գալուստը փողի ձայնով հայտարարելու է հրավիրում: «Սիոնում»․ Սիոն անունը Աստվածաշնչում օգտագործվում է և՛ հայտնի բլրի հատուկ անվան իմաստով, և՛ ցույց է տալիս ամբողջ Երուսաղեմը: Առաջին համարում այն օգտագործվում է վերջին իմաստով: Այսպիսով՝ մարգարեի խոսքը պատկերավոր բնույթ է ձեռք բերում: Հետևաբար, ժողովրդին փողի միջոցով կանչելու կարգադրությունից պետք չէ վերջնականապես եզրակացնել, որ մարգարեն նկատի ունի այն ժամանակը, երբ ամբողջ ժողովուրդը ապրում էր Սիոնի մոտ և, իսկապես, կարող էր կանչվել փողի ձայնով, այսինքն՝ հետգերության ժամանակաշրջանը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Փո՛ղ զարկէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լերան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը,
(Արարատ թարգ․)Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է
(Գրաբար)Փո՛ղ հարէք ի Սիոն. քարո՛զ կարդացէք ի լերին սրբութեան իմոյ. ժողովեսցին ամենայն բնակիչք երկրի. զի հասեալ է օր Տեառն. զի մերձ է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: