Ա․ Լոպուխին
4-7․ Քանի որ Գազան կլքվի, և Ասկաղոնը կավերվի, Ազոտոսը կեսօրին կաքսորվի, և Ակրոնն արմատախիլ կարվի: [4] Վա՜յ ծովեզերքի բնակիչներին, կրետացի ժողովրդին: Տիրոջ խօսքը ձեզ վրա է, Քանանա, փղշտացիների երկիր: Ես կբնաջնջեմ քեզ, և դու բնակիչներ չես ունենա։ Եվ ծովեզրյա երկիր վերածվելու է հովիվների ոչխարների փարախի և անասունների համար մակաղատեղիի: Եվ այս երկիրը լինելու է Հուդայի տան մնացորդներին, և այնտեղ պիտի արածեն, իսկ Ասկաղոնի տներում երեկոյան հանգստանան, քանի որ իրենց Տեր Աստված նրանց պիտի այցելի և գերությունից վերադարձնի: (Սինոդական թարգ․)
Մարգարեի ահեղ խոսքը ամենից առաջ ուղղվում է հրեաների արևմտյան հարևան փղշտացիներին: Փղշտացիների երկիր անվանումով, եբրայերեն՝ «пелешет» (հունարեն թարգմանության մեջ՝ «Παλαιστίνη» ... տե՛ս Հերոդոտոս, Պատմություն. 2, 104:7, 89, Սաղմ. 59:10, Ես. 14:29 և այլն), Աստվածաշնչում կոչվում է ներկայիս Սիրիայի ափամերձ գոտին՝ Յաֆայից մինչև Գազա, որն աստվածաշնչյան ժամանակներում սահմանակից էր Դանի, Սիմեոնի և Հուդայի ցեղերին պատկանող տարածքներին: Այս անվանումը սեպագիր արձանագրություններում «Palastu, Pilistu» տարբերակներով է հանդիպում: Այս արմատը հանդիպում է նաև եթովպերենում։ Այստեղ այն «թափառման և վերաբնակեցման» իմաստ ունի, որն էլ հիշեցնում է Յոթանասնիցի կողմից ժողովրդի անվանում հանդիսացող «пелиштим»−ի «ἀλλόφυλοι−օտարերկրացիներ» հասարակ անվան տեսքով թարգմանությունը։ Անմիջապես «փղշտացիներ» անվան մեջ էլ, ըստ երևույթին, ինչ−որ այլ երկրից նրանց Պաղեստին տեղափոխվելու մասին միտք է բովանդակվում: Նախապատմական ժամանակներում նրանց ինչ−որ Կափթորից (Ամբ. 9:7, Բ Օր. 2:23, Ծննդ. 10:14, Ա Մնաց. 1:12) կամ Կոփթոր կղզուց (Երեմ. 47:4) վտարման մասին Աստվածաշնչում էլ է ավանդություն պահպանվել։ Ըստ գիտության մեջ գերիշխող դիրքորոշման (Էվալդի, Կիներթի, Շտադի և այլք)՝ սա Կրետե կղզին է: Այստեղից էլ ծագում են փղշտացիների մյուս երկու անվանումները՝ Կաֆթորացի և Կլետացի (Եզեկ. 25:16, Սոփ. 2:5): Փղշտացիների Կրետե կղզուց ծագելու մասին տեսակետը լայն կերպով տարածված է եղել հնագույն ժամանակներում, ինչպես, իմիջիայլոց, երևում է Կյուրեղ Ալեքսանդրացու, Թեոդորիտի և Հերոնիմոսի մեկնաբանություններից: Ոչ առանց պատճառի, այս կարծիքի օգտին է առաջ քաշվում Հոմերոսի «Ոդիսական»−ի 19−րդ գրքի 172–177−րդ համարները (Շտադը): Սուրբ գրքում փղշտացիների պատմությունը զուգահեռ է աստվածաշնչյան հրեաների պատմությանը՝ նրա գրեթե ողջ երկայնքով: Նրանք կա՛մ գերիշխում էին հրեաների վրա (օրինակ, Դատավորների շրջանում, մասամբ՝ Սավուղի օրոք), կա՛մ ենթարկվում էին նրանց (Դավիթի, ապա Եզեկիայի օրոք և այլն)։ Ընդհանրապես, փղշտացիները բազմաթիվ թելերով կապված էին Իսրայելի և Հուդայի պատմությանը: Քաղաքական և վարչական հարաբերությունների տեսանկյունից՝ փղշտական երկիրը բաժանված էր հինգ մարզերի, որոնք ենթարկվում էին հինգ տիրակալների («сераним», Նավե. 13:3)։ Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր մայրաքաղաքը՝ Գազա, Ազոտոս, Ասկաղոն, Ակրոն անուններով, կամ ըստ Յոթանասնիցի ընթերցման՝ Գազայի գերիշխանությամբ Ասկարոն և Գեթ: Այս բոլոր քաղաքների և նրանց մարզերի աշխարհագրական դիրքի մասին խոսվում է Նավե. 13−ի մեկնաբանության մեջ (Տալկովայա Բիբլիա, հատոր II, էջ 330 և 326−329): Սոփոնիա մարգարեն Գեթի ճակատագրի մասին չի խոսում (ինչպես մյուս մարգարեները, որոնք կանխագուշակել էին փղշտացիների երկրին սպասվող ամայացման մասին, Ամբ. 1:6−8, Եր. 25:20, Զաք. 9:5, 6): Ըստ երևույթին, Հուդայի Օզիա թագավորի կողմից ջախջախվելուց հետո (Բ Մնաց. 26։6) այն կորցնում է իր ողջ նշանակությունը և մոտավորապես 711 թվականին վերջնականապես ավերվում է (տե՛ս Եվսեբիոս Կեսարացի, Onomasticon, 302): Մարգարեն առաջինը նշում է փղշտական ամենահարավային և ամենակարևոր քաղաքը՝ Գազան (տե՛ս Onomasticon, 306): Գազան (սեպագրերում Hazzatu, Hazzutu, Haziti, Թել−Էլ−Ամառնի գրություններում Azzati) ըստ եբրայերեն ստուգաբանության ծագել է «аз»−ից, որը նշանակում է «ուժ»: Քաղաքի հետագա ճակատագիրը պատկերելու համար մարգարեն օգտագործում է քաղաքի անվանը համահնչյուն «азува− լքված» բառը (Յոթանասնիցում՝ «διηρπασμένη», Վուլգաթայում՝ «destructa erit»): Ըստ երանելի Հերոնիմոսի՝ «Գազա» նշանակում է «իմ ամրոցը»: Հետևաբար, մարմնական ուժով կամ աշխարհիկ մեծությամբ պարծեցողները և սատանայի հետ միասին «Ես իմ ուժով կանեմ» ասողները Տիրոջ բարկության օրը կործանվելու և ոչնչացվելու են» (Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք, Մաս 14, Կիև, 1898 թ., էջ 271): Միջերկրական ծովի մոտ գտնվող Ասկաղոնը (Onomasticon. 162․ ասորերեն՝ «Iskaluna, Askaluna», Թել−Էլ−Ամառնի գրություններում՝ «Askaluna»), ըստ Հովսեփոս Փլավիոսի (Հրեական պատերազմ, III 21), հիանալի բերդ է եղել և վաղուց հայտնի է եղել Դերկետո Մելիթի (Деркето−Мелиты) աստվածուհուն նվիրված տաճարով, որը ավերվել է սկյութացիների կողմից: Հերոնիմոսը (կասկածելի, սակայն, բանասիրական հիմնավորմամբ) նշում է. «Ասկաղոնը (նշանակում է «կշռված» կամ «մարդասպան կրակ»), երբ Տիրոջ օրը գա, կզգա իր հանցագործության չափը և կկեղեքվի իր գործած մեղքի չափով: Եվ քանի որ ջերմեռանդորեն ձգտել է արյուն թափել, ուստի... այն կվերածվի անապատի և դժոխքի կրակով այրված փոշու» (տե՛ս նշված աշխ., էջ 271):
Ազոտոսը (Onomasticon. 36։ ասորերեն՝ «Asdudu») եղել է Դագոնի պաշտամունքի գլխավոր կենտրոնը, որի տաճարում մի ժամանակ եղել է Աստծու տապանակը (,Ա Թագ. 5): Օզիան քանդում է նրա պատերը (տե՛ս Բ ՄՆաց. 26:6), բայց հետո այն անկախանում է: Այնուհետև Ազոտոսը բազում անգամ պաշարվել է ասորեստանցիների և եգիպտացիների զորքերի կողմից (Ես. 20:1), մինչև, ըստ Հերոդոտոսի հաղորդման (Պատմություն 2:157), 28 տարի պաշարումից հետո գրավվել է Պսամմետրիքս փարավոնի կողմից: Մարգարեն Ազոտոսին («баццахараим»), օրը ցերեկով, այսինքն՝ այն ժամանակ երբ յուրաքանչյուրը իրեն համարում է քիչ թե շատ անվտանգ (Երեմ. 6: 4, 15: 8), նրա բնակիչներին արտաքսմամբ է սպառնում: Եկրոնը կամ Ակարոնը (Onomasticon. 61, ասորերեն՝ «Am Karruna») փղշտական հինգ քաղաքներից [կազմված շրջանի] ամենահյուսիսային քաղաքն էր. բաժանված հրեական թագավորության ժամանակաշրջանում եղել է Բահաղ−ճանճիկի կամ Զեվուվի կուռքի պաշտամունքի վայրը՝ տաճարով և նրա մոտ գտնվող պատգամախոսներով (այս մասին ընթերցի՛ր Դ Թագ. 1−ի մեկնաբանությունը․ տե՛ս Տալկովայա Բիբլիա հատոր II, էջ 495): Ինչպես Գազայի, այնպես էլ Երկոնի ճակատագրի առնչությամբ մարգարեն վերցնում է քաղաքի անվանը համահունչ «Екрон теакер−Երկոնը արմատախիլ կլինի» բացականչական ձևը (Յոթանասնից՝ «έκριὡωθησ´εται», Վուլգաթա՝ «eradicabitur», սլավոներեն՝ «Ակկարոնը արմատախիլ կլինի» (Զաք. 9:5, 7)):
Հաջորդիվ՝ 5−7−րդ համարներում, մարգարեն խոսում է ոչ միայն փղշտական առանձին քաղաքների, այլ նաև փղշտացիների ամբողջ երկրի ամբողջական կործանման մասին: 5−րդ համարի «ծովափնյա երկրի բնակիչներ» և «կրետեի ժողովուրդ» անվանումները մի կողմից, իսկ «Քանան» և «փղշտացիների երկիր» անվանումները մյուս կողմից, անշուշտ զուգահեռ և հոմանիշ են միմյանց, և ցույց են տալիս փղշտացիների երկիրն ու նրա բնակիչներին: Հետևաբար, անհնար է «кретим»−ը հասարակ անվան արժեքով ընդունել («гойкретим» արտահայտության մեջ), այն որպես «коретим» ընթերցել և Վուլգաթայի հետ որպես (gens) perditorum փոխանցել (ըստ Հերոնիմոսի՝ նման ընթերցումը ընդունված է եղել Ակյուղասի, Սյումաքոսի, Թեոդիտոնի և Քվինտի հնագույն հունարեն թարգմանություններում): Ընդհակառակը, անհրաժեշտ է ընդունել հրեական մասորեթական, Յոթանասնից (κρητῶν) և սիրիական տեքստերի, փղշտացիների երկրի բնակիչների հատուկ անվան իմաստով, ընթերցումը: Տեքստային բնույթ ունեցող և մինչև այժմ չլուծված մեծագույն դժվարությունը 6−րդ համարի եբրայերեն «кэрот» բառն է (հասարակ ընկալման համաձայն՝ «բակ, ջրամբար»)։ Սա Յոթանասնիցի կողմից էլ է նույն կերպ փոխանցվել «Κρήτη» (սլավոներեն՝ «крит»)։ Անկասկած, հակառակ տեքստի բնօրինակի և իրական իմաստի՝ Վուլգաթայում այս բառը ամբողջությամբ բացակայում է: Հետազոտողների կողմից այս դժվարությունները պարզաբանելու ուղղությամբ կատարված բոլոր փորձերը չեն պսակվել հաջողությամբ (տե՛ս Fr. Schwally. Das Buch Ssephanja... // Zeitschrift für die Alttestamentliche Wissenschaft. 1890, Hft. II, S. 185, 186, տե՛ս Ի. Տյուրնին Սոփոնիա մարգարեի գիրքը. Ք. Պօսսադ, 1897, էջ 100–104): 5−7 համարների ընդհանուր իմաստը, սակայն, միանգամայն պարզ է: Մարգարեն հայում է հեռավոր ապագայում փղշտացիների երկրին սպասվող աղետի պատկերը և այն տեսքը, որը երկիրը ստանալու է վերջինից հետո: Այժմ որպես եռացող կյանքի թատերաբեմ ծառայող, առատորեն բնակեցված նավահանգիստներով, բազմամարդ ու ամրացված քաղաքներով և ծովային ու ցամաքային լայն առևտրով փառավորված ծովեզերյա երկիրը Աստծո հրամանով ամայանալու և անապատային տափաստանի է վերածվելու, որտեղ միայն հովիվներն են իրենց հոտերով ապրելու: Այնուհետև, ըստ 7−րդ համարի, այս տափաստանը դառնալու է «Հուդայի տան մնացորդի» սեփականությունը, որոնք «Ասկաղոնի տներում երեկոյան հանգստանալու են, երբ Տերը՝ նրանց Աստվածը, ողորմածությամբ նայի և գերությունից վերադարձնի նրանց»: Ըստ Թեոդորիտի. «Սա կատարվել է այն ժամանակ, երբ հրեաները վերադարձան գերությունից։ Մակաբայեցիների գրքերում գտնում ենք, որ Հովնաթանն ու Սիմոնը Գազային, Ասկաղոնին և Պտղոմայիդային տիրելով՝ դրանք իրենց իշխանությանը ենթարկեցրին: Մարգարեության ճշգրիտ և անվիճելի կատարումը կարելի է տեսնել Փրկչի համբարձումից և սուրբ առաքյալների քարոզչությունից հետո, քանի որ նրանք դուրս եկան Հրեաստանից, այդ քաղաքներում մնացին մինչև երեկո, այսինքն՝ նախքան երեկոյի ավարտը, երբ Աստված նայեց հեթանոսներին և նրանց ազատեց դաժան ստրկությունից ու գերությունից» («Սոփոնիայի մարգարեության մեկնություն, մաս 5. Մ., 1857 թ., էջ 48):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Գազան յափշտակուած կը լինի, Ասկաղոնը կ՚աւերուի, Ազոտոսը միջօրէին կը կործանուի, եւ Ակկարոնը արմատից կը խլուի:
(Արարատ թարգ․) Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։
(Գրաբար) Զի Գազա յափշտակեալ լիցի, եւ Ասկաղոն յապականութիւն. եւ Ազովտոս ի միջաւրէի կործանեսցի, եւ Ակկարոն յարմատոյ խլեսցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: