Երեմիայի մարգարեության մեկնություն 16:16

Սուրբ Եփրեմ Ասորի

«Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, - ասում է Տէրը, - եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից:
   
   «Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։
Ուղիղ իմաստով՝ մարգարեն նկատի ունի բաբելոնացիներին և նրանց դաշնակիցներին, որոնց Աստված ուղարկեց հրեաների դեմ: Նրանք ծովային ձկնորսների պես բազում զորքերով շրջապատեցին Հրեաստանի քաղաքները և նվաճեցին դրանք, իսկ բնակիչներին անխոս ձկների պես բռնեցին իրենց ցանցերով, նույնիսկ այն հրեաներին, որոնք փախուստի դիմեցին և ապաստանեցին անմատչելի լեռներում ու ժայռերում, հետապնդեցին անհարթ և սահանքային (ժայռոտ) կածաններով և սպանեցին կամ գերի վերցրին: Հոգևոր իմաստով մարգարեն խորհրդավոր կերպով պատկերում է կռապաշտության ոչնչացումը: Հետևաբար, ձկնորսներ է անվանում սուրբ առաքյալներին, որոնք Աստծո կողմից ուղարկվել են, որպեսզի հետապնդեն ու հաղթեն հավատուրաց դևերին, որոնց յուրաքանչյուր լեռան և ամեն բլրի վրա կուռքերի տեսքով երկրպագում էին մարդիկ: Կուռքերի ու դիվական իշխանության տապալման hետևում ամբողջ մարդկային ցեղին իր նախկին երկիրը վերադարձնելու խոստում է տրվում, ինչն էլ այստեղ ցույց է տրվում իրենց ժառանգության երկիրը հրեաների վերադարձի պատկերով, որի մասին հիմա մարգարեանում է Երեմիան:
   

Ա. Լոպուխին

«Ահա, Ես ուղարկելու եմ բազմաթիվ ձկնորսների, - ասում է Տերը, - և պիտի որսան նրանց. իսկ հետո ուղարկելու եմ բազմաթիվ որսորդների, և նրանք պիտի որսան նրանց ամեն լեռից ու ամեն բլրից և ժայռերի խոռոչներից»։  (Սինոդակ. թարգմ.) [16]
   
   «Ձկնորսներն ու որսորդները» քաղդեացիներն են, որոնք երբեմն այնպիսի մեծ խմբերով էին գաղթեցնում հրեական պետության բնակչությունը, ինչպես որ ձկնորսներն էին ցանցերով քաշում ձկներին, ապա որսում էին լեռներում թաքնված առանձին հրեաներին (Ամբ. 1:15):

---------------------------------------

[16] (Էջմիածին թարգմ.) «Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, - ասում է Տէրը, - եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից:
(Արարատ թարգմ.) «Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։
(Գրաբար) Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս՝ ասէ Տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսորդս բազումս, եւ որսասցեն զնոսա ի վերայ ամենայն լերանց՝ եւ ի վերայ ամենայն բլրոց՝ եւ ի ծակուց վիմաց։