Զաքարիայի մարգարեության մեկնություն 4։2

Ա Լոպուխին

Եվ նա ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»: Ես պատասխանեցի ու ասացի. «Ահա տեսնում եմ, որ աշտանակն ամբողջությամբ ոսկեձույլ է, և նրա վար դրված է ձեթի համար մի բաժակ և յոթը ճրագներ կան դրա վրա, և յոթը ճրագները ունեն յոթը խողովակներ, որոնք նրա վրա են»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Կեյլի մեկնության համաձայն` յոթը ճրագները ներկայացնում են ընտրյալ ժողովրդի պատկերը, որը Տիրոջ առաջ փայլում է իր աստվածճանաչողության լույսով և լուսավորում է հեթանոսական անաստվածության խավարը: Այս պարագայում անձամբ աշտանակը խորհրդանշում է հինկտակարանյան եկեղեցու արտաքին տեսքը, իսկ ձեթը, որը պահպանում է ճրագների կրակը և դրանից ճառագող լույսը, համարվում է Տիրոջ Հոգու խորհրդանիշը: Աշտանակը, որը տեսնում է մարգարեն, հատուկ կերպով այն բանի համար է հարմարեցված, որպեսզի ձեթի պակասության պատճառով դրա ճրագների կրակը երբեք չմարի, ինչն էլ խորհրդանշում է Աստծո Հոգու զորության Եկեղեցին թողնելը: Սուրբ Եփրեմ Ասորու համաձայն` շարադրված պատկերը պետք է հասկանալ հետևյալ կերպ. «․․․Ոսկյա աշտանակը․․․ խորհրդանշում է թագավորական արժանապատվությունը, որի վրա է հիմնված ամեն ինչ․ նրա վերևում գտնվող ճրագները խորհրդանշում են քահանայական դասը: Երկու ձիթենիները, որոնցից մեկը աշտանակի աջ կողմում է, իսկ մյուսը` ձախ, խորհրդանշում են Իսրայելի ժողովրդի երկու կառավարիչներին` Հեսուին ու Զորաբաբելին, որոնցից մեկն օծված է թագավոր լինելու համար, իսկ մյուսը` քահանա»: Յոթը ճրագների ներքո սուրբ Եփրեմ Ասորին հասկանում է գերությունից հետո հրապարակ եկած երեք մարգարեներին և այն անձերին, որոնք հիշատակվում են Զաքարիայի մարգարեության 6:10 համարում (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Т. 6. М., 1907, էջ 223–224; հմմ. Երանելի Թեոդորետոս Կյուրացի, Զաքարիայի մարգարեության մեկնություն Творения, Ч. 5. С. Посад, 1907, էջ 86):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթը ճրագ, ճրագների վրայ՝ եօթը բերաններ»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։
(Գրաբար) եւ ասէ ցիս. Զի՞նչ տեսանես դու։ Եւ ասեմ. Տեսանեմ ահա՝ աշտանակ ոսկի ձոյլ, եւ գունդ ի վերայ նորա, եւ եւթն ճրագ ի վերայ նորայ, եւ եւթն բերանք ճրագացն որ ի վերայ նորա.