Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին:
Ի՞նչ է, որ ասում է. Լսիր երկինք և ունկնդիր եղիր երկիր.
Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին:
Խոսքի կառուցվածքը նախ ցույց է տալիս Աստծո բարկությունը, և նրանց անարժանությունը, որովհետև, թողնելով մարդկանց՝ խոսքն ուղղում է անբան տարերքին:
Երկրորդ՝ [խոսում է] համոթ մարդկանց: Որովհետև անզգամներից անզգա են, քանզի երկինքն ու երկիրը լսում են Աստծուն, իսկ նրանք՝ ոչ: Այսպես վարվում են նաև մյուս մարգարեները, ինչպես այն մարգարեն, որ ուղարկվեց Հերոբովամի մոտ, Բեթել՝ թողնելով թագավորին՝ նա Սեղանի հետ էր խոսում (Ամոս 9:1): Եվ Երեմիան, թե՝ «Երկիր, երկիր... լսիր Տիրոջ պատգամները... այդ մարդուն համարիր տարագիր այր» (Երեմ.22:29-30):
Երրորդ՝ որովհետև երկնքի և երկրի առջև Իսրայելին մեծ բարություն արեց՝ փրկելով եգիպտացիներից, երկինքն ու երկիրը մարտակից եղան, երկինքը կարկուտ և երկիրը՝ գորտ բխեցրեց: Այժմ նրանց, այսինքն՝ երկրին և երկնքին ցույց է տալիս փրկվածների չարիքը, թե զուր աշխատեցին:
Չորրորդ՝ որովհետև հրաշքներով քառասուն տարի անապատում երկնքից մանանայով և երկրի վրա վիմաբուխ ջրով և այլ բաներով առանց աշխատանքի պահեց նրանց: Իսկ նրանք լքեցին նույն հրաշագործ Աստծուն և անամոթաբար երկրպագեցին երկնքի զորություններին՝ արեգակին և լուսնին, անտառների փայտերին ու քարերին: Այս պատճառով, նրանց չարիքը կշտամբելով, դիմում է երկնքին և երկրին:
Հինգերորդ՝ նրանց չարիքը երկնքի հրեշտակներին և երկրի մարդկանց վկայում է, որ նրանք արժանի են Աստծո բարկությանը և ամեն տեսակ պատուհասների, որ գալիս էին նրանց վրա:
Վեցերորդ՝ Աբրահամին խոստացավ, թե՝ «Քո հետնորդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ...» (Ծննդ 13:16): Արդ, ինչպես հայտնի է դարձնում նրանց՝ ընդունելը, նույնպես և հայտնի է դարձնում նրանց մերժումը, երբ այլազգիների կողմից գերեվարվեցին:
Յոթերորդ՝ բազում էին իսրայելացիների հայրերը՝ երկնքի արդարները՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և մյուսները, բայց ինչպես երկրի վրա նրանց հայրերը մարգարեներն ու սուրբերն էին, ովքեր ուրախանում էին երբ Իսրայելն ընթանում էր բարեպաշտությամբ և Աստծուց բարիքներ էր ընդունում, նույնպես և խոտորվելով դեպի կռապաշտություն և պատուհասների ենթարկվելիս տրտմում էին: Սա այսպես էր ոչ միայն այն ժամանակ՝ հրեաների նկատմամբ, այլև այժմ, երբ մեզ է պատուհասում, և ապագայում, երբ խայտառակվելու ենք մեր չարությունների պատճառով: Երբ բացվեն մատյանները և երկնավորները երկիր իջնեն, այնժամ կհանդիմանվեն մեր չարությունները: Համաձայն այն խոսքի, թե՝ «Արդ, պիտի հանդիմանեմ քեզ և այս ամենը առջևդ դնեմ» (Սաղմ.49:21):
Ա. Լոպուխին
Լսի՛ր, երկի՛նք, և ականջ դի՛ր, երկի՛ր, քանի որ Տերն է խոսում. «Ես զավակներ ունեցա և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան Իմ դեմ»։ (Սինոդական թարգ․) [2]
Մարգարեի՝ առաջին գլխում շարադրված խոսքը հավանաբար հնչել է Հուդայի Աքազ թագավորի տիրապետության ժամանակաշրջանում, երբ Երուսաղեմում օրինազանց աստվածապաշտություն էր տիրում (հմմտ. 21, 29 և Դ Թագ. 16:3-4 համարներ), որի պատճառով և Տերն Ասորեստանի ու Իսրայելի թագավորների արշավանքների միջոցով պատժում է Հուդայի թագավորությանը (5-9 համարներ, Դ Թագ. 15:37, 16:5, Բ Մնաց. 28:5-8): Եսայի մարգարեի խոսքերը հավաքագրողներն այս տողերն առաջնային տեղում են զետեղել, հավանաբար, ի նկատի ունենալով դրա ընդհանրական բնույթը, որի պարագայում այն իսկապես հիանալի նախաբան է հանդիսանում մարգարեի հետագա բոլոր խոսքերի համար:
Երկնքին ու երկրին՝ որպես Իսրայելի մեղքերը դատապարտող վկաների դիմելու հանգամանքը հուշում է այդ դատապարտության կամ Իսրայելի դեմ ուղղված դատաստանի հրապարակայնության և կարևորության մասին (հմմտ. Բ Օր. 32:1): Բացի այդ, ինչպես որ Եսայու մարգարեության մեկնության իր գրքում նկատում է Թեոդորոս Երանելին, երկինքն ու երկիրը հանդես էին գալիս որպես միջոց հրեաներին Աստծո զանազան ողորմությունները հաղորդելու համար․ երկինքը մանանա էր «ուղարկում», երկիրը պտուղներ էր տալիս, և իսկապես, նրանք վկայեցին Իսրայելի երախտամոռության մասին ա՛յն ժամանակ, երբ որ Քրիստոս Գողգոթայում ավանդեց Իր հոգին:
Տերն Իսրայելին դաստիարակում էր նրան տրված կրոնական և քաղաքացիական օրենքների, ինչպես նաև ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ ամեն բան տալու միջոցով: Նա Իսրայելին բարձրացնում էր մյուս ազգերի միջից այն բանի շնորհիվ, որ նրան յուրահատուկ ձևով մոտեցրել էր Իրեն և հատկապես մեծ հրաշքներ էր գործել նրա համար (հմմտ. Բ Օր. 4:7, 26:19):
Հրեաներն ըմբոստացան Բարձրյալի դեմ այն բանով, որ Տիրոջից բացի պաշտեցին նաև այլ աստվածների (Աքազի օրոք), ինչպես նաև ա՛յն պատճառով, որ ականջալուր չեղան Նրա կողմից առաքված մարգարեներին (Բ Մնաց. 36:15-16):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին:
(Արարատ թարգ․) Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։
(Գրաբար) Լուր երկին եւ ունկն դիր երկիր` զի Տէր խաւսեցաւ: Որդիս ծնայ եւ բարձրացուցի, եւ նոքա զիս անարգեցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: