Ելից գրքի մեկնություն 1։9

Ա․ Լոպուխին

9-10․ Նա իր ժողովրդին ասաց. «Ահա, Իսրայելի որդիների սերունդը բազմամարդ է և մեզանից ավելի զորավոր: [9] Եկեք ինչ-որ բան հնարենք նրանց դեմ, որպեսզի ավելի չբազմանան, այլապես երբ պատերազմ ծագի, նրանք կմիանան մեր թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս կելնեն մեր այս երկրից»: (Սինոդական թարգ․)
   
   Փարավոնի մտավախությունը, թե հրեաները շարունակելով բազմանալ, հեշտությամբ կարող էին հեռանալ Եգիպտոսից, հիմնավորվում էր հենց հրեաների վարքագծով, որոնք առանց այդ էլ իրենց թվով և ուժով (Սաղմ. 104:24) գերազանցում էին բնիկ գեսեմացի եգիպտացիներին: Ինչպես երևում է Ա Մնացորդաց գրքի վկայություններից, Եփրեմի երկու որդիների պարտությունը Գեսեմի բնակիչների կողմից (Ա Մնաց. 7:21) և Քանանում նույն այս Եփրեմի դստեր (կամ թոռնուհու) կողմից Բեթորոն և Ոզան-Սեերան քաղաքների կառուցումը (Ա Մնաց. 7:24) խոսում էր այն մասին, որ հրեաները Եգիպտոսում ապրելու ընթացքում պահում էին իրենց կապը Պաղեստինի հետ՝ փորձելով հաստատվել այնտեղ: Այդ ձգողականությունը դեպի իրենց նախնիների երկիր, խոսում էր այն մասին, որ հրեաները, որոնք չէին միաձուլվել բնիկ եգիպտացիների հետ, առաջին իսկ հնարավորության դեպքում, այն ժամանակնների համար սովորական դարձած ու արևելյան սահմաններում ընթացող մի հերթական պատերազմի ժամանակ կարող էին հեշտությամբ լքել իրենց համար օտար այդ երկիրը:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից մեծ է և հզոր:
(Գրաբար) Եւ ասէ ցազգն իւր. ահա ազգ որդւոցն Իսրայէլի մեծ է զաւրութեամբ, եւ զաւրանայ քան զմեզ: