Ելից գրքի մեկնություն 3։2

Ա. Լոպուխին

Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից՝ կրակի բոցով: Եվ Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր այրվում: (Սինոդական թարգ․)[2]
   
   Մորենու վառվող, բայց չայրվող տեսիլքի արտաքին երեսը արտահայտում է հրեաների՝ Եգիպտոսում ունեցած թշվառ կացությունը: Մորենու թփուտը, որը աչքի չէր ընկնում ո՛չ մեծությամբ, ո՛չ էլ բերքատվությամբ, այս դեպքում հրեա ժողովրդի ցածր, արհամարհելի վիճակի (Դատ. 9:8-15) խորհրդանիշն է հանդիսանում, իսկ կրակի բոցը՝ իբրև բնաջնջող մի ուժ (Բ Օր. 4:24), ցույց է տալիս տառապանքների ծանրությունը (Բ Օր. 4:20, Երեմ. 11:4, Գ Թագ. 8:51): Բայց ինչպես որ թուփը վառվեց, բայց չայրվեց, ճիշտ նույն կերպ հրեա ժողովուրդը չանհետացավ, այլ միայն մաքրվեց պատուհասների հնոցում (Ելք 2:23):

   Մորենու թփուտում Մովսեսին երևացող Աստծո Հրեշտակը, ըստ Եկեղեցու հայրերի, համարվում է Սուրբ Երրորդության Երկրորդ Դեմքը, և ըստ Ստեփաննոս նախամարտիրոսի վկայության (Գործք. 7:35)՝ տարբերվում է միակ Աստծուց: Իսկ ահա ողջ տեսիլքը, ըստ հայրերի մեկնության, հանդիսանում է հաղորդության նախատիպը (Գրիգոր Նյուսացի, Թեոդորետոս Երանելի): Իսկ Եկեղեցու մյուս հայրերը, օրինակ՝ Կյուրեղ Ալեքսանդրիացին, համատեքստի համաձայն (Ելք 3:6-7) Աստծո Հրեշտակի անվան տակ հասկանում են հենց Աստծուն: Ըստ այս տեսակետի՝ Նա Իր գործունեության և նմանատիպ տեսիլքների միջոցով մարդկանց երևալու համար է, որ կոչվում է «Հրեշտակ», որը հանդես է գալիս ընտրյալ ժողովրդի մեջ:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում:
(Արարատ թարգ․)Եվ Տիրոջ հրեշտակը մորենու միջից կրակի բոցով երևաց նրան: Եվ նա տեսավ, որ ահա մորենին վառվում էր հրով, բայց չէր այրվում:
(Գրաբար)Եւ երեւեցաւ նմա հրեշտակ Տեառն բոցով հրոյ ի միջոյ մորենւոյ: Եւ տեսանէր զի մորենին վառեալ էր հրով, եւ ոչ այրէր մորենին: