Ելից գրքի մեկնություն 8։16

Ա․ Լոպուխին

16-17. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին՝ «մեկնի՛ր գավազանդ և հարվածի՛ր գետնին, և Եգիպտոսի ողջ երկրում միջատներ կլինեն»: [16]Եվ այդպես էլ արեցին. Ահարոնն իր գավազանը մեկնեց ու հարվածեց գետնին և միջատներ հայտնվեցին մարդկանց ու անասունների վրա։ Եգիպտոսի ողջ երկրի գետնի հողը միջատներով լցվեց։ (Սինոդական թարգ․)
   
   Երրորդ պատուհասը հետևյալն էր. գավազանի հարվածից հետո գետնի տակից դուրս եկան բազմաթիվ «кинним»-ներ, ըստ Յոթանասնից թարգմանության՝ «ոջիլներ»: Փիլոնի և Որոգինեսի կարծիքով, որը կիսում են նաև շատ այլ մեկնիչներ, դրանք մժեղներ, մոծակներ էին, որոնք Եգիպտոսի ջրերի վարարումների ժամանակ հայտնվող սովորական խայթողներ էին: Համաձայն Հովսեփիոս Փլավիոսի խոսքի, ինչպես նաև ըստ սամարական, սիրիական և արաբական Հնգամատյանների, այլև Օնկելոսի թարգմանության վկայությամբ, նաև ըստ մի շարք գիտնականների՝ Բուկստորֆի, Բուդդեի տեսակետի «кинним» անվան տակ պետք է հասկանալ մոծակներին: Այսպիսի ընկալման ստուգությունը հաստատվում է հետևյալ տվյալներով. «кинним»-ները՝ «սողուն» իմաստով, ըստ Աստվածաշնչյան պատմության՝ ծնունդ են առնում երկրային փոշուց (Ծննդ. 1:24), մինչդեռ մոծակները ստեղծվում են «ջրից» (Ծննդ. 1:20): Սակայն ինչ վերաբերում է մոծակներին, ապա չի կարելի ասել, թե նրանք «եղան մարդկանց, անասունների վրա» (Ելք 8:17):
   Եվ վերջապես «кинна» բառը Թալմուդում ունի «ոջիլ» նշանակությունը, սակայն նման բացատրությունը չի հակասում Յոթանասնիցի «σκνῖφες» թարգմանությանը: Այս արտահայտության կիրառումը հին հույն հեղինակների՝ Թեոսֆրատի, Աեթիուսի, Արիստոֆանեսի կողմից, ցույց է տալիս, որ տվյալ տերմինը կարող է նշանակել և՛ խոտերի ոջիլ, և՛ որդեր, և՛ լվեր:

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ ձեռքի գաւազանը մեկնի ու հարուածի գետնին, որպէսզի մժեղ լինի մարդկանց, անասունների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Մեկնի՛ր գավազանդ և հարվածի՛ր գետնին, որ ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”» :
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա՛ ցԱհարոն, թէ ձգեա՛ ձեռամբ քով զգաւազանդ և հա՛ր զհող երկրիդ. և եղիցի մո՛ւն ‘ի մարդ և յանասուն, և յամենայն երկիրդ Եգիպտացւոց։