Միքիայի մարգարեության մեկնություն 2։12

Ա․ Լոպուխին

Անպայն քեզ ամբողջովին կժողովեմ, ո՜վ Հակոբ, անպատճառ կմիացնեմ Իսրայելի մանցորդը, Բոսրայի ոչխարների պես, նրանց կհավաքեմ ինչպես հոտը՝ փարախի մեջ Նրանք աղմուկ կհանեն մարդկանց բազմության պատճառով։ (Սինոդական թարգ․)[12]
   

   12, 13−րդ համարների կապը նախորդների հետ մեկնաբանների կողմից տարբեր կերպ է հասկացվում։ Շատերը կարծում են, որ Իսրայելի համար ուրախալի խոստում բովանդակող այս համարները կեղծ մարգարեների խոսք (Միքայելիս, Էվալդ, Օրելլի) են։ Հակառակ գալիք աղետների մասին Միքիայի մարգարեության՝ կեղծ մարգարեները ժողովրդի հանդեպ Տիրոջ ողորմության և վերջինիս փառահեղ փրկության մասին են հռչակում։ Սակայն դժվար թե հնարավոր լինի 12, 13−րդ համարները որպես կեղծ մարգարեների խոսք դիտարկել. վերջիններիս 11−րդ համարում ընդհանրապես այլ խոսքեր են վերագրվում։ Ավելին՝ 12, 13−րդ համարներում խոսվում է գերությունից վերադարձի մասին, իսկ կեղծ մարգարեներն իրենց անգամ գերության մասին մտածել թույլ չէին տալիս (տե´ս Միք․ 3։15)։ Գոոնակերը, 12, 13−րդ համարները հենց Միքիայի մարգարեությունը համարելով, այս մարգարեության իմաստը ոչ թե ժողովրդի համար փրկություն, այլ աղքատություն և հենց գերություն հայտարարելու մեջ է տեսնում։ Ըստ Գոոնակերի` մարգարեն ցանկանում է ասել, որ ամբողջ ժողովուրդը նեղության մեջ կհավաքվի և արքայի գլխավորությամբ գերության կգնա։ Սակայն 12, 13−րդ համարների այդպիսի ընկալումը, չնայած ուղիղ կապ է հաստատում դրանց և աղետի անխուսափելիության մասին խոսող երկրորդ գլխի բովանդակության հետ, չի կարող ճիշտ համարվել․ 12−րդ համարի սկզբի և 13−րդ համարի վերջի արտահայտությունները («և Տերը կառաջնորդի նրանց») հստակ ցույց են տալիս, որ խոսքը ոչ թե աղետի, այլ փրկության մասին է, և Գոոնակերը, իր ընկալումը պաշտպանելու համար, չպետք է առանց որևէ հիմքի մատնանշվող արտահայտությունները որպես հետագայի ավելացում առանձնացնի։ Մարգարեն 12, 13−րդ համարներում, անկասկած, խոսում է գերության մեջ Հակոբի և Իսրայելի մնացորդը հավաքելու և ժողովրդին գերությունից ազատելու մասին։ Կարիք չկա քննարկվող համարները որպես հետագայի ավելացում դիտարկել (Նովակ և այլք), կամ էլ ընդունել, որ դրանք 11−րդ գլխի վերջ են տեղափոխվել Միքիայի գրքի այլ մասից (Շտեյներ, Ռիսսել)։ Մարգարեների մոտ աղետի կանխատեսումից դեպի փառահեղ ապագայի մասին հայտարարության անցնելը սովորական երևույթ է (տե´ս Ելք 7:8 և այլն)։ «Բոսրայի ոչխարների պես նրանց կհավաքեմ». «Բոսրան» հնագույն եդովմական քաղաք է (տե´ս Ծննդ. 36:33, Ելք 34:6; 63:1), որը ակնհայտորեն հարուստ էր անասուններով։ Այնուամենայնիվ, Յոթանասնիցը, երանելի Հերոնիմոսը, Ասորական տեքստը, Ակյուղասի թարգմանությունները, Սիմաքոսը և որոշ նոր մեկնաբաններ (Կնաբենբաուեր) նախընտրում են եբրայերեն «bozrah» բառը հասարակ գոյականի իմաստով հասկանալ։ Սլավոներենում, ըստ Յոթանասնիցի, «ինչպես վշտի մեջ գտնվող ոչխարները» տարբերակն է։ Երանելի Հերոնիմոսը «bozrah»−ն «ոչխարների փարախ» իմաստով է հասկանում։ 12−րդ համարի հունարեն և սլավոներեն տեքստերը բնագրի իմաստն են փոխանցում. «Բազմամարդության պատճառով նրանք կաղմկեն» («meadam»՝ «ժողովրդի պատճառով») ընթերցման փոխարեն սլավոներենում «կփախչեն մարդուց», այսինքն՝ մարդկանց կողմից հետապնդվող ոչխարների պես կշտապեն տարբերակն է։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կը հաւաքուի Յակոբը բոլորով հանդերձ, ամբողջովին կ՚ընդունի Իսրայէլի մնացորդներին. ես նրանց միասին կը վերադարձնեմ ինչպէս նեղութեան մէջ գտնուող ոչխարներ, ինչպէս հօտերը իրենց մակաղատեղի մէջտեղում: Նրանք մարդկանց կողմից դէպի խրամատները կ՚առաջնորդուեն,
(Արարատ թարգ․)Անպատճառ պիտի ժողովեմ քեզ, ո՛վ Հակոբ, ամենքի՛դ, Բոսրայի ոչխարների պես անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդին, ինչպես մի հոտ՝ իր փարախում. մարդկանց աղմկոտ բազմություն։
(Գրաբար)Ժողովելո՛վ ժողովեսցի Յակոբ ամենեքումբք հանդերձ, և ընդունելով ընկալցի զմնացորդս Իսրայէլի. և ի միասին արարից զդա՛րձ նոցա. իբրև ոչխարք ի նեղութեան. իբրև հօտք ի մէջ մակաղատեղի իւրեանց. վարեսցին ի մարդկանէ ընդ խրամ,