Ա. Լոպուխին
21-22. Եվ Մովսեսն իր ձեռքը մեկնեց ծովի վրա: Եվ Տերն արևելյան ուժգին քամով ետ մղեց ծովը: Ողջ գիշերվա մեջ ծովը ցամաքեց, և ջրերը բաժանվեցին: [21] Եվ Իսրայելի որդիները ծովի միջով գնացին ցամաքի վրայով, իսկ ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպներ եղան: (Սինոդական թարգ․)
Հրեաների՝ աստվածային զորությամբ եգիպտացիներից տարանջատվելուց հետո ծովի ջրերը բաժանվում են իրարից, որի նշանը եղավ այն, որ Մովսեսը գավազանով ձեռքը մեկնեց ծովին: Եբրայերեն տեքստում հրաշքը տեղի է ունենում արևելյան քամու միջոցով, իսկ հունարենում՝ հարավային: Այս տարաձայնությունը բացատրվում է հետևյալ կերպ. ճանապարհորդների վկայությունների համաձայն Սվեզի պարանոցում քամին փչում է հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ: Եվ քանի որ եբրայերենում առկա են միայն չորս ուղղությունների անունները, ապա, բնականաբար, միևնույն՝ հարավարևելյան քամին կարող էին կոչել թե՛ հարավային, թե՛ արևելյան: Քամու իրականացրած գործողությունը բնագրում բնորոշվում է «бака» եզրով (Ելք 14:16), որ նշանակում է «պատռել, կոտրել, ճեղքել»: Հետևաբար, ջրային զանգվածը ոչ թե պարզապես ցրվում է քամու միջոցով, այլ ճեղքվում, բաժանվում է երկու մասի, որն էլ հենց ուղղակիորեն մատնանշվում է հետևյալ տողերում. «Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել» (Ելք 14:22, հմմտ. Սաղմ. 73:13, 77:13, 135:13, Նեեմ. 9:11, Ես. 63:12, Ա Կորնթ. 10:1): Այդ պատճառով էլ քամին, որը ջրերն այնպես բաժանեց, որ դրանք պարսպի նման կանգնել էին արևմուտքից արևելք ընթացող հրեաների աջ ու ձախ կողմերում, պետք է լիներ ո՛չ թե հարավային, այլ՝ արևելյան:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն իր ձեռքը մեկնեց ծովի վրա: Եվ Տերն արևելյան ուժգին հողմով ետ մղեց ծովը: Ողջ գիշերվա մեջ ծովը ցամաքեց, և ջրերը ճեղքվեցին:
(Գրաբար) Եւ ձգեաց Մովսէս զձեռն իւր ի վերայ ծովուն. եւ դարձոյց անդրէն զծովն բռնութեամբ հողմոյ հարաւոյ զամենայն գիշերն: Եւ արար զծովն ցամաք. եւ պատառեցաւ ջուրն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: