Ելից գրքի մեկնություն 32։20

Ա. Լոպուխին

Եվ վերցրեց հորթը, որը նրանք պատրաստել էին, և այրեց այն կրակի մեջ, մանրացնելով փոշու վերածեց, լցրեց ջրի մեջ և տվեց այն Իսրայելի որդիներին, որպեսզի խմեն այն: (Սինոդական թարգ․)[20]
   
   20-29-րդ համարներում նկարագրվում է կռապաշտների նկատմամբ իրականացված դատը, որը սկսվում է ոսկե հորթի ոչնչացմամբ և շարունակվում է Ահարոնի դատապարտմամբ ու մեղավորների հալածմամբ:

   Խախտված է Բարձրյալի հետ կնքված ուխտը. տախտակները փշրված են: Բայց և այնպես Իսրայելը չի կարող մնալ իր նոր աստվածության՝ ոսկե հորթի հետ, քանի որ դրա գոյությունը ինքնին կռապաշտության առիթ է տալիս: Այդ իսկ պատճառով ոսկե հորթը ենթարկվում է ոչնչացման: Հորթը այրվում է, ավելի ճիշտ՝ այրվում է նրա փայտե հատվածը, իսկ չայրվող հատվածները՝ ոսկե ձուլակտորները, ջարդվում են, մանրացվում, թափվում լեռից հոսող ջրի հոսանքի մեջ (Բ Օր. 10:21 (ռուսերեն Սուրբ Գրքում՝ 9:21), և այդ ջուրը խմեցվում է հրեաներին: Հորթի ոչնչացումը դեռևս չէր նշանակում, որ ժողովրդի վրայից վերացվում էր մեղքը: Ընդհակառակը, ժողովուրդը խմում է այն ջուրը, որի մեջ թափվել էր փոշին, ա՛յն փոշին, որը մնացել էր հորթի այրումից հետո: Այսինքն՝ սրանով նա իր վրա է ընդունում մեղքը՝ դրա հետևանքներով հանդերձ:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի:
(Արարատ թարգ․) Ապա վերցրեց նրանց ձուլածո հորթը, այրեց կրակով ու փոշիացրեց, այն լցրեց ջրի մեջ և խմեցրեց Իսրայելի որդիներին:
(Գրաբար) Եւ առեալ զորթն զոր արարին` այրեաց հրով. եւ խարտեաց զնա մանր, եւ ցանեաց ի վերայ ջրոցն եւ արբոյց որդւոցն Իսրայէլի: