Ա․ Լոպուխին
5-6․ Սարերը դողում են Նրա առջև, և բլուրները հալվում են, և երկիրը տատանվում է Նրա դիմաց, և տիեզերքը և նրանում բոլոր ապրողները։ [5] Ո՞վ կկանգնի Նրա ցասման առջև։ Եւ ո՞վ կդիմանա Նրա բարկության կրակին։ Նրա բարկությունը թափվում է ինչպես կրակը, ապառաժները կործանվում են Նրա առջև։ (Սինոդական թարգ․)
Մինչ այժմ նշված Աստծո բարկության դրսևորումներին մարգարեն նորն է (համար 5) ավելացնում։ Աստծո բարկության ազդեցությունից ցնցման մեջ են ընկնում և իրենց հիմքում տատանվում են ոչ միայն լեռներն ու բլուրները, այլ նաև ամբողջ տիեզերքը՝ իր բոլոր բնակիչներով հանդերձ (պատկերները շատ տարածված են Հին Կտակարանի բանաստեղծական ու մարգարեական գրքերում (Սաղմ․ 18։7, 97։4−6, Ամ․ 18։8, Միք․ 1։4 և շատ ուրիշ վայրերում)։ Նախորդող երեք համարներում (3−5) ասվածների հիման վրա 6−րդ համարում եզրակացություն է արվում։ Ընդ որում՝ մարգարեն կտրուկ ժխտողականի փոխարեն հարցական խոսքի ձև է օգտագործում․ «ոչ ոք չի կարող կանգնել ամենակարող Աստծո բարկության և ցասման առջև, ոչ ոք չի կարող դիմանալ Աստծո դատաստանի ամեն ինչ խժռող կրակին»։ Ինչպես ամեն ինչ խժռող կրակի տեսքով Աստծո դատաստանի պատկերումը (Ծննդ․ 19։24, Թվ․ 11։1−3, 16։35, Դ Թագ․ 1։10, 12, Հոբ 1։16), այնպես էլ Աստծուն խժռող կրակ անվանելը (Բ Օր․ 4։24) շատ ծանոթ էին Իսրայելին։ Այդ պատճառով էլ Աստծո բարկության նկարագրությունից ինքնըստինքյան բխում է Ասորեստանի ապագա կործանման անխուսափելիությունը։ Այս երկիրը չար ու ամբարտավան էր և իր անօրինություններով գերազանցել էր Աստծո երկայնամտությանը և հարուցել էր Տիրոջ դատաստանի ներգործության անհրաժեշտությունը։ «Եթե իրենց իշխանությամբ բարձրացողներին և իրենց ամուր քար կարծողներին առանց դժվարության փշրում և ջնջում է, ապա ո՞վ կարող է հակադրվել Նրա կողմից ուղարկված պատժին» (երանելի Թեոդորոս «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․ 1857, գիրք 3, էջ 8)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները:
(Արարատ թարգ․) Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։
(Գրաբար) Լերինք շարժեցան ի նմանէ, եւ բլուրք սասանեցան. խախտեցաւ երկիր յերեսաց նորա, եւ համաւրէն ամենայն բնակիչք նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: