Ա. Լոպուխին
13–23. «Եվ այդ երկրի վրա կկատարեմ Իմ այն բոլոր խոսքերը, որոնք Ես ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որը Երեմիան մարգարեացել է բոլոր ժողովուրդների դեմ»։ [13] «Որովհետև նրանք նույնպես պիտի ստրկացվեն շատ ժողովուրդների և մեծ թագավորների կողմից. և Ես պիտի հատուցեմ նրանց իրենց արարքների համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։ «Որովհետև այսպես է ասել ինձ Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վերցրո՛ւ Իմ ձեռքից զայրույթի գինու այս բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մոտ Ես ուղարկում եմ քեզ»։ «Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և պիտի ցնորվեն` տեսնելով այն սուրը, որը Ես կուղարկեմ նրանց վրա»։ «Եվ ես բաժակը վերցրեցի Տիրոջ ձեռքից և դրանից խմեցրի այն բոլոր ժողովուրդներին, որոնց մոտ ինձ ուղարկեց Տերը»: «Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի ավերեն դրանք և դարձնեն սարսափի, ծաղրի ու անեծքի առարկա, ինչպես որ այսօր իսկ է»: «Փարավոնին` Եգիպտոսի թագավորին, և նրա ծառաներին ու նրա իշխաններին և նրա ամբողջ ժողովրդին»: «Եվ ամբողջ խառնածին ժողովրդին ու Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին, և Ասկաղոնին ու Գազային և Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին»: «Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին»: «Եվ Տյուրոսի բոլոր թագավորներին ու Սիդոնի բոլոր թագավորներին և կղզիների թագավորներին, որոնք ծովի այն կողմում են»: «Դեդեանին և Թեմային ու Բուզին և բոլոր նրանց, ովքեր կտրում են իրենց մորուքների ծայրերը»: (Սինոդական թարգմ.)
Դատաստան Բաբելոնի և ընդհանրապես հեթանոսների վերաբերյալ
Յոթանասուն տարի անց Բաբելոնն էլ իր հերթին կխմի Աստծո բարկության բաժակը, իսկ հետո այդ բաժակը կմատուցվի նաև ուրիշ ազգերին: Մարգարեն մանրամասնորեն թվարկում է այդ ազգերին: Սկսելով հրեաներից՝ նա նախ հիշատակում է հարավում գտնվող եգիպտական մեծ տերությունը, իսկ հետո նաև Հրեաստանի հետ սահմանակից փոքր պետությունները՝ Ուրը, փղշտացիների երկիրը, Եդոմը: Ապա հիշատակում է արևելյան հարևաններին՝ Մովաբին ու Ամմոնին, հյուսիսարևմտյան փյունիկյան պետությունն իր գաղութներով հանդերձ, հարավում և հարավ–արևելքում ապրող արաբական ցեղերը, և վերջապես հեռավոր պետությունները՝ Ելամը, Մեդիան ու մյուս հյուսիսային պետությունները, որոնցից հետո գալիս է Բաբելոնի հերթը: Տիրոջ կողմից այս բոլոր ազգերին Իր զայրույթի բաժակից խմել ստիպելու պատճառը մարգարեն բացատրում է նրանով, որ նույնիսկ Աստծո ընտրյալ ժողովուրդն է խմում այդ բաժակից: Ինչպե՞ս կարող է Տերը ներել հեթանոս ժողովուրդներին, ովքեր Աստծո ճշմարիտ դատաստանի առաջ շատ ավելի մեղավոր են:
---------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Այդ ամբողջ երկրի վրայ կը բերեմ այն ամէնը, ինչ ասել եմ նրա մասին ըստ այն ամենի, ինչ գրուած է այս գրքում, որ մարգարէացել է Երեմիան բոլոր ազգերի մասին, որոնց ծառայել են նրանք:
(Արարատ թարգմ.) «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։
(Գրաբար) Եւ ածից ի վերայ ամենայն երկրին այնորիկ զամենայն բանս իմ զոր խաւսեցայ վասն նորա՝ ըստ ամենայն գրելոցս ի գիրս յայսմիկ։ Զոր մարգարէացաւ Երեմիա ի վերայ ամենայն ազգաց,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: