Երեմիայի մարգարեության մեկնություն 31:9

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգեւելով ջրերի վտակների մօտ, ուղիղ ճանապարհով, որպէսզի չմոլորուեն նրա վրայ, քանզի Իսրայէլի համար ես հայր եղայ, եւ Եփրեմն իմ անդրանիկն է»:
   
    «Լալով»։ Քանի որ ճանապարհի երկարությունն ու խստությունը տեսնելու պատճառով նրանց համար բնական էր հուսալքվելը, ուստի արդարացիորեն է ոչնչացնում այս վախը՝ ասելով, որ կգա ոչ թե որպես փախչողները, ոչ թե որպես տագնապածները, այլ պատվով, մխիթարությամբ և պատշաճ հանգստությամբ, թեև ո՞ր միտքը կարող է հասկանալ այն պարագան, որ երբ քաղաքը գրավվեց, ու դրա իշխանները ստրկացվեցին, այդ իշխանների մոտ աշխատող ստրուկները պետք է ազատ լինեն հայրենիքում: Ուշադրություն դարձրո՛ւ փրկության անհրաժեշտ պատճառին, որը թույլ չի տալիս նրանց հպարտանալ: Ես նրանց կփրկեմ ոչ թե վաստակի, այլ բնական տրամադրության (կամ տրամադրվածության) համար (φυσικῆς διαθέσεως): Սա ցույց է տալիս, որ բոլորին էլ կփրկի: Ոչ մի հայր չի արհամարհի անդրանիկ որդուն, ինչպես նաև հոր կողմից փրկվածը չի կարող փառաբանվել:
   

Ա. Լոպուխին

«Նրանք գնացին արցունքներով, բայց Ես նրանց առաջնորդելու եմ մխիթարությամբ. նրանց առաջնորդելու եմ ջրերի վտակների մոտ` հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու. որովհետև Ես Իսրայելի հայրն եմ, և Եփրեմն Իմ առաջնեկն է»։ (Սինոդական թարգմ.) [9]
   
    Իսրայելացիները ուրախ արցունքներով կգնան («կգնան». ապառնի ժամանակի  փոխարեն դրվել է անցյալ ժամանակ) գերությունից: Այստեղ Աստծու «անդրանիկ» կոչվում է Եփրեմը, այսինքն՝ Իսրայելի թագավորությունը, քանի որ Եփրեմի հայր Հովսեփն արժանացել է առաջնության իրավունքներից մեկին, այսինքն՝ ժառանգության կրկնակի մասի  (Ա Մնաց. 5:2):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

------------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգեւելով ջրերի վտակների մօտ, ուղիղ ճանապարհով, որպէսզի չմոլորուեն նրա վրայ, քանզի Իսրայէլի համար ես հայր եղայ, եւ Եփրեմն իմ անդրանիկն է»:
(Արարատ թարգմ.) Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։
(Գրաբար) լալով ելին. եւ մխիթարութեամբ ածից զնոսա, հանգուցանել ի վերայ ջուրց վտակաց, ընդ ճանապարհ ուղիղ՝ եւ մի մոլորեսցին ի նմա. զի եղէ Իսրայէլի ի հայր, եւ Եփրեմ անդրանիկ իմ է։