Երեմիայի մարգարեության մեկնություն 36:3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

թերեւս Յուդայի տունն իմանայ այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպէսզի իւրաքանչիւրը յետ դառնայ իր չար ճանապարհից, եւ ես քաւիչ լինեմ նրա անօրէնութիւններին ու նրա մեղքերին»:
    
    «Թերևս»,– ասում է Աստված: Ասա՛ ինձ, Նա իսկապե՞ս չգիտի ապագան: Մի՞թե չգիտի` կլսեի՞ն արդյոք նրանք, թե՞ ոչ. Նա, Ով ամեն ինչ գիտի նախքան լինելը, Ով փորձում է սրտերն ու արգանդը, Ով դատում է ցանկություններն ու մտքերը, Ում աչքերում ամեն ինչ մերկ է և բաց: Ինչո՞ւ է Նա ասում. «Թե՞րևս Հուդայի տունը լսի»: Եվ սա պետք է իմանաք հանուն նրանց, ովքեր Միածինին մեղադրում են տգիտության մեջ: Ահա՛ նաև Հայրն է չիմացողներին բնորոշ արտահայտություններ օգտագործում, քանի որ «թերևս» բառը բնորոշ է չիմացողներին. միևնույն ժամանակ Նա չգիտի: Ուստի, երբ լսես, թե ինչպես է Որդին նման բան ասում, ապա նույն իմաստով հասկացի՛ր, քանի որ, որպես Որդի, Նա ամեն ինչում ընդօրինակում է Հորը:
    Բայց եկե՛ք առայժմ հետաձգենք այս վեճերը, որպեսզի չշեղվենք ներկա թեմայից: Հիմա քննարկենք, թե ինչու է ասում. «Թե՞րևս լսի»: Եթե ​​նա, առանց «թերևս»–ի  ասեր, որ նրանք կլսեն, ապա դա սուտ կլիներ, քանի որ նրանք չէին ցանկանում լսել: Եթե ​​Նա նրանց չլսելու մասին ճշմարտությունն ասեր, ապա մարգարեին իզուր ուղարկած կլիներ նրանց մոտ, ովքեր չէին լսելու: Նա ոչ միայն այդ պատճառով է անորոշ արտահայտություններ օգտագործում, այլ նաև այն բանի համար, որպեսզի նրա կանխատեսումը անհնազանդության համար անհրաժեշտ հիմք չհամարվի, և որպեսզի ինչ–որ մեկը չասի. «Աստված կանխատեսել է, և դա, անշուշտ, պետք է կատարվի»: Ճիշտ այս կերպ էլ ասում են Հուդայի մասին: Նրանք ասում են, որ Տերը կանխատեսել էր նրա մատնիչ լինելը, ուստի այդ պատճառով էլ նա դարձավ մատնիչ: O՜, խենթություն: Օ՜, անամոթություն: Ո՛չ, մա՛րդ, Աստծո կանխատեսումը չէ, որ չարիքի պատճառ է դառնում: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ այն կատարվելիքի պարտադիր պատճառը չէ, այլ միայն կանխատեսումն է: Հուդան մատնիչ չդարձավ այն պատճառով,  որ Քրիստոս կանխատեսեց: Այլ Հուդայի մատնիչ դառնալը պատճառ դարձավ, որ Քրիստոսը կանխատեսի այդ մասին: Հետևաբար, որպեսզի նույնիսկ այստեղ չասեն, որ «չեն լսի» ասելով Աստված փակել է նրանց ապաշխարության ճանապարհը, ուստի Նա նախապես նաև նրանց այս պատրվակն է չեզոքացնում ու մարգարեին ասում է. «Թե՞րևս»:
    Հիշե՛ք խոստումը. Ես այն բանի համար եմ ձեզ հաճախ այդ մասին հիշեցնում, որպեսզի դուք, մինչ ես խոսում եմ հարակից թեմաների մասին, չմոռանաք սկզբից մեր առաջարկած հիմնական թեման: Ո՞րն էր այդ թեման: Այն էր, որ եթե հրեաները իմանային, որ իրենց պատահած աղետները, այսինքն՝ այն աղետները, որոնք նրանք այժմ կրում են, գրքի պատճառով են, ապա այդ դեպքում նրանք կոչնչացնեին գրքերը և չէին խնայի նույնիսկ Սուրբ Գրքերը:
    

Ա. Լոպուխին

«Գուցե Հուդայի տունը լսի այն բոլոր չարիքների մասին, որոնք Ես մտադիր եմ անել նրանց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, որպեսզի Ես ներեմ նրանց անիրավությունն ու նրանց մեղքը»։ (Սինոդական թարգմ.) [3]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1

-----------------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) թերեւս Յուդայի տունն իմանայ այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպէսզի իւրաքանչիւրը յետ դառնայ իր չար ճանապարհից, եւ ես քաւիչ լինեմ նրա անօրէնութիւններին ու նրա մեղքերին»:
(Արարատ թարգմ.) Գուցե Հուդայի տունը լսի այն ամբողջ չարիքի մասին, որ ես մտադիր եմ նրանց անել, որ ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, և ես ներեմ նրանց անօրինությունն ու նրանց մեղքը»։
(Գրաբար) թերեւս լուիցեն տունն Յուդայ զամենայն չարիս, զոր խորհեալ եմ ես առնել նոցա։ զի դարձցին իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ. եւ քաւիչ եղէց անաւրէնութեանց նոցա եւ մեղաց նոցա։