Երեմիայի մարգարեության մեկնություն 52։1

  Ա. Լոպուխին

1-34. «Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և Երուսաղեմում թագավորեց տասնմեկ տարի։ Նրա մոր անունն էր Ամուտաղ՝ լիբնացի Երեմիայի աղջիկը»։ [1] «Եվ նա չարություն արեց Տիրոջ առաջ` ըստ ամեն ինչի, ինչ արել էր Հովակիմը»։ «Ուստի Տիրոջ բարկությունը եղավ Երուսաղեմի և Հուդայի վրա այն աստիճան, որ Նա վտարեց նրանց Իր առաջից. և Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ»։ «Եվ եղավ այնպես, որ նրա թագավորության իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, ինքը` Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա, և շրջափակեցին այն, ու նրա շուրջբոլորը հողապատնեշներ կառուցեցին»։ «Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին»։ «Չորրորդ ամսին՝ ամսվա իններորդ օրը, սովը սաստկացավ քաղաքում, և հաց չմնաց երկրի ժողովրդի համար»։ «Ճեղք բացվեց քաղաքի մեջ, և բոլոր պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջև գտնվող դարպասի միջով, որը թագավորական պարտեզի մոտ է, և գնացին տափաստանի ճանապարհով. մինչդեռ քաղդեացիներն էլ շրջապատել էին քաղաքը»։ «Քաղդեացիների զորքերը հետապնդեցին թագավորին և հասան Սեդեկիային Երիքովի հարթավայրում, և նրա ամբողջ զորքը փախավ իր մոտից»։ «Եվ վերցրին թագավորին և տարան նրան Բաբելոնի թագավորի մոտ` Ռիբղա, Եմաթի երկիրը, որտեղ նա դատավճիռ կայացրեց նրա դեմ»։ «Եվ Բաբելոնի թագավորը սպանեց Սեդեկիայի որդիներին նրա իսկ աչքի առաջ, և Հուդայի բոլոր իշխանավորներին էլ սպանեց Ռիբղայում»։ «Եվ կուրացրեց Սեդեկիայի աչքերը և հրամայեց նրան կապել պղնձե շղթաներով. ու Բաբելոնի թագավորը նրան տարավ Բաբելոն և բանտարկեց պահապանների տանը մինչև նրա մահվան օրը»։ «Հինգերորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, որը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի` Բաբելոնի թագավորի տասնիններորդ տարին էր, Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում, եկավ Երուսաղեմ»։ «Եվ այրեց Տիրոջ տունը ու թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները, ու բոլոր մեծ տները այրեց կրակով»։ «Եվ քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահապետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող բոլոր պարիսպները»։ «Ժողովրդի չքավորներին ու քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն դասալիքներին, որոնք Բաբելոնի թագավորի կողմն էին անցել, ու ընդհանրապես մնացած հասարակ ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ»։ «Երկրի չքավորներից միայն մի որոշ մասին Նաբուզարադան թիկնապահապետը թողեց խաղողի այգիների և երկրագործության համար»։ «Եվ պղնձե սյուները, որոնք Տիրոջ տան մեջ էին, ու պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տան մեջ էր, քաղդեացիները կոտրատեցին և նրանց ամբողջ պղինձը տարան Բաբելոն»։ «Եվ վերցրին տաշտերն ու թիակները և դանակներն ու թասերը և գդալներն ու պղնձե բոլոր անոթները, որոնք օգտագործվում էին աստվածապաշտության ժամանակ»։ Ե´վ ափսեները, և´ աքցանները, և´ թասերը, և՛ կաթսաները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ գավաթները, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ, թիկնապահապետը վերցրեց»։ «Նաև երկու սյուները, մեկ ծովը և տասներկու պղնձե ցուլերը, որոնք ծառայում էին որպես պատվանդաններ, որոնք Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար. այս բոլոր առարկաների պղինձը հնարավոր չէր կշռել»։ «Այս սյուները` յուրաքանչյուր սյուն, տասնութ կանգուն բարձրություն ուներ, և նրա շրջագիծը կազմում էր տասներկու կանգուն, իսկ նրա պատերի հաստությունը ներսից դատարկ էր` չորս մատնաչափ»։ «Եվ նրա վրայի խոյակը պղնձե էր, իսկ մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր. և ցանցը ու նռները, որ կային նրա շուրջը, բոլորը պղնձե էին. նույնն էր նաև մյուս սյունը` նռնաձև խնձորակներով։ «Նռնաձև խնձորակներն ամեն մի կողմի վրա իննսունվեց հատ էին. ցանցի շուրջբոլորը եղող նռները հարյուր հատ էին»։ «Թիկնապահապետը վերցրեց նաև Սերայիա քահանայապետին և Սոփոնիային` երկրորդ քահանային, և մուտքի երեք պահապաններին»։ «Եվ քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմիկների հրամանատարն էր, և յոթ մարդու, որոնք կանգնում էին թագավորի առաջ ու որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որը զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք գտնվում էին քաղաքում»։ «Եվ Նաբուզարադան թիկնապահապետը վերցրեց նրանց ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռիբղա»։ «Եվ Բաբելոնի թագավորը զարկեց նրանց ու սպանեց Ռիբղայում` Եմաթի երկրում. և Հուդան գերի տարվեց իր երկրից»։ «Ահա այն ժողովուրդը, որին գերի տարավ Նաբուգոդոնոսորը. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա»: «Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղեմից տարագրվեցին ութ հարյուր երեսուներկու հոգի»։ «Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի. ընդհանուր՝ չորս հազար վեց հարյուր հոգի»։ «Հովակիմի` Հուդայի թագավորի գերության երեսունյոթերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսվա քսանհինգերորդ օրը Եվիլմերովդաքը` Բաբելոնի թագավորը, իր թագավորության առաջին տարում բարձրացրեց Հովակիմին` Հուդայի թագավորին, և նրան հանեց բանտատնից»։ Եվ ընկերաբար խոսեց նրա հետ ու նրա գահը ավելի բարձր դրեց Բաբելոնում իր ունեցած մյուս թագավորների գահից»: «Եվ փոխեց նրա բանտային հագուստները, ու նա միշտ ճաշում էր նրա հետ իր կյանքի բոլոր օրերում»։ «Եվ նրա վարձատրությունը, մշտական վարձատրություն լինելով, թագավորի կողմից տրվում էր նրան ամեն օր` մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում»։ (Սինոդական թարգմ.)
   
   Երեմիա 52:1–34 համարներում նկարագրվում է Երուսաղեմի կործանումը և գերեվարված Հեքոնիա թագավորի կարգավիճակի փոփոխությունը: Երեմիայի մարգարեությունների կատարման արդյունքում Երուսաղեմը գրավվեց և կործանվեց քաղդեացիների կողմից, դրա բնակիչները մասամբ գերեվարվեցին, մասամբ սպանվեցին, տաճարն այրվեց, իսկ  այնտեղ եղած բոլոր իրերը (դրանց մի մասը կոտրված վիճակում էր) Բաբելոն տարվեցին:
   Երեմիայի գրքի լրացումը հանդիսացող այս գլուխը ուղղակի կապ չունի գրքի նախորդ գլուխների հետ: Ըստ բովանդակության, այն գրեթե նույնական է Թագավ. 4–րդ գրքի վերջին բաժնի հետ  (Դ Թագավ. 24:18–25:30): Միայն Դ Թագավ. 25:22–26 համարներում եղածի փոխարեն Երեմիայի մոտ զետեղված է Նաբուգոդոնոսորի կողմից տարված հրեաների ցուցակը, որը հայտնի չէ թե որտեղից է վերցված:

--------------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Քսանմէկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագաւոր դարձաւ: Տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր:
(Արարատ թարգմ.) Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։
(Գրաբար) Քսան եւ մի ամաց էր Սեդեկիա արքայ ի թագաւորել իւրում. եւ մետասան ամ թագաւորեաց յԵրուսաղէմ, եւ անուն մաւր նորա Ամիտաաղ դուստր Երեմիա ի Ղուբենայ։