Եսայու մարգարեության մեկնություն 16։3

Ա. Լոպուխին

3-5. «Խորհո՛ւրդ գումարիր, որոշո՛ւմ կայացրու. հովանի՛ եղիր մեզ ցերեկվա ժամին, ինչպես գիշերը դա անում ես Քո ստվերով, ապաստա՛ն տուր արտաքսվածներին, մի՛ մատնիր փախստականներին»: [3] «Թող որ քեզ մոտ ապրեն իմ արտաքսված մովաբացիները, նրանց համար թաքստոց եղիր գողերից, քանի որ չի լինելու նեղացնողը, դադարելու է թալանը, ոտնահարողները վերանալու են երկրի երեսից»: «Եվ գահը հաստատվելու է ողորմածությամբ, ու նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ բազմելու է դատավորը, որը փնտրելու է ճշմարտությունն ու ձգտելու է արդարության»: (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ մարգարեն նկատի ունի մովաբական դեսպաններին, որոնք եկել են հուդայական թագավորի մոտ՝ խոսելու:

   «Խորհո՛ւրդ գումարիր», այսինքն՝ խորհրդակցի՛ր քո նախարարների հետ:

   «Հովանի՛ եղիր նրանց», այսինքն՝ թույլ տուր, որ հանգստանան քեզ մոտ, քո հովանավորության տակ, ինչպես որ շոգից ուժասպառ ճամփորդն է հանգստանում ինչ-որ մի մեծ, ստվերախիտ ծառի տակ:

   «Իմ․․․»․ այստեղ խոսքը հնչում է մովաբական թագավորի կողմից:

   «Չի լինելու նեղացնողը», այսինքն՝ թշնամիները տուն են վերադառնալու կամ, հնարավոր է, ինչ-որ ճանապարհով ոչնչացվելու են:

   «Եվ հաստատվելու է», ասել է թե՝ քո իշխանությունը, քո կարևորությունը, ո՜վ իսրայելական թագավոր, առավել ևս մեծանալու է մովաբացիներիս հանդեպ քո ողորմած վերաբերմունքի շնորհիվ:

   «Դատավորը», հավանաբար, հրեաների կողմից սպասվող Մեսիան է (2:2), Որի մասին, իհարկե, հրեաների շուրթերից կարող էին լսած լինել նաև մովաբացիները, ուստի մարգարեն հիմք ուներ այդպիսի խոսքեր դնել մովաբացիների շուրթերին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սակայն դու էլ, Առնո՛ն, փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգոյ տներ կառուցելու, որոնք, կարծես խաւարի մէջ, միջօրէի ժամին հանապազ փախչում են:
(Արարատ թարգ․) Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։
(Գրաբար) Բայց ապա եւ դու առնովն աւելի ինչ խորհեաց առնել յարկս սգոյն նոցա. հանապազ ի միջաւրէի իբրեւ ընդ խաւար փախիցեն: