Եսայու մարգարեության մեկնություն 16։6

Ա. Լոպուխին

«Մենք լսել ենք Մովաբի հպարտության՝ չափազանց մեծ հպարտության մասին, նրա մեծամտության, ամբարտավանության ու կատաղության մասին. նրա խոսքը ազնիվ չէ»: (Սինոդական թարգ․) [6]
   
   6-12-րդ համարներ. հրեական թագավորի խորհրդականները, մարգարեի խոսքի համաձայն, անհնար են համարում մովաբական այդ հպարտ ժողովրդի խնդրանքն ի կատար ածելը: Մովաբացիները ծանր հանգամանքների բերումով խնդրում են դաշինք կնքել իրենց հետ, սակայն հետո, երբ որ վտանգն անցնի, նրանք հեշտությամբ կարող են մոռանալ իրենց խոստումները: Առանց օգնության մնացած Մովաբն այդ ամենից հետո ամբողջությամբ ուժասպառ է լինելու թշնամիների պատճառով: Մարգարեն կանխատեսում է մովաբական երկրի ամենաբերքառատ տարածքների ամայացումը, ու նրա հոգին տառապում է այդ բանի պատճառով, չնայած որ մովաբացիները հրեաների վաղեմի թշնամիներն էին:

   Եսայի մարգարեի խոսքերը մովաբացիների՝ հպարտ ազգ լինելու մասին հաստատում է նաև Երեմիա մարգարեն, ով ասում է, որ «իր մանկությունից ի վեր Մովաբը հանգիստ էր, գինու պես իր մրուրի վրա էր նստել ու ամանից աման չէր թափվել և գերության չէր մատնվել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, ու բույրը չէր փոխվել (Ես. 48:11): Այս խոսքերով մարգարեն մատնանշում է այն որոշակի անվտանգությունը, որի մեջ գտնվում էր Մովաբը՝ հրեաների հետ համեմատած, ուստի և նա այժմ էլ հույս ունի, որ բարենպաստ կերպով դուրս կգա այն դժվարություններից, որոնց մեջ հայտնվել է: Այդ իսկ պատճառով էլ, հնարավոր է, որ թեև մովաբացիները ցանկանում էին դաշինք կնքել հրեական թագավորի հետ, սակայն այդ հանգամանքին շատ մեծ նշանակություն չէին տալիս ու ընդհանրապես չէին մտածում այն պարտավորությունների մասին, որոնք դրվելու էին նրանց վրա այդպիսի դաշինք կնքելու պարագայում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Լսեցինք Մովաբի ամբարտաւանութեան մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտաւանութիւնը ես վերացրի քեզնից,
(Արարատ թարգ․) Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։
(Գրաբար) Լուաք զամբարտաւանութիւնն Մովաբու` զի հպարտացեալ էր յոյժ. հպարտութիւն նորա եւ ոխակալութիւն եւ զամբարտաւանութիւնն քո բարձի ի քէն: ոչ այնպէս որպէս դիւթութիւնն քո: