Եսայու մարգարեության մեկնություն 19։14

Ա. Լոպուխին

14-15․ «Տերը նրա մեջ ուղարկեց արբեցության ոգի, ու այն Եգիպտոսին մոլորեցրեց իր բոլոր գործերում՝ նման այն բանին, թե ինչպես հարբած մարդը քայլում է իր փսխածի միջով»: [14] «Եվ եգիպտոսում այնպիսի գործ չի լինելու, որն ավարտել կարողանային գլուխն ու պոչը, արմավենին ու թփերը»: (Սինոդական թարգ․)
   
   «Ուղարկեց»․եբրայերեն տեքստում՝ «խառնեց», «լցրեց»:

   «Նրա մեջ», այսինքն՝ եգիպտական երկրի մեջ՝ ճիշտ այնպես, ինչպես որ ափսեի մեջ:

   «Արբեցության ոգի», ասել է թե՝ արբեցնող հեղուկ: Առավել հավանական է, որ այս արբեցումը ազդել էր փարավոնի խորհրդականների վրա, որոնք այդ իսկ պատճառով Եգիպտոսին առաջնորդեցին ոչ այն ուղիով, որով որ նա պետք է ընթանար:

   «Գլուխն ու պոչը», այսինքն՝ կառավարիչներն ու ենթակաները:

   «Արմավենին ու թփերը», ասել է թե՝ հասարակության վերին ու ստորին խավերը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Տէրը մոլորութեան ոգի խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է:
(Արարատ թարգ․) Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։
(Գրաբար) Քանզի Տէր խառնեաց նոցա ոգի մոլորութեան, եւ մոլորեցուցին զԵգիպտոս յամենայն գործս իւրեանց. որպէս մոլորիցի արբեալ` եւ որ փսխիցէն: