Եսայու մարգարեության մեկնություն 19։19

Ա. Լոպուխին

19-20․ «Այն օրը Տիրոջ համար զոհասեղան է դրվելու եգիպտական երկրում, և Տիրոջը նվիրված հուշակոթող՝ նրա սահմանների վրա»: [19] «Եվ այն եգիպտացիների երկրում Զորությունների Տիրոջ համար հավիտենական նշան և վկայություն է լինելու, քանի որ եգիպտացիներն իրենց նեղությունների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և Տերը նրանց մոտ է ուղարկելու փրկիչ ու պաշտպան, որը պիտի փրկի նրանց»: (Սինոդական թարգ․)
   
   Եգիպտական երկրում հաստատվելու է ճշմարիտ աստվածպաշտություն՝ իր արտաքին բոլոր ծիսակատարություններով: Եգիպտացիները, ինչպես և հրեաները, ծառայելու են Բարձրյալին ու մոտենալու են Նրան զոհաբերությունների միջոցով: Սակայն հազիվ թե Եսայի մարգարեի այս խոսքերը կարելի է վերագրել Հին Կտակարանում խոսվող, ավելի ուշ տեղի ունեցած այն մասնավոր դեպքերին, երբ եգիպտացիները դարձել էին դեպի հրեաների հավատքը: Ավելի շուտ, մարգարեն այստեղ խոսում էր Եգիպտոսի՝ դեպի Քրիստոս գալիք դարձի մասին: Այդ իսկ պատճառով նրա կողմից հիշատակվող զոհասեղանն ավելի ճիշտ է հասկանալ որպես Աստծո տաճար, որ քրիստոնեության ժամանակաշրջանում առաջացան Եգիպտոսում:

   «Տիրոջը նվիրված հուշակոթող», եբրայերեն տեքստում՝ «սյուն», «կոթող» («մացցևա»): Այն կանգնեցվելու է, եթե եբրայերենից բառացի թարգմանենք,  եգիպտացիների երկրին «մոտ» կամ նրա «սահմանին», և յուրաքանչյուրի համար, ով մուտք է գործելու այդ երկիր, լինելու է որպես նշան և հավաստիացում այն բանի, որ Եգիպտոսում երկրպագում են ճշմարիտ Աստծուն՝ Բարձրյալին: Իհարկե մարգարեի խոսքերը չպետք է բառացի հասկանալ. մարգարեն միայն ցանկանում էր ասել, որ ամբողջ աշխարհն իմանալու է, որ Եգիպտոսը դարձել է դեպի ճշմարիտ հավատքը:

   Եվ եթե Եգիպտոսը դառնա դեպի ճշմարիտ Աստված, ապա Աստված էլ կդառնա դեպի Եգիպտոսը՝ նրան Իր օգնությունն առաքելոց, ինչպես որ Նա դա արել էր, երբ հրեանե՛րն էին դեպի Ինքը դարձել Դատավորների ժամանակաշրջանում (Դատ. 3:9, 15, 4:3 և այլ հատվածներ):

   «Փրկիչ», եբրայերենում՝ «մոշիախ»: Այսպես էին կոչվում իսրայելական դատավորները (Դատ. 6:36, 12:3 և այլ հատվածներ):

   «Պաշտպան», եբրայերենում՝ «ռավ», այսինքն՝ մարտիկ, վրիժառու (հմմտ. Դատ. 6:31):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող,
(Արարատ թարգ․) Այն օրը Տիրոջ համար մի զոհասեղան է լինելու Եգիպտոսի երկրում, և նրա սահմանին՝ մի հուշակոթող Տիրոջ համար։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցի սեղան Տեառն յերկրին Եգիպտացւոց, եւ արձան կանգնեալ Տեառն ի սահմանս նորա: