Ա. Լոպուխին
9-12․ Ապշեցե՛ք և զարմացե՛ք․ նրանք կուրացրեցին մյուսներին, և իրենք էլ կուրացան, նրանք հարբած են, սակայն ոչ գինուց, օրորվում են, սակայն ոչ օղուց։ [9] Քանի որ Տերը ձեզ վրա ուղարկեց թմրության ոգին և փակեց ձեր աչքերը, մարգարենե՛ր, և ծածկեց ձեր գլուխները, ծածկատեսնե՛ր։ Եվ յուրաքանչյուր մարգարեություն ձեզ համար նույնն է, ինչ որ ա՛յն կնքված գրքի խոսքերը, որը տալիս են գիրք կարդալ իմացողին և ասում են․ «Կարդա՛ այն», և սա պատասխանում է՝ «չեմ կարող, որովհետև այն կնքված է»։ Եվ այդ գիրքը տալիս են մեկին, ով կարդալ չի կարողանում, և ասում են․ «Կարդա՛ այդ», և սա պատասխանում է․ «Ես կարդալ չեմ կարողանում»։ (Սինոդական թարգ․)
Այստեղ մարգարեն նկարագրում է այն տպավորությունը, որն իր խոսքերը պետք է թողնեին հրեա անհասկացող ժողովրդի վրա։ Հրեաները հույսները չեն դրել Աստծո օգնության վրա, այլ ապավինել են Եգիպտոսի օգնությանը։ Այդ պատճառով էլ հրեաները ոչ թե ուրախացել են, այլ տարակուսել են մարգարեի խոսքերից։ Նրանք նման են կույրերի, որոնք կուրացել են ոչ առանց աստվածային թույլտվության, և նրանք Եսայու մարգարեությանը վերաբերում են որպես այնպիսի մարդիկ, որոնք պետք է ներթափանցեն կնքված գրքի պարունակության մեջ, կամ էլ որպես անգրագետ մեկը, որին առաջարկում են ինչ-որ բան կարդալ։
«Ապշեցե՛ք և զարմացե՛ք», այսինքն՝ «դուք ինչքան ցանկանում եք կարող եք զարմանալ իմ խոսքի վրա, դրանք տարօրինակ համարել, սակայն ամեն պարագայում ես պարտավոր եմ ձեզ ասել դրանք, և այլ խոսքեր դուք չեք լսի»։
«Իրենք էլ կուրացան» – համաձայնեցնելով նախորդող բառերի հետ՝ ավելի ճիշտ կլինի այս արտահայտությունը նույնպես թարգմանել հրամայական կերպով՝ հետևյալ ձևով․ «Կուրացրե՛ք ինքներդ ձեզ և մնացե՛ք ձեր կուրության մեջ»։
«Նրանք հարբած են․․․» - Մարգարեն այլ կերպ չէր կարող բնութագրել հրեա քաղաքական գործիչների մտադրությունները, քան նրանց գործողություններն ամբողջովին հարբած մարդկանց վարվելակերպ կոչելով։
«Տերը ձեզ վրա ուղարկեց թմրության ոգին»։ Եսայուն ունկնդրել չցանկացող հրեաների դաժանությունն ու համառությունը մարգարեն այստեղ նկարագրում է որպես Աստծո պատիժ՝ նախկինում իրենց ցուցաբերած վարքի, անցյալում տեղի ունեցած հայտնություններին չհավատալու համար։
«Մարգարեներ․․․ ծածկախոսներ»։ Հավանաբար այստեղ Եսային ի նկատի ունի ա՛յն մարդկանց, որոնք առանձնահատուկ մարգարեական ունակությունների վրա հիմնվելով (ունակություններ, որոնք նրանք իրենք իրենց էին վերագրում) հանդես էին գալիս որպես Եսայու կամ մեկ այլ իրական մարգարեի առավել դժվարըմբռնելի խոսքերի մեկնաբանություններով, և այդ ամենի շնորհիվ, հնարավոր է, որոշակի հեղինակություն ունեին հրեական շրջանակներում։ Սակայն այդ մարգարեներն ու ծածկատեսները հաճախ սխալվում էին իրենց մեկնաբանություններում և չէին հասկանում Եսայու խոսքերի իրական իմաստը։ Հավանաբար ժողովուրդը նրանց էր դիմում՝ բացատրություն ստանալու համար, օրինակ, Արիելի մասին մարգարեության վերաբերյալ, սակայն այս պարագայում վերոնշյալ «մեկնաբաններն» իրենց կոչման բարձունքում չէին գտնվում։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ապշահար եղաք, յիմարացաք, թմրեցիք, է՛լ աւելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց եւ ո՛չ էլ օղուց
(Արարատ թարգ․) Ապշե՛ք ու զարմացե՛ք, շլացրե՛ք ձեզ և դարձե՛ք կույր, հարբե՛ք, բայց ոչ գինիով, տատանվե՛ք, բայց ոչ օղուց,
(Գրաբար) Զարմացարուք. յիմարեցարուք. թմբրեցարուք, եւ առաւել թմբրեցարուք. արբեցարուք ոչ ի գինւոյ եւ ոչ ի ցքւոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: