Ա. Լոպուխին
4-5. Որովհետև այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, բայց նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։ [4] Ինչպես թռչունները՝ ճուտիկներին, այնպես էլ Զորությունների Տերը ծածկելու է Երուսաղեմը, պաշտպանելու է և ազատելու է, խնայելու է և փրկելու է նրան։ (Սինոդական թարգ․)
Ես. 31:4-9: Մի կողմից էլ, սակայն, ոչ մի թշնամի և նույնիսկ Ասորեստանը չի սարսափեցնի Երուսաղեմին, երբ Տերն իջնի Սիոնից՝ օգնության հասնելու համար իրենց նախկին անհավատությունից դարձի եկած հրեաներին։ Հրեաների թշնամիները կցրվեն սարսափելի խուճապով, և Տիրոջ սուրը կխոցի նրանց։
Միայն Տերը կարող է հրեաներին պաշտպանել ասորեստանցիներից։ Դրա համար էլ Նա կիջնի Սիոն լեռան վրա, որտեղ գտնվում էին Տիրոջ տաճարը և թագավորական պալատը, ինչպես նաև Սիոնի բլրի կամ Երուսաղեմի այլ վայրերի վրա, որտեղ քաղաքի հասարակ բնակիչներն էին ապրում։
«Ինչպես թռչունները՝ ճուտիկներին» թարգմանությունն անհստակ է: Ավելի ճիշտ կլինի այս համարը թարգմանել հետևյալ կերպ. «Սավառնող թռչունի պես Տերը պաշտպանելու և տիրելու է Երուսաղեմին»։ Այս պատկերը փոխ է առնվել այն թռչնի կերպարից, որը ճախրում է իր բնի վրայով՝ պաշտպանելու այնտեղ մնացած իր ձագերին, որոնց վտանգ է սպառնում։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինչպէս որ առիւծը եւ առիւծի կորիւնը մռնչում են դէպի այն որսը, որի վրայ են յարձակւում, այնպէս էլ ինքը պիտի բացականչի, լեռները լցնի իր ձայնով, եւ նրանք պարտութեան պիտի մատնուեն, նրա բարկութեան սաստկութիւնից պիտի հալուեն. այդպէս է իջնելու Զօրութիւնների Տէրը Սիոն լերան եւ նրա բլուրների վրայ»:
(Արարատ թարգ․) քանզի Տերն այսպես ասաց ինձ. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, և նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։
(Գրաբար) Զի այսպէս ասաց ցիս Տէր. թէ զոր աւրինակ գոչեսցէ առեւծ` եւ կորիւն առիւծու յորս յոր հասանիցէ, կաւշեսցէ ի վերայ` եւ լցցէ զլերինս բարբառով իւրով. եւ ի պարտութիւն մատնեսցին, եւ ի սաստկութենէ սրտմտութեան նորա հալեսցին: Այնպէս իջցէ Տէր զաւրութեանց ի լեառն Սիովն, եւ ի վերայ լերանց դորա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: