Թվոց գրքի մեկնություն 5։1

Ա․ Լոպուխին

1-3․ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. [1]  «Հրամայի՛ր իսրայելացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր դիակի ձեռք տալով պիղծ են դարձել, տղամարդ թե կին՝ բանակատեղիից արձակեցե՛ք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ Ես եմ բնակվում»։ (Սինոդական թարգ․)
   
   Ներքին մաքրության պահպանման մասին հոգ տանելով հանդերձ՝ ընտրյալ ժողովրդի ներկայացուցիչները պետք է պահպանեին նաև արտաքին մաքրությունը՝ որպես հոգու մաքրության խորհրդանիշ և դրսևորում: Լինելով վերջինիս խորհրդանիշը՝ ֆիզիկական մաքրությունը շատ անկատարների համար կարող էր խթան դառնալ։ Մարմնի մաքրությունը կարող՛ էր հանգեցնել բարոյական մաքրության: «Փոքրի մեջ սովորում ենք մեծագույնը,— նկատում է Թ. Կյուրացին:— Եթե հանգուցյալին դիպչողը պիղծ է, ապա որքան ավելի անմաքուր է մահվան պատճառ դարձողը։ Եթե ​​բորոտը անմաքուր է, ապա ավելի անմաքուր է նա, ով տարբեր արատների է անձնատուր լինում: Սերմի ծորում ունեցողը մեղադրվում է շնության մեջ, քանի որ այդ երևույթը պիղծ է նույնիսկ այն դեպքում, երբ տեղի է ունենում ակամա, ապա որքան ևս առավել զազրելի է դրա միտումնավոր կատարումը»: (տե՛ս Եփրեմ Ասորու քարոզը՝ նվիրված Թվեր գրքի 5−րդ գլխի մեկնությանը):

   Տվյալ բացատրության հետ միասին, իհարկե, նկատի են առնվում նաև հիգիենիկ բնույթ ունեցող դրդապատճառները: Հրեայի ֆիզիկական անմաքրությունը, որը նրան պիղծ էր դարձնում Աստծո և մարդկանց առաջ, մասմաբ կախված էր լինում նրա մարմնի վիճակից (որոշ հիվանդություններից և ֆիզիոլոգիական գործընթացներից), մասամբ էլ՝ արտաքին անմաքուր առարկաների հետ շփումից:

   Ֆիզիկապես անմաքուրները վռնդվում էին բանակատեղիից։ Բորոտները հիվանդության ողջ ընթացքում, իսկ մյուսները՝ մաքրագործման համար օրենքով սահմանված որոշակի ժամկետով: Մաքրագործման ծեսը մի դեպքում բաղկացած էր հասարակ լվացումից (Ղևտ. 11:28, 32, 40), այլ դեպքերում՝ սուրբ ջուր շաղ տալուց (Թվ. 19:11-12,16-18 ), իսկ երբեմն՝ զոհ մատուցելուց (Ղևտ. 14):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.