Սրբ․ Գրիգոր Տաթևացի
նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. հաց պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա:
Նա բնակվելու է հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ։
Այս խոսքը պետք է երեք կերպ հասկանալ: Նախ՝ խոսում է գերությունից դարձի վերաբերյալ: «Հաստատուն ապառաժը» Երուսաղեմն է, որ հեռվից տեսան, և ամենքը պիտի գան ու բնակվեն այնտեղ:
Երկրորդ՝ սա պատշաճում է Եզեկիային, որովհետև նա Աստծո առջև քայլեց արդարությամբ ու հաստատապես բնակվեց երկնքի արքայության բարձունքներում: Այնտեղ նաև նրա ջրհորը առատ բխեց ու փառքով երևաց այլազգիներին ոչնչացնելուց և արեգակի ընթացքը դադարեցնելուց հետո, այնժամ, երբ առողջացավ (Բ Թագ․ 18-20, Մնաց. 29-32, Ես․ 36-38):
Երրորդ՝ ճշմարտապես [վերաբերում] է մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու Նրա հավատացյալներին, որոնք բոլոր զգայարանների սրբությամբ ու հավատով բնակվեցին հաստատուն վիմաժայռի՝ Քրիստոսի վրա: Նա Ինքն է երկնքից իջած կենաց հացը, որ մեզ բաշխվեց առաքյալների միջոցով, և ջուրը, որ Նրա վարդապետության ուսմունքն ու ավազանի սուրբ ջուրը, որ բխում է անփոփոխ և հաստատուն ապառաժից:
Ա. Լոպուխին
16-19․ Նա բարձունքներում պիտի բնակվի, նրա ապաստանը անառիկ ժայռերը պիտի լինեն. նրան հաց պիտի տրվի, նրա ջուրը չի սպառվի։ [16] Քո աչքերը տեսնելու են Թագավորին Իր գեղեցկության մեջ, տեսնելու են հեռավոր երկիրը։ Քո սիրտը միայն սարսափների մասին է խորհրդածելու․ «Որտե՞ղ է գրառում կատարողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ զննողը։ Դու այլևս չես տեսնելու այն վայրագ ժողովրդին՝ խուլ, անհասկանալի խոսվածք ունեցող, տարօրինակ և անհասկանալի լեզվով խոսող այդ ժողովրդին։ (Սինոդական թարգ․)
«Բարձունքներում պիտի բնակվի», ասել է թե՝ որպես իր բնակության վայր պիտի ունենա անմատչելի ժայռերը։
«Հացն ու ջուրը․․․» - կյանքն ապահովելու անհրաժեշտ միջոցներն են։
«Քո աչքերը» - մարգարեն դիմում է Երուսաղեմի բնակիչներին, որոնք պիտի ապրեն մինչև ասորեստանցիների արշավանքից ազատագրվելու ժամանակը։
«Թագավորին» - հավանաբար նկատի ունի Մեսիային։ Չէ՞ որ խոսքը մի Թագավորի մասին է, Որին տեսնելու են արդարները։ (Տե՛ս նախորդ համարի մեկնությունը)։
«Իր գեղեցկության մեջ»։ Այստեղ ակնարկ կա քուրձի մասին, որը մի ժամանակ՝ իր պետականությանը պատուհասած տխրահռչակ իրադարձությունների ժամանակ կրում էր Եզեկիա թագավորը (Ես. 37:1): Այդ քուրձի փոխարեն թագավորը նորից պիտի ցուցադրի իր գեղեցիկ հագուստները։
«Հեռավոր երկիրը», ավելի ճշգրիտ՝ «դեպի հեռուներ ձգվող երկիրը»։ Այստեղ կա ակնարկ այն մասին, որ ասորեստանցիների հեռացումով պայմանավորված՝ Հուդայական թագավորությունը տիրանալու է նաև Իսրայելական ողջ թագավորությանը։ Ըստ երևույթին այստեղ «հեռավոր երկրի» մասին խոսելիս նկատի է առնվում նոր Երուսաղեմը։
«Քո սիրտը», այսինքն՝ հենց դու։
«Գրառում կատարողն» ասորեստանյան վերնախավի անդամն է, որը հաշվում է ասորեստանյան արքայի գանձարան մուտք գործող հարկերը։
«Կշռողը». այդ ժամանակահատվածում գումարային միավորներ դեռևս չկային, ուստի և արծաթը կամ ոսկին, որոնցով վճարում էին տուրքը, անհապաղ պետք է կշռվեին։
«Աշտարակներ զննողն» ասորեստանյան զորքի մի զորահրամանատար էր, որը փնտրում էր, թե որտեղ առավել հարմար կլինի տեղակայել ասորեստանյան կայազորը։
«Տարօրինակ և անհասկանալի լեզվով խոսող»։ Հուդայի երկրի հասարակ ժողովուրդը, իհարկե, չէր կարող հասկանալ ասորերենը (հմմտ. Ես. 28:11), առավել ևս որ ասորեստանյան արքայի բանակում կային բազմաթիվ ազգեր, որոնք սեմական ծագում չունեին։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. հաց պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա:
(Արարատ թարգ․) ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։
(Գրաբար) Նա բնակեսցէ ի բարձր այրի վիմի հաստատնոյ. հաց տացի նմա` եւ ջուր նորա հաւատարիմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: