Ա. Լոպուխին
1-22. Եվ Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։ [1] Եվ Ասորեստանի թագավորը Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ, և նա կանգ առավ կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերին ավազանի ջրմուղի մոտ։ Եվ նրա մոտ գնացին Քեղկիայի որդի Եղիակիմը՝ պալատի վերակացուն, Սեբնա գրագիրը և ատենադպիր Հովաքը՝ Ասափի որդին։ Եվ Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի արքան. «Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես»»։ Ես կարծում եմ, որ դրանք դատարկ խոսքեր են միայն, մինչդեռ պատերազմի համար խորհուրդ և զորություն է պետք. Հիմա դու ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ես դուրս եկել։ Ահա՛, դու մտածում ես ապավինել Եգիպտոսին՝ այդ ջարդված եղեգե ցուպին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար»։ Բայց եթե ինձ ասես՝ «մենք Տիրոջը՝ մեր Աստծուն ենք ապավինել», ապա մի՞թե նա այն չէ, որի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց և ասաց Հուդայի երկրին ու Երուսաղեմին․ «Միայն այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք»։ Արդ, դաշի՛նք կնքիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ․ ես քեզ կտամ երկու հազար ձի․ դու կկարողանա՞ս դրանց վրա հեծյալներ դնել։ Եվ ինչպե՞ս ես դու ուզում ստիպել նահանջելու առաջնորդին՝ իմ տիրոջ ամենափոքր ծառաներից մեկին այն դեպքում, երբ դու մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում։ Եվ արդյո՞ք առանց Տիրոջ կամքի եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. «Գնա՛ այս երկրի դեմ և ավերի՛ր այն»։ Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Քո ծառաների հետ արամեերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։ Եվ Ռաբսակն ասաց. «Մի՞թե միայն քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, ու ոչ թե նաև պարսպի վրա նստած այս մարդկանց մոտ, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։ Եվ Ռաբսակը վեր կացավ և բարձր ձայնով հրեաների լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։ Այսպես է ասում թագավորը. «Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող փրկել ձեզ։ Եվ թող Եզեկիան ձեր վստահությունը Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով. «Տերը մեզ կփրկի, այս քաղաքը չի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը»։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև այսպես է ասում Ասորեստանի թագավորը. «Հաշտվե՛ք ինձ հետ և հանձնվե՛ք ինձ, և թող ամեն մարդ իր որթատունկի ու իր թզենու պտուղներն ուտի, և թող ամեն մարդ իր ջրհորից ջուր խմի։ Մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի նման մի երկիր՝ հացի ու գինու երկիր, պտուղների ու խաղողի այգիների երկիր։ Այդպիսով Եզեկիան թող չհրապուրի ձեզ՝ ասելով. «Տերը կփրկի մեզ»։ Մի՞թե Ասորեստանի թագավորի ձեռքից ժողովուրդների աստվածները փրկեցին յուրաքանչյուրն իր երկիրը։ Որտե՞ղ են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե նրանք Սամարիան ազատեցին իմ ձեռքից։ Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իր երկիրն ազատել իմ ձեռքից։ Ուրեմն մի՞թե Տերը պիտի կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից»»։ Սակայն նրանք լռեցին և ոչ մի բառ չպատասխանեցին նրան, որովհետև թագավորից հրաման էր եկել․ «Չպատասխանե՛ք նրան»։ Եվ Քեղկիայի որդի Եղիակիմը՝ պալատի վերակացուն, Սեբնա գրագիրը և ատենադպիր Հովաքը՝ Ասափի որդին, պատառոտված հագուստներով եկան Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։ (Սինոդական թարգ․)
Եսայի 36:1-22-րդ հատվածի մեկնությունը տե՛ս «Սուրբգրային մեկնություն», հատոր 2, Դ Թագ. 18։13 – 20:19-րդ գլուխների մեկնության հատվածում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց:
(Արարատ թարգ․) Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
(Գրաբար) Եւ եղեւ ի չորեքտասաներորդի ամի թագաւորութեանն Եզեկիայ, ել Սենեքերիմ արքայ Ասորեստանեայց ի վերայ ամուր քաղաքաց Հրէաստանի, եւ առ զնոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: