Եսայու մարգարեության մեկնություն 40:20

Ա․ Լոպուխին

Իսկ ով աղքատ է նման ընծա մատուցելու համար, մի անփուտ փայտ է ընտրում և իր համար մի ճարտար արհեստավոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք պատրաստի։ [20] (Սինոդական թարգ․)
   
     «Իսկ ով աղքատ է նման ընծա մատուցելու համար, մի անփուտ փայտ է ընտրում»։ «Աղքատ» և «մատուցելու» խոսքերը բացակայում են Յոթանասնից և սլավոնական բնագրերում։ Ոմանք ընդհանրապես հերքում են այս բառերից երկրորդը (Dillmann), իսկ ոմանք կարծում են, որ այստեղ սխալ կա, և «մատուցել» բառի փոխարեն պետք է լինի «զոհ» բառը (Duhm), մյուսները «փայտյա ընծաներ» ասելով ենթադրում են հատուկ փայտե հենակ կամ երկաթյա կուռքի համար նախատեսված պատվանդան (Condamin): Սակայն լավագույն և ամենաարժեքավոր բացատրությունը նրա՛նց ենթադրությունն է, ովքեր «մատուցել» բառի տակ տեսնում են հնամենի տաճարային քրմերի գործնական ցուցումը, որով նրանք իրենց համար տաճարային պաշտելի աստվածությունների պատկերներ էին պահանջում։ Այդպիսի պատկերները, հատկապես եթե դրանք ձուլված էին թանկարժեք մետաղներից, արծաթասեր քրմերի համար եկամտի կարևորագույն աղբյուր էին դառնում (հմմտ. Գործք. 19:24-27):

   Այս ենթադրության ճշմարտացիությունը հաստատվում է նաև Ասորեստանի, Փյունիկիայի, Հունաստանի և Կրետեի հնագույն տաճարների վայրերում կատարված պեղումներով։ Մասնավորապես Կրետեի հնագույն տաճարի փլատակներում հայտնաբերվում են փոքր արձանիկների ամբողջական կույտեր (Վլաստով)։

   «Անփուտ փայտ․․․», եբրայեցերեն՝ «amsuhan», որ Ցիմմերնը նույնացնում է ասորեստանյան «musukkanu»-ի հետ, որն էլ իր հերթին պալմայի հատուկ տեսակ է հանդիսանում։ Կուռքերի նյութի, ձևի և հարդարանքի մասին այս բոլոր ցուցումներն ունեն իրենց կրոնապատմական շերտերը։ Հրեա ժողովրդի համար, որը, ինչպես հայտնի է, անընդհատ ձգտում էր կռապաշտության, որը ցավալիորեն դրսևորվում էր նույնիսկ հենց Եսայի մարգարեի ապրած ժամանակահատվածում (Դ Թագ. 21:1-9, Բ Մնաց. 33:1-10), այդ հրեա ժողովրդի համար նմանատիպ մեղադրական հեգնանքը ստանում է  խորը բարոյական-գործնական նշանակություն։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի:
(Արարատ թարգ․) Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։
(Գրաբար) Զփայտ անփուտ ընտրեաց հեւսն, եւ իմաստութեամբ հնարս խնդրէ զիա՞րդ կանգնեսցէ զնա զի մի շարժեսցի: