Եսայու մարգարեության մեկնություն 41:23

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք՝ բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ ո՛րտեղից էք դուք, եւ ո՛րտեղից է գալիս ձեր արածը,
   
   Ասացե՛ք, թե վերջում ինչ է լինելու, թե աստվածներ եք՝ բարին կամ չարը կատարեցեք։
   Միայն Աստծուն է հատուկ լինելիք բաները խոսել ու անել, այսինքն՝ պարգևներ ու պատիժներ տալ, որովհետև Աստված չար բաներ չի անում, այլ Նրա արդար հատուցումն է մեզ չար թվում: Բայց եթե մեկը հիմար մտքով հարցնի, թե ինչո՞ւ է մարգարեների ազդու, բարի և չար գործեր կատարելու ունակ զորությունը թողած՝ անմռունչ պատկերների հետ այսքան ճարտարաբանում: Սրան երկու կերպ է պատախանում սուրբ Հովհան Ոսկեբերանը. նախ այսպես. քանի որ նախնիները լոկ պատկերներ ստեղծեցին ու նրանց պաշտեցին իբրև աստվածների, (ինչը կշտամբում է մարգարեն), և հետագայում էլ նրանց ներգործությունները և պատասխանները, հնարամիտ նենգափոխումների ենթարկվելով, ներթափանցեցին մարդկանց մեջ:
   Երկրորդ պատասխանն էլ այս է. թեկուզ նրանց դևերը մտնեին իսկ պատկերների մեջ, չէին կարող իմանալ՝ ինչ է առաջիկայում [լինելիքը] ու չէին կարող բարին կամ չարը կատարել: Եվ սա հայտնի է հրեաներից, որոնք թողեցին ճշմարիտ Աստծուն և «դևերին երկրպագեցին՝ զոհելով որդիներին ու դստրերին» (Սաղմ. 105։37), ու չկարողացան մի բանով օգնել նրանց: Այլև Քրիստոսի մարդեղության ժամանակն էլ չկարողացան իմանալ, իսկ եթե իմանային՝ Խաչի միջոցով խորտակումը չէր պատուհասի նրանց՝ Հուդայի բնակիչներին: Այլև հրեաները չէին մարտնչի սրբերի դեմ, եթե իմանային, թե պարտվելու են: Եվ եթե այդ «աստվածները» երբեմն-երբեմն չար բաներ են անում, ինչպես Հոբի խոզերի ու խաշների պարագայում, սա Աստծո հանդուրժելու պատճառով է լինում, որովհետև Աստված հանդուրժում է, երբ մարդիկ մարդկանց չարություն են անում: Եվեթե երազով կամ հմայողների ձեռքով պատասխան են ստանում լինելիքների մասին, սա ևս Աստծո հանդուրժելով է լինում՝ մարդկանց խնամք տանելու [նպատակով]: Ըստ այդմ նաև մարդկանցից ճարտարները սրատես մտքով տեսնում են ապագան և աստղերի շարժումով կանխասում են լինելիքները:
   

Ա. Լոպուխին

«Ասացե՛ք, թե ինչ է լինելու ապագայում, ու մենք կգիտենանք, որ դուք աստվածներ եք, կամ էլ ինչ-որ մի բան արեք՝ բարի կամ չար, որպեսզի մենք զարմանանք ու ձեզ հետ միասին տեսնենք»: [23] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 41:22
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք՝ բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ ո՛րտեղից էք դուք, եւ ո՛րտեղից է գալիս ձեր արածը,
(Արարատ թարգ․) Իմացրե՛ք մեզ գալիք բաները, և մենք էլ կգիտենանք, թե դուք աստվածներ եք։ Որևէ բարի կամ որևէ չար բա՛ն արեք, որպեսզի միասին վախենանք ու տեսնենք միասին։
(Գրաբար) Ասացէք մեզ. պատմեցէք մեզ որ ինչ ի վախճանի լինիցի, եւ գիտասցուք. եթէ աստուածք իցէք` բարի արարէք, չար արարէք. զի տեսցուք միանգամայն եւ զարմասցուք` թէ ուստի իցէք դուք,