Ա. Լոպուխին
«Բայց հանկարծ մեկ օրվա մեջ քեզ վրա են հասնելու այդ երկու աղետներն էլ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութանքներին և քո կախարդությունների մեծ զորությանը»: [9] (Սինոդական թարգ․)
«Բայց հանկարծ մեկ օրվա մեջ քեզ վրա են հասնելու այդ երկու աղետներն էլ՝ զավակների կորուստն ու այրիությունը․․․» - Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը նմանատիպ գույներով, առհասարակ, պատկերում է նաև յուրաքանչյուր այլ ժողովրդի և պետության կործանումը (Երեմ. 1:10-15, 51:36-43 և այլ տեղիներ): Երեխաներին սիրող Իսրայելի համար, ակնհայտորեն, ավելի մեծ վիշտ չկար, քան վշտալի այրիությունն ու զավակների կորուստը կամ էլ, ընդհանրապես, հարկադրված անզավակությունը: Ահա թե ինչու են այս պատկերները հանդիսանում անդառնալի հուսահատության ու վշտի ամենավառ խորհրդանիշները։
«Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին․․․» - Այս խոսքերը, որոնք ինքնին միանգամայն հասկանալի են, խիստ առարկություններ են առաջացնում իրենց պատմական հավաստիության տեսանկյունից։ Չէ՞ որ հայտնի իրողություն է, որ Կյուրոսը բացարձակապես առանց արյունահեղության նվաճեց Բաբելոնը և բաբելոնացիների գերությունն էլ կազմակերպեց բարձր աստիճանի հասնող մեծահոգությամբ ու մարդասիրությամբ։ Այդ դեպքում ի՞նչ են նշանակում մարգարեի խոսքերը պատժի՝ «իր ամբողջ խստությամբ» պատուհասելու մասին։ Այդ խոսքերը նշանակում են, որ մարգարեն ո՛չ թե ստուգապես է գրի առել Բաբելոնի ապագայի մասին պատմությունը, այլ մարգարեացել է նրա ամենահավանական, կանխատեսելի ճակատագրի մասին։ Նրա ողջ մարգարեության մեջ ճշգրիտ և անտարակուսելի էր միայն մեկ իրողություն՝ Կյուրոսի կողմից Բաբելոնի գրավումը: Մնացած բոլոր մտքերը միայն արժանահավատ եզրակացություններ են, որոնք բխում են այդ անվիճելի փաստից։ Սակայն այս պարագայում վերոնշյալ եզրակացությունները մեծավ մասամբ կտրուկ շեղվեցին իրենց բնականոն ընթացքից, որի հետևանքով գրքի հեղինակը, ճիշտ է, «տանուլ տվեց» այս աննշան մանրամասնությունների մեջ, սակայն նրա մարգարեությունը մեծ հաղթանակի հասավ կարևորագույնի հարցում, քանի որ Եսային հստակ ապացույցներ է հաղորդում իր մարգարեության ճշմարտացիության մասին, մարգարեությո՛ւն, որ արձանագրվել է Բաբելոնի դեմ հարձակումից առաջ, այլ ոչ թե դրանից հետո, ինչպես պնդում է ժխտական քննադատությունը։
«Չնայած քո բազում դյութանքներին և քո կախարդությունների մեծ զորությանը․․․» - Հին Արևելքի բոլոր երկրներից Քաղդեան և Բաբելոնն էին մոգության և կախարդանքի հիմնականում կենտրոնները: Դասական գրողների (Դիոդորոս Սից., Հերոդոտոս) վկայություններից և ասորա-բաբելոնական տարածաշրջանում կատարված վերջին պեղումների տվյալներից մենք իմանում ենք, որ այնտեղ կիրառվել են մոգության հետևյալ երեք հիմնական եղանակները.
1․ Իրենց վրա սրբազան պատկերների կամ բառերի փորագրություններ պարունակող հատուկ խորհրդանիշների և թալիսմանների պատրաստում և կիրառություն։
2․ Չար դևերին քշելու նպատակով հատուկ հմայական բանաձևերի կազմում, ընթերցանություն և երգեցողություն։
3․ Այնպիսի առանձնահատուկ հորոսկոպների պատրաստում, որոնք գուշակում էին իրենց «տերերի» ճակատագրերը (Bawliason «Egipt and Babylon», p. 58; Lenormant «La Magie chez tes Chakteens»; Sayce «Transactions of Soctet. of Вibl. Archeol», vol. III, 145, IV, 302 - The pulp. Comm. 205).։ Այս համարում հիշատակվում են մոգության առաջին և երկրորդ եղանակները, իսկ երրորդ եղանակը հիշատակվում է 13-րդ համարում. «Հոգնել ես քո խորհուրդների բազմությունից…»։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Սակայն դրանք երկուսն էլ՝ որբեւայրութիւնն ու անզաւակութիւնը, մէկ օրուայ մէջ յանկարծակի քեզ վրայ են հասնելու, անսպասելի քեզ վրայ են գալու քո դիւթութիւնների, քո սաստկացող կախարդութիւնների պատճառով,
(Արարատ թարգ․) Բայց այս երկուսը քեզ վրա են հասնելու վայրկենապես, մեկ օրվա մեջ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութություններին և քո զորեղ կախարդություններին։
(Գրաբար) Եւ արդ հասցեն յանկարծակի ի վերայ քո երկոքեան սոքա ի միում աւուր. այրութիւն, եւ անզաւակութիւն. եկեսցէ յանկարծակի ի վերայ քո` վասն դիւթութեանցդ քոց, եւ վասն զաւրացեալ կախարդութեանցդ քոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: