Եսայու մարգարեության մեկնություն 48:1

Ա. Լոպուխին

1-2․ «Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից եք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով և խոստովանում Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ ու ո՛չ արդարությամբ»: [1] «Արդարև, նրանք իրենց համարում են սուրբ քաղաքի բնակիչներ և ապավինում են Իսրայելի Աստծուն, Որի անունը Զորությունների Տեր է»: (Սինոդական թարգ․)
   
   1-ից 8-րդ համարներում, Իսրայելին ուղղված կարևոր ուղերձից հետո, մարգարեն բացահայտում է իրեն տրված մարգարեությունների ամենաուղիղ նպատակը: Ըստ երևույթին, մարգարեի կանխատեսումները, որոնք «անապատում կանչողի ձայնն էին», լսելի չեղան խստապարանոց Իսրայելի ականջին և չհասան իրենց նպատակին։ Սակայն այս ամենի հետևանքով այդ մարգարեությունները, համաձայն մարգարեի տեսակետի, չկորցրին իրենց կարևորագույն նշանակությունը, և այդ կանխասացությունների կարևորությունն այստեղ այն եղավ, որ դրանք Իսրայելին զրկեցին ինքնաարդարացման բոլոր պատրվակներից (ինչպիսին կարող էր լինել, օրինակ, չիմացությամբ պատճառաբանելը) և Իսրայելին կատարելապես առանց արդարացման հնարավորության թողեցին Աստծո արդար դատաստանի առաջ:
    «Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից եք դուրս եկել, որ երդվում եք․․․և խոստովանում Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ ու ո՛չ արդարությամբ․․․Արդարև, նրանք իրենց համարում են սուրբ քաղաքի բնակիչներ․․․» - Սա Եսայի մարգարեի կողմից ընտրյալ ժողովրդի ներկայացուցիչներին ուղղված ամենաամբողջական և բազմազանություն պարունակող կոչն է։ Չնայած որ, ընդհանուր առմամբ, այդ կոչը վերաբերում է մեկ հավաքական կերպարի, այն է թե՝ Իսրայելին, սակայն հենց մակդիրների բազմազանությունը հնարավորություն է տալիս այս ուղերձի մեջ տարբերակել և մատնանշել իմաստային տարբեր երանգներ։
Այսպես, հենց առաջին՝ «Հակոբի տուն» արտահայտությունն անկասկած վերաբերում է հրեա ողջ ընտրյալ ժողովրդին՝ առանց նրա մեջ զանազանելու թագավորություններն ու ցեղային միավորումները (Ես. 40:27; 41:8, 14; 43:1, 22, 44։1 և այլ տեղիներ)։
   Հաջորդ երկու արտահայտությունները, ըստ երևույթին, միտումնավորաբար տարբերակում են «Իսրայել»-ը՝ «Հուդա»-յից: Եվ վերջապես, «Տիրոջ անունով երդվողների, սակայն միայն շուրթերով Նրան խոստովանողների» (հմմտ․ Մատթ․ 15․8) մատնանշումը, ինչպես նաև իրենց՝ սուրբ քաղաքից ստացած ծագումնաբանությամբ պարծեցողների հիշատակումը դարձյալ իրենից ներկայացնում է Աստծո ողջ ժողովրդի ընդհանուր բնութագիրը, սակայն ո՛չ թե, ինչպես նախկինում էր, արտաքին տեսանկյունից, այլ մյուս՝ ներքին՝ իսրայելական ժողովրդի բարոյական անկատարության դիտանկյունից (կեղծավորություն, սրբության ոտնահարում, ներքին ճշմարտության և արդարության բացակայություն):
   Չնայած որ «Հուդայի աղբյուրից» արտահայտության հեղինակությունը հաստատվում է համեմատաբար ավելի վաղ շրջանի հեղինակների կողմից (այն հանդիպում է դեռևս Հերոնիմոս Երանելու աշխատություններում), այնուամենայնիվ, նոր շրջանի մեկնաբանները, ոչ առանց հիմնավորումների, վիճարկում են այդ արտահայտության վավերականությունը՝ գտնելով, որ կառուցվածքով և արտասանությամբ իրար շատ նման երկու եբրայերեն բառերի շփոթ կա այստեղ՝ «ջուր» (memi) և «արգանդ, մեջք» (memhi), այնպես որ ավելի ճիշտ կլինի հետևյալ թարգմանությունը՝ «Հուդայի զարմից» (հմմտ․ Ծննդ. 15:4; 49:10 և այլ տեղիներ):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Լսեցէ՛ք այս, ո՛վ Յակոբի տուն, Իսրայէլի անունով կոչուածներդ եւ Յուդայի սերնդից ծնուածներդ, որ երդւում էք Իսրայէլի Աստծու անունով եւ յիշում նրան, բայց ո՛չ ճշմարտութեամբ, ո՛չ արդարութեամբ:
(Արարատ թարգ․) «Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից եք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով, հիշատակում եք Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։
(Գրաբար) Լուարուք զայս տունդ Յակովբայ` անուանեալդ յանուն Իսրայէլի. ծնեալդ ի զաւակէ Յուդայ, որ երդնուք յանուն Տեառն Աստուծոյ Իսրայէլի, որ յիշատակէքդ ոչ ճշմարտութեամբ` եւ ոչ արդարութեամբ: