Գիրք` 43. Մաղաքիա

Ներածութիւն

   
   Մաղաքիայի գիրքը գրվուել է 5-րդ դարի (ն․ Ք․) առաջին կէսին, Բաբելոնից հրեաների վերադառնալուց գրեթէ մէկ դար յետոյ։ Գերութիւնից վերադառնալուց յետոյ իսրայէլական համայնքը աստիճանաբար ընկել էր անտարբերութեան եւ յուսահատութեան մէջ։ Մաղաքիա մարգարէի քարոզութիւնից երեսուն կամ յիսուն տարի առաջ իսրայէլացիները, հետեւելով Անգէի եւ Զաքարիայի կոչերին, վերակառուցել էին Երուսաղէմի տաճարը 520-ից 515 թուականների ընթացքում։ Սակայն դրանից յետոյ, կառավարիչ Զորոբաբէլի իշխանութեան օրօք, նրանք կորցրին ազգային վերազարթօնքի յոյսը։ Եզրասի բարեփոխութիւնը (թերեւս շուրջ 440 թ․) տեղի չէր ունեցել դեռ։ Ժողովրդի ինչպէս կրօնական, այնպէս էլ բարոյական վիճակը վատթարացել էր․ պաշտամունքները անտեսւում էին, ընծայաբերումների առթիւ խաբում էին Աստծուն, քահանաները իրենց առաքելութեան բարձրութեան վրայ չէին կանգնած, եւ Աստծու կողմից ժողովրդին տրուած օրէնքները չէին յարգւում։ Մաղաքիա մարգարէի համար այս կացութիւնը առիթ է հանդիսանում յորդորելու քահանաներին եւ ժողովրդին, որ արմատապես փոխեն իրենց վարքը։ Նա յիշեցնում է նրանց Աստծու սէրը․ բայց նաեւ Նրա գալստեան եւ Նրա դատաստանի մօտալուտ լինելը։ Նա յայտնում է նրանց, որ Աստուած առաքելու է իր պատգամաբերներին եւ մի մարգարէի, ինչպիսին Եղիան է։