Թեսաղոնիկէն Մակեդոնիայի հռոմէական նահանգի մայրաքաղաքն էր՝ Յունաստանի հիւսիս-արեւելեան կողմում: Առաքելական իր երկրորդ ճանապարհորդութեան ընթացքում է, որ Պօղոս առաքեալը այցելեց այդ քաղաքը Փիլիպպէից հեռանալուց յետոյ: Նա այնտեղ հաստատեց քրիստոնէական մի համայնք, բայց երկար չկարողացավ մնալ հրէական գաղութի մի մասի հակառակութեան պատճառով: Ստիպուած լինելով թողնել Թեսաղոնիկէն՝ նա այնտեղից անցաւ Բերիա: Աւելի ուշ, երբ նա Կորնթոսում էր գտնւում, նրա գործակից Տիմոթէոսը միացաւ նրան եւ տեղեկութիւններ տուեց Թեսաղոնիկէի կացութեան մասին: Այն ժամանակ Պօղոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղուած իր առաջին թուղթը հէնց Կորնթոսից: Մասնագէտներն ընդհանրապէս ընդունում են, որ այս թուղթը Նոր կտակարանի հնագոյն գրվածքն է եւ այն տեղադրում են Քրիստոսից յետոյ 50-ական թուականների շուրջ:
Թեսաղոնիկեից ստացուած լուրերը ուրախացնում են առաքեալին: Նա գոհութիւն է յայտնում Աստծուն, որ թեսաղոնիկեցիները լաւ օրինակ են տալիս այդ շրջանում գտնուող միւս համայնքներին: Յիշեցնելով հանդերձ նրանց մէջ իր իսկ կատարած աշխատանքը՝ նա միաժամանակ ասում է, թէ ինչքա՜ն կը ցանկանար վերստին տեսնել նրանց: Նա նրանց թելադրում է ոչ միայն յարատեւել քրիստոնէական կեանքի մէջ, այլ նաեւ՝ առաջ ընթանալ: Միւս կողմից՝ նա պատասխանում է այն հարցերին, որոնք առաջադրւում են մեռելների յարութեան եւ Քրիստոսի փառաւոր գալստեան մասին: Նա աւարտում է իր թուղթը զանազան յանձնարարութիւններով եւ ողջոյններով:
Այս թուղթը կը լուսաբանի բոլոր նրանց, ում մտահոգում է ժամանակների վախճանի հեռանկարը: Արդարեւ, այն կը յիշեցնի յաւատացեալներին, որ էականը վկայելն է այն մասին, որ այժմ իրենք պատկանում են լոյսի աշխարհին, իսկ ինչ վերաբերում է ապագային, հարկաւոր է ոգեւորուել այն յոյսով, որ ժամանակը կը գայ (կարեւոր չէ թուականը), երբ իրենք կը լինեն «մշտապէս Տիրոջ հետ»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: